Հոդված 35. Արբիտրաժային տրիբունալի վճռի ճանաչումը և կատարումը
Հոդված 35. Արբիտրաժային տրիբունալի վճռի ճանաչումը և կատարումը
1. Արբիտրաժային տրիբունալի վճիռը, որը կայացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին Նյու Յորքի կոնվենցիայի անդամ որևէ այլ պետության տարածքում, պետք է ճանաչվի որպես պարտադիր և համապատասխան դատարանին գրավոր միջնորդելու դեպքում կատարվի սույն հոդվածին և 36-րդ հոդվածին համապատասխան:
2. Վճռի վրա հիմնվող կամ վճռի կատարման համար միջնորդող կողմը պետք է ներկայացնի վճռի պատշաճ ձևով վավերացված բնօրինակը կամ պատշաճ ձևով վավերացված պատճենը, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված արբիտրաժային համաձայնության բնօրինակը կամ դրա պատշաճ ձևով վավերացված պատճենը: Եթե վճիռը կամ համաձայնությունը շարադրված չէ հայերենով, ապա կողմը ներկայացնում է դրա պատշաճ ձևով վավերացված հայերեն թարգմանությունը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կայացված արբիտրաժային վճիռները փոխադարձության սկզբունքով ճանաչվում և ի կատար են ածվում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ սույն օրենքին, այլ իրավական ակտերին և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան: Ընդ որում, փոխադարձությունը համարվում է առկա, եթե այլ բան ապացուցված չէ:
4. Մշտապես գործող արբիտրաժային հաստատությունը էլեկտրոնային հաղորդագրության միջոցով արբիտրաժային տրիբունալի վճիռը հարկադիր կատարման համար ներկայացնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, եթե՝
1) արբիտրաժն իրականացվել է մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից, և
2) արբիտրաժի վայր է հանդիսացել Հայաստանի Հանրապետության տարածքը, և
3) արբիտրաժի կողմերը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք, և
4) արբիտրաժի վճռով բռնագանձման ենթակա գումարի չափը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը:
(35-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-584-Ն, խմբ. 03.05.23 ՀՕ-158-Ն)