Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՀԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 50. Հայրության որոշման պետական գրանցումը երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող հոր և մոր համատեղ դիմումի հիման վրա

գործել է մինչև 2021-05-16Բացել ARLIS-ում

Հոդված 50. Հայրության որոշման պետական գրանցումը երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող հոր և մոր համատեղ դիմումի հիման վրա

1. Հայրության որոշման մասին երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող հոր և մոր համատեղ գրավոր դիմումը ներկայացվում է ՔԿԱԳ մարմին:

2. Հայրության որոշման համատեղ դիմումը կարող է տրվել երեխայի ծննդի պետական գրանցման ժամանակ կամ դրանից հետո:

3. Եթե հիմքեր կան ենթադրելու, որ երեխայի ծննդի պետական գրանցումից հետո հայրության որոշման համատեղ դիմում տալը կարող է անհնարին կամ դժվար լինել, երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող` երեխայի ապագա հայրն ու մայրը կարող են նման դիմում տալ մոր հղիության ընթացքում: Նման դիմումի առկայության դեպքում հայրության որոշման պետական գրանցումն իրականացվում է երեխայի ծննդի պետական գրանցման հետ միաժամանակ, եթե մինչև երեխայի ծննդի պետական գրանցումը հոր կամ մոր կողմից հետ չի վերցվել նախկինում տրված դիմումը, և նոր դիմում տալու անհրաժեշտություն չկա:

4. Հայրության որոշման պետական գրանցման համատեղ դիմումում պետք է հաստատվի երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից հայրության ճանաչման փաստը և հայրության որոշման մասին մոր համաձայնությունը: Այդ դիմումում պետք է նաև նշված լինեն հետևյալ տեղեկությունները.

ա) իրեն երեխայի հայր ճանաչող անձի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը (դիմողի ցանկությամբ), ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը.

բ) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, սեռը, ծննդյան վայրը և ժամանակը, ինչպես նաև նրա ծննդի ակտի գրառման տվյալները.

գ) երեխայի մոր անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը (դիմողի ցանկությամբ), ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը.

դ) ամուսնության ակտի գրառման տվյալները (երեխայի ծնվելուց հետո նրա մոր և հոր ամուսնության դեպքում).

ե) հայրության որոշումից հետո երեխայի անունը, հայրանունը, ազգանունը.

զ) երեխայի հոր և մոր անձը հաստատող փաստաթղթերի տվյալները:

Դիմողները ստորագրում են հայրության որոշման համատեղ դիմումը և նշում այն ներկայացնելու ժամանակը:

Մինչև երեխայի ծնունդը տրված նման դիմումում հաստատվում է ապագա երեխայի ծնողների համաձայնությունը նրան անուն (կախված ծնված երեխայի սեռից) և հոր կամ մոր ազգանունը տալու վերաբերյալ:

5. Երեխայի ծննդից հետո հայրության ճանաչման դեպքում հայրության որոշման համատեղ դիմումի հետ ներկայացվում է երեխայի ծննդյան վկայականը, իսկ մինչև երեխայի ծնունդը տրված նման դիմումի հետ՝ բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից տրված` մոր հղիությունը հաստատող փաստաթուղթը:

6. Եթե երեխայի հայրը կամ մայրը հնարավորություն չունեն անձամբ տալու սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը, ապա նրանց կամքի արտահայտությունը կարող է ձևակերպվել հայրության որոշման առանձին հայտարարություններով: Նման հայտարարության ստորագրությունը պետք է վավերացված լինի օրենքով սահմանված կարգով:

(50-րդ հոդվածը փոփ. 23.05.06 ՀՕ-64-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։