Հոդված 15. Պահանջվող լիցենզիան
Հոդված 15. Պահանջվող լիցենզիան
1. Ցանկացած անձ իրավասու է, սույն օրենքով սահմանված բացառիկության պահանջներին համապատասխան, տիրապետել և շահագործել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց կամ տրամադրել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ: Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի սեփականատերը պարտավոր է շահագործել այդ ցանցը: 2. Որևէ անձ իրավասու չէ տիրապետել և շահագործել Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց, եթե չունի սույն բաժնի և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բարդ լիցենզավորման ընթացակարգերի համաձայն շնորհված ցանցի լիցենզիա: Սույն օրենքի գործողության մեջ մտնելուց առաջ ցանցի շահագործման լիցենզիա ստացած անձինք պարտավոր չեն սույն գլխով պահանջվող նոր լիցենզիա ստանալ, քանի դեռ չի դադարել գործող լիցենզիայի գործողության ժամկետը:
3. Որևէ անձ իրավասու չէ տրամադրել էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ առանց ցանցի կամ ծառայությունների մատուցման լիցենզիայի: Կարգավորողը պարտավոր է պահանջել, որպեսզի սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն ցանցի լիցենզիա չունեցող, սակայն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձն ստանա ծառայություններ մատուցողի լիցենզիա «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարզ լիցենզավորման ընթացակարգին համապատասխան:
4. Գերիշխող օպերատորների և ծառայությունների մատուցման մեջ գերիշխողների նկատմամբ կիրառվում են սույն օրենքով նախատեսված կարգավորման այլ ձևեր: