Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-07-31-ից մինչև 2005-03-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 27. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2005-03-22Բացել ARLIS-ում

Հոդված 27. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

1. Սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության պարտադիր ապահովագրության բոլոր տեսակների վերաբերյալ օրենքների, Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական գործունեությունը կարգավորող այլ օրենքների և իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման, ինչպես նաև արդյունավետ, արդարացի, մրցունակ ու կայուն ապահովագրական շուկայի պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական գործունեության լիցենզավորումը, կարգավորումն ու վերահսկողությունը, ինչպես նաև ապահովագրության բնագավառում պետական քաղաքականության մշակումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (տեքստում` լիազորված պետական կառավարման մարմին):

Ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ վերահսկողության բացառիկ իրավունքը պատկանում է լիազորված պետական կառավարման մարմնին, որն այդ վերահսկողությունն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև լիազորված պետական կառավարման մարմնին է պատկանում ապահովագրական գործունեություն իրականացնողներից հաշվետվություններ պահանջելու և ստանալու բացառիկ իրավասությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

2. Լիազորված պետական կառավարման մարմինը`

ա) իրականացնում է վերահսկողություն ապահովագրական գործունեություն իրականացնողների նկատմամբ և ստուգումներ այդ կազմակերպություններում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և հաճախականությամբ, ապահովագրական գործունեություն իրականացնողները պարտավոր են ընդունել և աջակցել լիազորված պետական կառավարման մարմնի ծառայողներին, վերահսկողություն և ստուգումներ իրականացնելիս արգելվում է ծառայողների օրինական գործողություններին խոչընդոտելը կամ միջամտելը.

բ) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովագրական գործունեություն իրականացնողների կարգավորումը, լիցենզավորումը, ինչպես նաև լիցենզիաների միասնական գրանցամատյանի վարումը.

գ) ընդունում է անհատական և ներքին որոշումներ ու կարգադրություններ, այդ թվում` վերստուգվող անձանց ստուգումներ նշանակելու մասին որոշումներ, ինչպես նաև պարզաբանում է ապահովագրական գործունեությունը կարգավորող իրավական ակտերը.

դ) սույն օրենքով սահմանված` ապահովագրական գործունեություն իրականացնողների ղեկավարների, ինչպես նաև այլ մասնագետների մասնագիտական համապատասխանությունը պարզելու նպատակով իրականացնում է որակավորման քննություններ և տրամադրում որակավորման վկայականներ.

ե) իրականացնում է լիցենզավորում, կարգավորում և վերահսկողություն` պարտադիր ապահովագրության բոլոր տեսակների նկատմամբ.

զ) իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

3. Լիազորված պետական կառավարման մարմինն իրավասու է`

ա) ապահովագրական գործունեություն իրականացնողներից պահանջել և ստանալ սահմանված ձևերի հաշվետվություններ և օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր կամ տեղեկատվություն.

բ) ապահովագրական գործունեություն իրականացնողների կողմից օրենսդրության պահանջների կատարման և պահպանման, ներկայացվող հաշվետվությունների հավաստիության ապահովման և լիցենզավորման պայմաններով նախատեսված պահանջների կատարման ապահովման նպատակով օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ստուգումներ և հեռակա վերահսկողություն (այսուհետ` ստուգումներ), ինչպես նաև ապահովագրողների կողմից իրականացված ապահովագրական հատուցումների հավաստիության և ապահովադիրներին (ապահովագրված անձանց կամ շահառուներին) պատճառված վնասի չափին ապահովագրական հատուցման գումարի համարժեքության ստուգման նպատակով ապահովադիրների (ապահովագրված անձանց կամ շահառուների) մոտ իրականացնել ուսումնասիրություններ և կատարել հարցումներ.

գ) ապահովագրության մասին օրենսդրության պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում ապահովագրական գործունեություն իրականացնողների, ինչպես նաև նրանց համապատասխան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ.

դ) ապահովագրական գործունեություն իրականացնողների կողմից ապահովագրության օրենսդրության խախտումների դեպքում, ինչպես նաև պետության շահերի և իրավունքների պաշտպանության նպատակով համապատասխան հայց ներկայացնել դատարան.

ե) օրենսդրությամբ սահմանված կարգով չլիցենզավորված ապահովագրական գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման միջնորդագիր ներկայացնել իրավապահ և այլ լիազորված պետական կառավարման մարմիններ.

զ) ցանկացած պահի կատարել հարցումներ` ապահովագրական գործունեություն իրականացնողներից պահանջելով տեղեկությունների տրամադրում, եթե բավարար (ողջամիտ) հիմքեր կան ենթադրելու, որ ապահովադիրների կամ ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը կարող են վտանգվել.

է) ապահովագրական գործունեություն իրականացնողների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման հիմք հանդիսացող խախտումների բացահայտման դեպքում վերջիններից պահանջել այդ խախտումները վերացնելու վերաբերյալ համապատասխան ծրագիր` համաձայն սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի, և այդ ծրագրին հավանություն տալու դեպքում հնարավորություն տալ որոշակի ժամանակահատվածում վերացնելու խախտումները` այդ ընթացքում չդիմելով պատասխանատվության միջոցների կիրառման, կամ նվազեցնել նշանակված տույժի չափը, կամ հետաձգել տույժի գանձումը, կամ սահմանել տույժի գանձման ժամանակացույց, եթե տույժի գանձումը կարող է հանգեցնել ծանր ֆինանսական կացության.

ը) թույլատրել ապահովագրական գործունեություն իրականացնողներին իրականացնելու սույն օրենքով ուղղակիորեն չնախատեսված գործունեություն կամ գործառնություններ, եթե դրանք բխում են կամ սերտորեն կապված են ապահովագրական գործունեության կամ գործառնությունների հետ, և եթե դրանք թույլատրելը չի հակասում սույն օրենքի նպատակներին և չի վտանգում ապահովադիրների շահերը.

թ) օրենսդրության շրջանակներում ապահովագրական գործունեություն իրականացնողների նկատմամբ ձեռնարկել համապատասխան կարգավորող միջոցառումներ, եթե ընկերության որոշակի գործունեությունն ուղղակիորեն վնաս է հասցնում կամ կարող է հասցնել ապահովադիրներին (ապահովագրված անձանց կամ շահառուներին), ապահովագրական շուկային կամ պետությանը.

ժ) իրականացնել օրենսդրությամբ նախատեսված այլ գործողություններ և գործառույթներ:

4. Յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում, լիազորված պետական կառավարման մարմինը կազմում և հրապարակում է տարեկան հաշվետվություն, որը ներառում է լիազորված պետական կառավարման մարմնին հայտնի և օրենսդրության համաձայն առևտրային գաղտնիք չհամարվող վիճակագրական տվյալները, որոնք կնպաստեն ապահովագրական ոլորտի թափանցիկությանը և զարգացմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։