Հոդված 9
Հոդված 9
Ուղեկցմամբ փոխադրման պայմանները
Կողմերը համաձայն են իրենց տարածքներով ուղեկցմամբ փոխադրումների կամ տարանցման հետևյալ պայմաններին.
1. Ուղեկցողը պատասխանատու է հետընդունման ենթակա անձին ուղեկցելու և նրան նպատակակետ պետության իրավասու մարմնի ներկայացուցչին փոխանցելու համար:
2. Ուղեկցողն իր պարտականությունները կատարում է անզեն և քաղաքացիական հագուստով: Նա պետք է ունենա հետընդունման կամ տարանցման թույլտվությունը հաստատող փաստաթղթեր և պետք է ի վիճակի լինի ցանկացած ժամանակ հաստատելու իր ինքնությունը և պաշտոնական լիազորությունները:
3. Հարցում ստացող Կողմն ուղեկցողին նրա պարտականությունների կատարման ընթացքում ապահովում է այն նույն պաշտպանությամբ ու աջակցությամբ, որով ապահովում է իր պաշտոնյաներին, ովքեր լիազորված են նմանատիպ պարտականություններ կատարելու:
4. Ուղեկցողը բոլոր դեպքերում ենթարկվում է հարցում ստացող Կողմի օրենսդրությանը: Հետընդունման ենթակա անձի կամ տարանցման ժամանակ ուղեկցման ընթացքում ուղեկցողի իրավասությունը սահմանափակվում է ինքնապաշտպանությամբ: Հարցում ստացող Կողմի՝ անհրաժեշտ գործողություններ կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց անհասանելիության դեպքում կամ այդ պաշտոնյաներին անմիջական և լուրջ սպառնալիքի իրավիճակներում աջակցելու նպատակով ուղեկցողը կարող է ողջամիտ և համաչափ միջոցներ ձեռնարկել` կանխելու համար հետընդունման ենթակա անձի փախուստը, ինքն իրեն կամ ցանկացած երրորդ անձի վնասելը կամ գույքային վնաս հասցնելը:
5. Ուղեկցողը պատասխանատու է հետընդունման ենթակա անձի` վավեր ուղևորական փաստաթղթի և այլ պահանջվող վկայականների կամ տվյալների փոխադրման և դրանք նպատակակետ պետության իրավասու մարմնի ներկայացուցչին հանձնելու համար: Ուղեկցողը չի կարող հեռանալ փոխադրման պայմանավորված վայրից մինչև հետընդունման ենթակա անձին փոխանցելու ավարտը:
6. Հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմինները հավաստիանում են, որ ուղեկցողն ունի տարանցման և նպատակակետ պետության (պետությունների) մուտքի վիզաներ: