Անցնել բովանդակությանը
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 9 · ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 49. Հաճախորդների տեղեկությունների գաղտնիությունը

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 49. Հաճախորդների տեղեկությունների գաղտնիությունը

1. Յուրաքանչյուր օպերատոր և ծառայություններ մատուցող պարտավոր է իր հաճախորդների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, վայրի, նպատակի, նպատակակետի, քանակի, տեխնիկական պայմանների և հաճախորդի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները համարել և պահել գաղտնի:

2. Օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է բացահայտել սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները՝

1) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` քրեական հանցագործության կամ ազգային անվտանգության նկատմամբ որևէ սպառնալիքի հետախուզման, հետաքննման կամ քրեական հետապնդման առնչությամբ.

2) հաճախորդի գրավոր համաձայնության հիման վրա.

3) եթե բացահայտումն անհրաժեշտ է ի պաշտպանություն օպերատորի կամ ծառայություններ մատուցողի (ընթանում են վարույթներ ընդդեմ այդ օպերատորի կամ ծառայություններ մատուցողի): Հաճախորդը կարող է պահանջել, որպեսզի բացահայտումը կատարվի գաղտնիության կարգով` դռնփակ վարույթների միջոցով.

4) արտակարգ դրության ժամանակ՝ օրենքով սահմանված նպատակներով, դեպքերում, ծավալով և արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգին համապատասխան:

2.1. Օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է բացահայտել իր հաճախորդների կողմից օգտագործված ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկություններ՝ «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարկային բյուրոներին՝ այդ օրենքով նախատեսված կարգով և սահմաններում:

2.2. Օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է Կարգավորողի սահմանած կարգով բացահայտելու իր հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի անձնական տվյալները՝ արտակարգ պատահարների արագ արձագանքման ծառայության 112 (911), հրշեջ ծառայության 101, Հայաստանի Հանրապետության ոստիկանության 102 և շտապօգնության 103 համարներին կատարվող կանչերի (հաղորդումների) դեպքում։ Կարգավորողը սահմանում է սույն մասով նախատեսված կարգը, այդ թվում՝ տեղորոշման համակարգի գործարկման պայմանները, տեղորոշման բացահայտման ժամկետներն ու համակարգի տեխնիկական նախագծի համաձայնեցմանը ներկայացվող պահանջները՝ նախապես համաձայնեցնելով իրավասու մարմնի հետ։

Տեղորոշման բացահայտման ժամկետն սկսվում է կատարվող կանչերի (հաղորդումների) պահից և տևում է մինչև անհրաժեշտ օգնության ցուցաբերումը:

3. Օպերատորը կամ ծառայություններ մատուցողը պատասխանատվություն չի կրում սույն հոդվածի 2-րդ, 2.1-ին և 2.2-րդ մասերի համաձայն տեղեկությունների բացահայտման հետևանքով պատճառված որևէ վնասի համար:

(49-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.05.11 ՀՕ-179-Ն, 03.10.18 ՀՕ-397-Ն, լրաց. 31.03.20 ՀՕ-161-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։