Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-06-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 7.1 · (գլուխը լրաց. 14.11.23 ՀՕ-361-Ն)

Հոդված 45.3. Հատուկ միջոցների գործադրումը

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 45.3. Հատուկ միջոցների գործադրումը

1. Հատուկ միջոցները հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված և սույն օրենքով նախատեսված տեխնիկական միջոցները (սարքերը, սարքավորումները, առարկաները, նյութերը) կամ ծառայողական շներն են, որոնց հիմնական նշանակությունը մարդկանց նկատմամբ անմիջական ֆիզիկական կամ հոգեբանական կամ նյութական օբյեկտների նկատմամբ անմիջական ֆիզիկական ներգործությունն է: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը հանցագործությունների կանխման, խափանման, հայտնաբերման, բացահայտման կամ այլ գործառույթներ իրականացնելիս իրավունք ունի հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցներ գործադրելու`

1) քաղաքացիների և հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վրա կատարվող հարձակումը խափանելիս.

2) hակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին կամ կոռուպցիոն հանցագործությունների դեմ տարվող պայքարին աջակցող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում.

3) ենթադրյալ հանցանքի կատարման պահին բռնված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս.

4) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված դիմադրություն ցույց տալ.

5) կոռուպցիոն բնույթի ենթադրյալ հանցանք կատարած անձանց Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով հակակոռուպցիոն կոմիտե բերելիս կամ ձերբակալելիս, ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցելիս կամ նրանց պահելիս, երբ վերջիններիս վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք կարող են դիմել փախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին, դիմադրություն ցույց տալ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին կամ չենթարկվել նրա օրինական պահանջներին.

6) առևանգված, ապօրինաբար ազատությունից զրկված և բռնի կերպով պահվող անձանց ու զավթված բնակարանները, շինությունները, տարածքներն ու տրանսպորտային միջոցներն ազատելիս.

7) ավտոտրանսպորտային միջոցը կանգնեցնելիս, երբ վարորդն ակնհայտորեն չի ենթարկվում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պահանջին.

8) ենթադրյալ հանցանք կատարող կամ կատարած անձանց հայտնաբերելիս:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը, որպես հատուկ միջոց, կարող է գործադրել`

1) ռետինե մահակներ` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում.

2) արցունքաբեր, գրգռիչ գազ, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում.

3) ձեռնաշղթաներ` սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում.

4) ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում.

5) արգելքներ քանդելու միջոցներ` սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում.

6) մարդկանց և տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման (արգելափակման) միջոցներ` սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում.

7) էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ` սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում.

8) հատուկ ներկող նյութեր՝ սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված դեպքերում.

9) ծառայողական շներ` սույն հոդվածի 1-ին մասի 1-6-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում:

3. Հատուկ միջոցների բոլոր տեսակները կարող են գործադրվել նաև սույն օրենքի 45.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում:

4. Արգելվում է հատուկ միջոցներ գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձանց և անչափահասների (այդ թվում, եթե ծառայողին հայտնի է անձի հղի, հաշմանդամություն ունենալու կամ անչափահաս լինելու հանգամանքը) նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի), դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների տարածքներում (բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ միջոցները գործադրվում են դրանց լիազոր ներկայացուցիչների խնդրանքով), ինչպես նաև մարտավարատեխնիկական բնութագրերով պայթյունավտանգ հատուկ միջոցներ այն շենքերում (շինություններում), որտեղ արտադրվում կամ պահվում են դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր, բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ միջոցի չկիրառումը կարող է հանգեցնել մարդկային զոհերի:

5. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների կամ զենքի բացակայության դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի օգտագործելու իրեն հասանելի բոլոր հնարավոր միջոցները:

6. Արգելվում է հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ հատուկ միջոցների այնպիսի տեսակներ ընդգրկելը, որոնք, ըստ իրենց մարտավարատեխնիկական բնութագրերի, կարող են մարդու առողջությանը պատճառել ծանր վնաս կամ մարդու օրգանիզմում առաջացնել անդառնալի փոփոխություններ կամ մահ պատճառել կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր են: Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը՝ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած հատուկ միջոցների տեխնիկական կանոնակարգերի հիման վրա:

7. Հատուկ միջոցները հակակոռուպցիոն կոմիտեին հատկացնելու, ինչպես նաև հատուկ միջոցները պահպանելու և դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգերը սահմանում է Կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։