Հոդված 11. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը
Հոդված 11. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ղեկավարում և վերահսկում է հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը և պատասխանատու է հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեության ապահովման համար:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝
1) սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից կոռուպցիոն գործերի բացահայտման և քննության պատշաճ կազմակերպման ուղեցույցները և ապահովում դրանց իրականացման նկատմամբ վերահսկողությունը.
2) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների միջև.
3) իր իրավասության սահմաններում ընդունում է ենթաօրենսդրական, ներքին և անհատական իրավական ակտեր, տալիս է հանձնարարականներ.
4) ներկայացնում է հակակոռուպցիոն կոմիտեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (այդ թվում՝ միջազգային) հետ հարաբերություններում.
5) հաստատում է հակակոռուպցիոն կոմիտեի կանոնադրությունը, կառուցվածքը, պաշտոնների անվանացանկը և հաստիքացուցակը.
6) կարգապահական խախտման փաստի առթիվ ծառայողական քննություն հարուցելու նպատակով միջնորդություն է ներկայացնում կարգապահական հանձնաժողով.
7) խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին, պարգևատրում է հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց.
8) հակակոռուպցիոն կոմիտեի խնդիրների իրականացման, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծում է խորհրդակցական մարմիններ՝ սահմանելով դրանց գործունեության կարգը.
9) քայլեր է ձեռնարկում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի և նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովման ուղղությամբ, այդ թվում՝ «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված կարգով.
10) սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաքինության ստուգման կարգը և պայմանները.
11) իրավասու է ներքին անվտանգության ստորաբաժանման միջոցով իրականացնելու հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաքինության ստուգում, այդ թվում՝ պրովոկացիայի եղանակներով: Առաքինության ստուգման գործընթացը չպետք է խոչընդոտի հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների բնականոն գործունեությունը.
12) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
3. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրա հանձնարարությամբ նրան փոխարինում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը, իսկ հանձնարարության բացակայության դեպքում՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի` առավել երկար մասնագիտական ստաժ ունեցող տեղակալը:
4. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին սույն օրենքով սահմանված կարգով նշանակում է Կառավարությունը՝ վեց տարի ժամկետով:
5. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում:
6. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենքով սահմանված պաշտոնավարման սահմանային տարիքը՝ անկախ վերանշանակման հանգամանքից:
(11-րդ հոդվածը խմբ. 26.06.23 ՀՕ-243-Ն)
(հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգավորումները գործում են 26.06.23 ՀՕ-243-Ն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` համաձայն նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի)
(26.06.23 ՀՕ-243-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)