Հոդված 67. ․ Օրենսգրքի 95-րդ հոդվածում՝
Հոդված 67․ Օրենսգրքի 95-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ընդունել սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված որոշումներից որևէ մեկը, ապա`
1) Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին որոշում ընդունվում է, եթե ընտրության արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկը սույն հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքով ստացել է սույն հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը.
2) Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին որոշում ընդունվում է, եթե ընտրություններին մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) ոչ մեկը սույն հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքով չի ստացել սույն հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը։»․
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 4 տոկոս, մինչև երեք կուսակցություններից կազմված կուսակցությունների դաշինքի դեպքում` 8 տոկոս, իսկ 4 և ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ։ Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 4 (8, 10) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել է 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են սույն օրենսգրքով սահմանված արգելապատնեշները հաղթահարած և օրենքով՝ կուսակցության և կուսակցությունների դաշինքի համար սահմանված արգելապատնեշին առավել մոտ թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները։
Եթե որևէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) քվեարկության արդյունքով չի ստացել կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի 2/3-ից ավելին, սակայն սույն հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքով կարող է ստանալ մանդատների ընդհանուր թվի 2/3-ից ավելին, ապա մանդատների բաշխմանը հաջորդաբար՝ ըստ ստացած կողմ քվեարկած քվեաթերթիկների քանակի մեծության, մասնակցում են բաշխման ենթակա մանդատների ընդհանուր թվի 2/3-ը գերազանցող մանդատների թվով կուսակցություններ (կուսակցությունների դաշինքներ), որոնք սույն հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքով ստացել են քվեարկության արդյունքով կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 2 տոկոսը։ Ըստ ստացած կողմ քվեարկած քվեաթերթիկների քանակի մեծության՝ յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) տրվում է մեկ մանդատ։ Եթե բաշխման ենթակա մանդատների թիվը գերազանցում է քվեարկության արդյունքով կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 2 տոկոսը ստացած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) թիվը, ապա, ըստ ստացած կողմ քվեարկած քվեաթերթիկների քանակի մեծության, մանդատների բաշխումը շարունակվում է մինչև բաշխման ենթակա մանդատները սպառվեն։»։