Հոդված 20. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 20. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
1. Ապահովագրողների համալրված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը չպետք է պակաս լինի հիսուն միլիոն դրամից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է մեծացնել այդ չափը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ, կամ մի քանի տարիների ծրագրով:
2. Իրենց ֆինանսական կայունությունը, վճարունակությունն ու իրացվելիությունն ապահովելու համար ապահովագրողները պարտավոր են պահպանել ապահովագրական ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները:
Այդ նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Ապահովագրողն իր վճարունակության ու իրացվելիության անհրաժեշտ մակարդակի խաթարման կամ ֆինանսական կայունության վտանգման դեպքում կարող է լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնել համապատասխան առողջացման ծրագիր, որի իրականացման ժամկետներն ու կարգը համաձայնեցվում են լիազորված պետական կառավարման մարմնի հետ և դիտվում որպես լիազորված պետական կառավարման մարմնի տված հանձնարարական:
Առողջացման ծրագրով կարող են նախատեսվել հետևյալ պայմանները`
ա) որոշակի ժամանակաշրջանում զարգացման ծրագրի իրագործում.
բ) խախտման վերացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում.
գ) շահաբաժինների վճարման կասեցում.
դ) ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվների սահմանում.
ե) ղեկավարների աշխատավարձի նվազեցում և նրանց տրվող պարգևավճարների դադարեցում.
զ) ակտիվային կամ պասսիվային առանձին գործառնությունների դադարեցում կամ ծավալային սահմանափակում.
է) գովազդի իրականացման սահմանափակում.
ը) այլ սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ են ապահովագրողի ֆինանսական վիճակի բարելավման և բնականոն գործունեության ապահովման համար: