Հոդված 10
Հոդված 10
Տարանցման եղանակները և աջակցությունը
1. Հետընդունման համաձայնագրի 14-րդ և 15-րդ հոդվածների համաձայն` Կողմերը համաձայն են տարանցման գործողությունների հետևյալ գործնական եղանակներին.
1) Տարանցման դիմումը պետք է ներկայացվի hարցում ստացող Կողմի իրավասու մարմնին ֆաքսի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով` պլանավորված տարանցումից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:
2) Հարցում ստացող Կողմի իրավասու մարմինը պետք է պատասխանի տարանցման դիմումն ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, ֆաքսի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ տեղեկացնելով տարանցմանը իր համաձայնության մասին և տարանցման նախատեսված ժամկետի, նշանակված սահմանային անցակետի, փոխադրման միջոցների և ուղեկցողների մասին:
3) Եթե Հարցում ուղարկող Կողմն անհրաժեշտ է համարում հայցել հարցում ստացող Կողմի իրավասու մարմնի աջակցությունը տարանցման կոնկրետ գործողության համար, այդ մասին նշվում է տարանցման դիմումի մեջ: Տարանցման դիմումի իր պատասխանի մեջ հարցում ստացող Կողմի իրավասու մարմինը նշում է, թե արդյո՞ք ի վիճակի է տրամադրելու հայցվող աջակցությունը:
4) Եթե հետընդունման ենթակա անձը տեղափոխվում է օդով և ուղեկցմամբ, ապա հարցում ստացող Կողմի իրավասու մարմինը կազմակերպում է հետընդունման ենթակա անձի պաշտպանությունն ու օդանավ նստեցնելը իր տարածքում` հնարավորության դեպքում տվյալ Կողմի աջակցությամբ:
2. Հարցում ուղարկող Կողմը պարտավորվում է հետ ընդունել հետընդունման ենթակա անձին առանց հետաձգման, եթե.
1) տարանցման համաձայնությունը մերժվել կամ չեղյալ է համարվել` Հետընդունման համաձայնագրի 14-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն,
2) հետընդունման ենթակա անձը տարանցման ընթացքում անօրինական կերպով մուտք է գործել հարցում ստացող Կողմի տարածք,
3) հետընդունման ենթակա անձի փոխադրումը դեպի տարանցման՝ այլ կամ նպատակակետ պետություն ձախողվել է, կամ
4) տարանցումը անհնար է որոշ այլ հիմքերով: