Հոդված 8
Հոդված 8.
Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը կամ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքը
(վերնագիրը խմբ. 09.07.19 ՀՕ-137-Ն)
1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքը քաղաքացիական կացության ակտային գրանցման հիման վրա և դրա վերաբերյալ տեղեկություններ պարունակող, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգում ինքնաշխատ պատրաստվող էլեկտրոնային փաստաթղթեր են, որոնք տրամադրվում են նաև փաստաթղթային կրիչով:
2. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքը տրամադրող մարմնի ղեկավարի ստորագրությամբ և այդ մարմնի կնիքով հաստատված ուղարկվում են քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին: Դիմողի պահանջով տրվում է էլեկտրոնային փաստաթղթի արտատպումը (պատճենը):
3. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքը ստորագրվում են քաղաքացիական կացության ակտը գրանցող կամ դրա մեջ ուղղում, փոփոխություն կամ լրացում կատարող, ինչպես նաև վկայական կամ տեղեկանք տրամադրող համապատասխան ՔԿԱԳ մարմնի ղեկավարի կողմից և հաստատվում ՔԿԱԳ մարմնի կնիքով:
4. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վկայականի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի վրա զետեղվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով գեներացվող համարանիշը և արագ արձագանքման ծածկագիրը:
5. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի իսկության ստուգումը կատարվում է սույն հոդվածի 4-րդ մասով ամրագրված համարանիշը մուտքագրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում կամ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցները` արագ արձագանքման ծածկագրի միջոցով:
6. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների ձևանմուշները, դրանց լրացման կարգը, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները, ինչպես նաև դրանց ոչնչացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
7. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի, վկայականի կրկնօրինակի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
(8-րդ հոդվածը փոփ. 25.05.11 ՀՕ-181-Ն, խմբ. 09.07.19 ՀՕ-137-Ն)