Հոդված 81. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը
Հոդված 81. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը
1. 2014 թվականի սեպտեմբերի 30-ից հետո գրանցված քաղաքացիական կացության ակտի մասին վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ ուղարկվում է քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին՝ դիմումն ընդունելու աշխատանքային օրը:
2. Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը գրանցված քաղաքացիական կացության ակտի մասին վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ ուղարկվում է քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին՝ դիմումն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
3. Վկայականի կրկնօրինակի վրա զետեղվում է «Կրկնօրինակ» դրոշմը:
4. Վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը տրամադրվում է գործակալության պետի էլեկտրոնային ստորագրությամբ և հաստատվում գործակալության էլեկտրոնային կնիքով, իսկ քաղաքացիական կացության ակտը դիվանագիտական ծառայության մարմնի կողմից գրանցված լինելու դեպքում՝ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի էլեկտրոնային ստորագրությամբ, և հաստատվում դիվանագիտական ծառայության մարմնի էլեկտրոնային կնիքով:
5. Վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներում կորստի դեպքում սույն օրենքով սահմանված անձի դիմումի հիման վրա այն կրկին ուղարկվում է www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքում վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը կրկին www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին ուղարկելու համար պետական տուրք կամ այլ գումար չի գանձվում:
7. Միասնական էլեկտրոնային գրանցամատյանում և փաստաթղթային արխիվում պահանջվող քաղաքացիական կացության ակտը չհայտնաբերվելու դեպքում www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է գործակալության պետի էլեկտրոնային ստորագրությամբ և գործակալության էլեկտրոնային կնիքով հաստատված՝ քաղաքացիական կացության ակտը չհայտնաբերելու մասին տեղեկանքը: Տվյալ դեպքում վկայականի կրկնօրինակի և տեղեկանքի տրամադրման համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված գանձված գումարը վերադարձման ենթակա չէ:
8. Քաղաքացիական կացության ակտի մասին վկայականի կրկնօրինակի և տեղեկանքի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում ամուսնության բացակայության մասին տեղեկանքի տրամադրման կարգը և ձևանմուշները հաստատում է նախարարը: