Հոդված 22
Հոդված 22.
Ծննդի ակտի գրառման բովանդակությունը
1. Ծննդի ակտի գրառման մեջ լրացվում են հետևյալ տեղեկությունները.
ա) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծնողների փոխադարձ համաձայնությամբ և ցանկությամբ` նաև ազգությունը, սեռը, ծննդյան վայրը և ժամանակը.
բ) ծնված երեխաների քանակը (մեկ, երկու կամ ավելի կենդանածին կամ մեռելածին).
գ) նորածնի մոր որերորդ երեխան է.
դ) երեխայի ծննդի փաստը հաստատող փաստաթղթի տվյալները.
ե) ծնողների անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, աշխատանքի վայրը, զբաղմունքը և կրթությունը.
զ) հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք համարվող փաստաթղթի տվյալները.
է) դիմող անձի անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը կամ երեխայի ծննդի մասին հայտարարող մարմնի կամ կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը.
ը) դիմողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները.
թ) ծննդի ակտի գրառման ժամանակը, համարը և ծննդի պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).
ժ) տրված ծննդյան վկայականի սերիան և համարը.
ժա) երեխայի բնակության վայրը.
ժբ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:
2. Միաժամանակ երկու կամ ավելի երեխաների ծննդյան դեպքում երեխայի ծննդի պետական գրանցում կատարվում է յուրաքանչյուր երեխայի համար առանձին՝ նշելով նրանց ծննդյան հաջորդականությունը:
3. Մահացած ծնված երեխայի ծննդի ակտի գրառման մեջ նրա անվան մասին տեղեկություններ չեն լրացվում:
4. Ծննդի ակտային գրանցման մեջ որպես երեխայի ծննդյան վայր նշվում է երեխայի փաստացի ծննդյան վայրը կամ այն վայրը, որտեղ գտնվել է երեխան (մարզի, քաղաքային կամ գյուղական համայնքի անվանումը):
5. Եթե երեխան ծնվել է տրանսպորտային միջոցում` ուղերթի ընթացքում, ապա որպես երեխայի ծննդյան վայր նշվում է այն վայրը, որտեղով ծննդյան պահին տեղաշարժվում է այդ տրանսպորտային միջոցը, բացառությամբ օդային և ջրային տրանսպորտի համար օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
6. Անձի ծննդյան ակտային գրանցման մեջ լրացվում են կյանքի ընթացքում այդ անձի վերաբերյալ կատարված բոլոր քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերաբերյալ տեղեկությունները:
(22-րդ հոդվածը լրաց., փոփ. 23.05.06 ՀՕ-64-Ն, լրաց. 09.07.19 ՀՕ-137-Ն)