Հոդված 8. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԸ
Հոդված 8. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԸ
1. Ապահովագրությունը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում են ապահովագրական ընկերությունները:
2. Ապահովագրողն իրավունք ունի`
ա) իրականացնել ֆինանսական գործունեության հետ կապված ցանկացած գործառնություններ և կնքել քաղաքացիական-իրավական ցանկացած գործարքներ, եթե դրանք անհրաժեշտ են և նպաստում են ապահովագրական գործունեության իրականացմանը և չեն վտանգում ապահովադիրների և ապահովագրված անձանց նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը, բացառությամբ բանկային, արտադրական և առևտրային գործունեությունների.
բ) հանդիսանալ արտադրական և առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների մասնակից` իր համալրված կանոնադրական կապիտալի գումարի 20 տոկոսը չգերազանցող չափով, եթե օրենսդրությամբ ավելի ցածր սահման նախատեսված չէ.
գ) ապահովագրական ռիսկի գնահատման նպատակով ուսումնասիրել ապահովագրության օբյեկտը, գույքի ապահովագրության պայմանագիր կնքելիս զննել ապահովադրի գույքը, անհրաժեշտության դեպքում նշանակել փորձաքննություն` դրա իրական արժեքը պարզելու նպատակով, իսկ անձնական ապահովագրության պայմանագիր կնքելիս կատարել ապահովագրված անձի բժշկական քննություն` նրա փաստացի առողջական վիճակը պարզելու համար.
դ) ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ստուգել ապահովագրված նյութական արժեքների պահպանման վիճակը և թերությունների հայտնաբերման դեպքում պահանջել դրանց վերացումը` սահմանելով հիմնավոր ժամկետներ.
ե) ոչ կյանքի ապահովագրության դեպքում զննել և ուսումնասիրել պատահարի հետևանքով վնասված գույքը, նշանակել փորձաքննություն` վնասի առաջացման պատճառների և հետևանքների բացահայտման ուղղությամբ.
զ) վերաապահովագրել ապահովագրական ռիսկերը ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
3. Ապահովագրողն ապահովագրության պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները վերաապահովագրելու դեպքում ամբողջ ծավալով մնում է պատասխանատու ապահովադրի նկատմամբ:
4. Համատեղ ապահովագրության դեպքում յուրաքանչյուր ապահովագրողի իրավունքները և պարտականությունները որոշող պայմանները պետք է ընդգրկվեն ապահովագրության պայմանագրի մեջ:
5. Ապահովագրողն առանց ապահովադրի համաձայնության չի կարող հրապարակել նրան առնչվող առևտրային կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները:
6. Իրենց կանոնադրական կապիտալում օտարերկրյա ներդրողների 49 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցող ապահովագրական կազմակերպությունները չեն կարող Հայաստանի Հանրապետությունում իրականացնել կյանքի ապահովագրություն, պարտադիր ապահովագրություն, պարտադիր պետական ապահովագրություն, ինչպես նաև պետական և տեղական կազմակերպությունների գույքային շահերի ապահովագրություն:
7. Ապահովագրողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազորված պետական կառավարման մարմին շարունակական ներկայացնել գործունեության երեք տարվա գործարար ծրագիր, որը պետք է բովանդակի հայտատուի կողմից իրականացվելիք ապահովագրության տեսակները և, ըստ յուրաքանչյուր տեսակի, ներառի`
ա) կանոնները.
բ) կնքվելիք պայմանագրերի թիվը.
գ) ապահովագրական գումարի չափը.
դ) ապահովագրական սակագները.
ե) ապահովագրավճարի չափը.
զ) միջնորդավճարների չափը.
է) չհատուցվող գումարի տեսակները և դրանց չափը.
ը) կառավարման (գործավարման) ծախսերի մեծությունը.
թ) ապահովագրական պահուստները, նրանց տեղաբաշխման ուղղությունները.
ժ) եթե նախատեսվում է վերաապահովագրություն` դրանց ծավալները և համապատասխան կնքված պայմանագրերը.
ժա) վճարվելիք հատուցումների ծավալը.
ժբ) շահույթը (վնասը):
Գործարար ծրագրում նախատեսված ցուցանիշները պետք է լինեն հիմնավորված համապատասխան հաշվարկներով, որոնք պետք է իրականացված լինեն օրենսդրության պահանջներին համապատասխան:
8. Ապահովագրողը պարտավոր է պահպանել իր գործունեության իրականացման ժամանակ ապահովագրության ոլորտը կարգավորող` օրենսդրությամբ սահմանված ապահովագրական գործունեության իրականացման պարտադիր պահանջները կամ պայմանները:
9. Ապահովագրողն ունի օրենսդրությանը չհակասող այլ իրավունքներ: