Հոդված 8.2. Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում ներկայացնելիս
Հոդված 8.2 Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում ներկայացնելիս
Ներկայացուցիչը՝
1) Հայաստանի Հանրապետության դեմ արբիտրաժային կամ վեճը դատարան հանձնելու վերաբերյալ ծանուցում ստանալու դեպքում ըստ անհրաժեշտության բանակցություններ է վարում կողմի հետ վեճն արտադատական կարգով լուծելու նպատակով.
2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ արբիտրաժային վեճերի շրջանակում մասնակցում է արբիտրաժային տրիբունալի կազմավորմանը՝ կիրառելի արբիտրաժային կանոնների համաձայն նշանակելով Հայաստանի Հանրապետության արբիտրին, բանակցելով կողմի հետ նախագահող արբիտրի նշանակման հարցի շուրջ և այլ անհրաժեշտ գործողություններ իրականացնելով.
3) Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված արբիտրաժային ծանուցման, դիմումի կամ դատական հայցի առնչությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը.
4) սեփական նախաձեռնությամբ կամ իրավասու մարմնի միջնորդության հիման վրա անհրաժեշտության դեպքում վարչապետի կամ իրավասու մարմինների հետ խորհրդակցելուց հետո օտարերկրյա դատարանների վարույթում գտնվող գործի քննությանը ներգրավվում է որպես երրորդ կողմ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը.
5) Կառավարության որոշման հիման վրա վեճը հանձնում է արբիտրաժային տրիբունալի կամ օտարերկրյա դատարանի քննությանը.
6) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային արբիտրաժում և օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննվող գործերով.
7) ըստ անհրաժեշտության՝ սահմանված կարգով բողոքարկում է օտարերկրյա դատարանների որոշումները (վճիռները).
8) ըստ անհրաժեշտության՝ արբիտրաժային որոշումը (վճիռը) չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացնում.
9) կազմակերպում է արբիտրաժային և օտարերկրյա դատարանների որոշումների (վճիռների) ճանաչումը և կատարումը: