Հոդված 57. Անվան փոխման պետական վկայականը
Հոդված 57. Անվան փոխման պետական վկայականը
1. Անվան փոխման պետական վկայականը պարունակում է հետևյալ տեղեկությունները.
1) անունը փոխած անձի անունը, հայրանունը, ազգանունը (անվան փոխման պետական գրանցումից առաջ և հետո), սեռը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, ազգությունը՝ անվան փոխման ակտի գրանցմանը համապատասխան.
2) անվան փոխման ակտային գրանցման ժամանակը և համարը.
3) անվան փոխման պետական գրանցումը կատարող մարմնի անվանումը.
4) անվան փոխման վկայական տալու ժամանակը և տրամադրող մարմնի անվանումը:
2. Անվան փոխման պետական վկայականի թղթային կրիչը դիմումի հիման վրա տրամադրում է սպասարկման կենտրոնը:
3. Անվան փոխման մասին վկայականի հետ տրամադրվում են նաև անվան փոխման կապակցությամբ սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված, անձի այլ քաղաքացիական կացության ակտերում կատարված փոփոխությունների հիման վրա ձևավորված նոր վկայականները:
4. Օտարերկրյա պետության ՔԿԱԳ տարածքային մարմնի ուղարկած՝ անվան փոխման մասին վկայականն ստանալու դեպքում գործակալությունը այն երկու աշխատանքային օրվա ընթացքում փոստային ծառայության միջոցով ուղարկում է անձի դիմումում նշված հասցեով կամ տրամադրում է դիմողին՝ առձեռն: