Հոդված 43. Առանց խտրականության, անընդհատ ծառայություններ մատուցելը
Հոդված 43. Առանց խտրականության, անընդհատ ծառայություններ մատուցելը
1. Ծառայություններ մատուցողները, որպես կանոն, պարտավոր են ծառայությունները մատուցել հանրությանը ողջամիտ պահանջների հիման վրա: Ծառայություններ մատուցողն իրավասու է հրաժարվել հաճախորդներին մանրածախ ծառայություններ մատուցելուց, դադարեցնել կամ ընդհատել դրանց մատուցումը հաճախորդին սակագնի կամ վերջինիս հետ կնքված համաձայնագրի հիման վրա, եթե` 1) իր գործողությունները խտրականություն չեն առաջացնում նմանատիպ վիճակում գտնվող բաժանորդների միջև, և մերժման հիմքերը հստակորեն նախատեսված են սակագնով, իսկ ոչ գերիշխող ծառայություն մատուցողի դեպքում, որը չունի հաստատված սակագին՝ պայմանագրով.
2) վերջնական օգտագործողը հանրային հաղորդակցության ցանցին միացրել է չսերտիֆիկացված վերջնակետային սարքավորում կամ ծառայություն մատուցողը պարզել է, որ ակնհայտորեն ֆիզիկական կամ տեխնիկական վնաս է պատճառվել այդ ցանցին.
3) վերջնական օգտագործողը չի ներկայացնում տվյալ ծառայությունների սակագնով պահանջվող տեղեկությունները, հանրային հաղորդակցության ցանցի հետ միացման կետի նույնացման տվյալները կամ հասցեն, որը թույլ է տալիս մատուցել պահանջվող ծառայությունները.
4) վերջնական օգտագործողը չի վճարել այդ նույն ծառայություններ մատուցողի կողմից իրեն մատուցված էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների դիմաց:
2. Ծառայություններ մատուցողը չի կարող հրաժարվել սնանկացման կամ լուծարման գործընթացում գտնվող որևէ վերջնական օգտագործողին ծառայություններ մատուցելուց, բացառությամբ եթե վերջինս հրաժարվում է սակագնով պահանջվող նվազագույն ավանդի գումար մուտքագրելուց:
3. Անձը, որը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայության դիմում է ներկայացնում, իրավասու է իր դիմումը հետ վերցնել խնդրո առարկա ծառայության մատուցումը սկսվելուց առաջ` ցանկացած պահին:
4. Ծառայություններ մատուցողը պարտավոր է ծառայությունները մատուցել նոր հաճախորդներին ողջամիտ ժամկետում: Կարգավորողը պարտավոր է սահմանել ծառայությունների պատվիրման առավելագույն ժամկետ, որը չպետք է գերազանցի 10 օրը:
5. Ծառայություններ մատուցողը պարտավոր է հատուկ շինարարություն չպահանջող գծերի վարձակալության ծառայություններ մատուցել խելամիտ ժամկետներում: Ամեն դեպքում ծառայություններ մատուցողը պարտավոր է բավարարել օրինական և համապատասխան կարգով փաստաթղթավորված պահանջների 95 տոկոսը` դրանք ստանալուց քառասունհինգ օրվա ընթացքում, բացառությամբ եթե Կարգավորողը խորհրդակցելուց հետո սահմանում է ժամկետին վերաբերող տարբեր պարամետրեր: Կետից կետ գծերի վարձակալության ծառայություններ ստանալու համար ներկայացված պատշաճ փաստաթղթավորված դիմումները պետք է պարունակեն պահանջվող ծառայությունը մատուցելու համար անհրաժեշտ մանրամասներ վերջնակետային սարքավորման տեսակի և համապատասխան ինտերֆեյսի տվյալների վերաբերյալ:
6. Ծառայություններ մատուցողը չի կրի վերոնշյալ պարտականությունները, եթե Կարգավորողը սահմանում է, որ նման ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է հատուկ շինարարություն, որը կպահանջի լրացուցիչ ժամանակ, և եթե դիմումը պատշաճ ձևով փաստաթղթավորված չէ: Այն դեպքում, եթե որոշում է ընդունվում հատուկ շինարարություն նախաձեռնել, ապա Կարգավորողը հաշվի է առնում դիմող կողմի պահանջարկի կանխատեսումները և պահանջվող հատուկ շինարարության ծավալները և ընդունում է հետևյալ որոշումներից մեկը կամ մի քանիսը`
1) ծառայություններ մատուցողին ազատում է գծերի վարձակալության ծառայություն մատուցելու պարտականությունից.
2) գծերի վարձակալության ծառայություն մատուցելու համար ծառայություններ մատուցողի համար սահմանում է նոր ժամկետ.
3) դիմող կողմից պահանջում է ամբողջությամբ կամ մասամբ վճարել գծերի վարձակալության ծառայության մատուցմանն ուղղակիորեն առնչվող ծախսերը.
4) դիմող կողմի համար սահմանում է ծառայություններ մատուցողի օգտին գանձման ենթակա խելամիտ տույժեր, եթե դիմող կողմը չի բավարարել պահանջարկի կանխատեսումները և չի օգտագործել պահանջված գծերը:
7. Եթե գերիշխող օպերատորը կամ ծառայությունների մեջ գերիշխողը առաջարկություն է ներկայացնում ծառայությունների մատուցումից կամ լիցենզիայից հրաժարվելու համար, կամ եթե դատարանի կողմից ճանաչվել է անվճարունակ, ապա Կարգավորողը ծառայությունների մատուցման ընդհատումը կանխելու համար կարող է որոշում կայացնել՝ պարտավորեցնելու կարգավորվող անձին շարունակելու իրականացնել լիցենզիայով կամ Կարգավորողի կողմից ծառայությունների մեջ գերիշխող ճանաչված անձանց գործունեությունը կարգավորող կանոններով սահմանված պարտավորությունները՝ Կարգավորողի կողմից սահմանված կարգով և պայմաններով:
(43-րդ հոդվածը փոփ., լրաց. 29.04.13 ՀՕ-47-Ն)