Հոդված 9. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակը
Հոդված 9. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակը
1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակը տրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միասնական էլեկտրոնային գրանցամատյանում գրառված ակտային գրանցումների հիման վրա այն մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ, որին վկայականի կրկնօրինակ ստանալու դիմում է ներկայացվել:
1.1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրման դիմում կարող է ներկայացվել սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված մարմիններ` անկախ քաղաքացիական կացության ակտի գրանցման կամ դիմողի մշտական բնակության վայրից:
2. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակը տրվում է՝
ա) այն անձին, որի վերաբերյալ կատարվել է տվյալ քաղաքացիական կացության ակտի գրառումը.
բ) մահացածի ազգականին կամ շահագրգիռ անձին` մահվան ակտի գրառման վերաբերյալ.
գ) ծնողներին (օրինական ներկայացուցիչներին) կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչին, եթե անձը, որի վերաբերյալ կատարվել է քաղաքացիական կացության ակտի գրառումը, վկայականի կրկնօրինակի տրման օրը անգործունակ է.
դ) այլ անձի, եթե նա քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակ ստանալու իրավունք ունեցող անձի կողմից ներկայացնում է սահմանված կարգով տրված լիազորագիր:
3. Կրկնօրինակ չի տրվում՝
ա) երեխայի ծննդյան վկայականի` այն ծնողներին, որոնք այդ երեխայի նկատմամբ զրկված են ծնողական իրավունքներից կամ սահմանափակված են նրանց ծնողական իրավունքները.
բ) ամուսնության վկայականի` այն անձանց, որոնց ամուսնությունը դադարել է կամ անվավեր է ճանաչվել:
Վերոհիշյալ անձանց դիմումով նրանց տրվում է երեխայի ծնունդը կամ ամուսնության պետական գրանցումը հաստատող փաստաթուղթ:
Վկայականների կրկնօրինակներ չեն տրամադրվում դադարած ամուսնության և մահացածի վերաբերյալ (բացի մահվան գրանցումից), ինչպես նաև անվավեր ճանաչված քաղաքացիական կացության ակտային գրանցումներից: Շահագրգիռ անձանց դիմումով ՔԿԱԳ մարմինը տրամադրում է փաստաթուղթ, որով հաստատվում են քաղաքացիական կացության ակտերի գրանցումները:
4. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
(9-րդ հոդվածը խմբ. 19.05.09 ՀՕ-128-Ն., խմբ., լրաց. 09.07.19 ՀՕ-137-Ն)