Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Հարցումները և պատասխանները

1. Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը դատապարտյալի կամ նրա օրինական ներկայացուցչի միջնորդության հիման վրա պատժի կատարումը փոխանցելու մասին հարցմամբ դիմում է մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմին:

Պատժի կատարումը փոխանցելու մասին հարցումը կարող է ներկայացվել ինչպես Պատիժը նշանակող պետությունից, այնպես էլ Պատիժը կատարող պետությունից:

2. Պատժի կատարումը փոխանցելու մասին հարցումը և դրա պատասխանը կազմվում են գրավոր և փոխանցվում իրավասու մարմինների միջոցով:

Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից սույն կոնվենցիայով նախատեսված պայմաններին համապատասխան փոխանցվող փաստաթղթերը լեգալիզացնելու կարիք չկա այն դեպքում, երբ դրանք հաստատված են հարցումն ուղարկած Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից:

Այդ փաստաթղթերը կարող են ուղարկվել ֆաքսով, էլեկտրոնային փոստով կամ կապի նմանատիպ այլ տեսակով` հնարավորինս սեղմ ժամկետում դրանց բնօրինակները պարտադիր ներկայացնելու պայմանով:

3. Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը, որին ուղարկվել է պատժի կատարումը փոխանցելու մասին հարցումը, հարցումն ուղարկած Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին հնարավորինս սեղմ ժամկետում ծանուցում է դրա վերաբերյալ ընդունված որոշման մասին` պատժի կատարման փոխանցումը մերժելու դեպքում նշելով պատճառները:

4. Պատիժը նշանակող պետության իրավասու մարմինը պատժի կատարումը փոխանցելու մասին միջնորդությունն ստանալիս Պատիժը կատարող պետության իրավասու մարմնին հասցեագրված հարցմանը կցում է`

ա) դատապարտյալի ինքնության մասին տեղեկություններ (ազգանուն, անուն, հայրանուն (առկայության դեպքում), ծննդյան ամսաթիվ և վայր, բնակության վայր և հնարավորության դեպքում՝ գրանցման հասցե).

բ) դատապարտյալի քաղաքացիության մասին վկայող փաստաթղթեր.

գ) դատարանի որոշման (դատավճռի) և վերադաս դատական մարմինների` գործով առկա որոշումների, դրանց օրինական ուժի մեջ մտնելու մասին փաստաթղթերի պատճեններ.

դ) ազատությունից զրկելու հետ չկապված պատժի` դատապարտյալի կրած մասի, կատարված քրեաիրավական բնույթի միջոցի և պատժի այն մասի վերաբերյալ փաստաթուղթ, որը ենթակա է հետագա կրման կամ կատարման, ինչպես նաև ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը կրելու և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցը կատարելու ժամանակահատվածում դատապարտյալի վարքագիծը բնութագրող փաստաթուղթ.

ե) լրացուցիչ պատժի կատարման մասին փաստաթուղթ, եթե այդպիսին նշանակվել է.

զ) քրեական օրենքի հոդվածների տեքստը, որի հիման վրա անձը դատապարտվել է, կամ նրա նկատմամբ սահմանվել է քրեաիրավական բնույթի միջոց.

է) պատժի կատարումը Պատիժը կատարող պետությանը փոխանցելու վերաբերյալ դատապարտյալի գրավոր համաձայնությունը.

ը) վնասի և դրա հատուցման վերաբերյալ տեղեկություններ.

թ) պատժի կատարումը Պատիժը կատարող պետությանը փոխանցելու իրավական հետևանքները և ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը կրելուց և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցը կատարելուց խուսափելու պատասխանատվությունը դատապարտյալին պարզաբանված լինելը հաստատող փաստաթուղթ:

5. Եթե պատժի կատարումը փոխանցելու մասին միջնորդությունը ներկայացվում է Պատիժը կատարող պետություն, ապա այդ պետության իրավասու մարմինը Պատիժը նշանակող պետության իրավասու մարմնին հասցեագրված հարցմանը կցում է սույն հոդվածի 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված փաստաթղթերը:

Այդ դեպքում Պատիժը նշանակող պետության իրավասու մարմինն այդ հարցմանն իր պատասխանին կցում է սույն հոդվածի 4-րդ կետի «գ»-«ը» ենթակետերում նշված փաստաթղթերը:

6. Պատժի կատարումը փոխանցելու վերաբերյալ Պատիժը կատարող պետության համաձայնության դեպքում նրա իրավասու մարմինն իր պատասխանին կցում է`

ա) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցը կատարելու համար դատապարտյալին ընդունելու վերաբերյալ գրավոր համաձայնություն.

բ) դատարանի որոշումը (դատավճիռը) ճանաչելու և կատարման համար ընդունելու մասին իրավասու մարմնի կամ դատարանի որոշման հաստատված պատճեն` սահմանելով պատժի կատարումը փոխանցելուց հետո դատապարտյալի կողմից ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը կրելու և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցը կատարելու ժամկետը և հնարավորության դեպքում՝ կարգն ու պայմանները.

գ) հաստատված քաղվածքներ իր օրենսդրության դրույթներից, որոնց հիման վրա դատապարտյալը կրելու է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը, կամ նրա նկատմամբ սահմանվելու է քրեաիրավական բնույթի միջոց.

դ) դատապարտյալի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ:

7. Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններն անհրաժեշտության դեպքում կարող են կատարել լրացուցիչ փաստաթղթերի կամ տեղեկությունների հարցում:

8. Պատիժը նշանակող պետության դատարանի կամ այլ իրավասու մարմնի կողմից պատժի կատարումը փոխանցելու վերաբերյալ համաձայնության (մերժման) մասին որոշում ընդունելու դեպքում Պատիժը նշանակող պետության իրավասու մարմինը հնարավորինս սեղմ ժամկետում Պատիժը կատարող պետության իրավասու մարմնին ծանուցում է պատժի կատարումը փոխանցելու համաձայնության կամ մերժման մասին` սույն կոնվենցիային համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։