Անցնել բովանդակությանը
ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2022-06-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Հոդված 34. Անտառօգտագործողները

գործել է մինչև 2022-06-21Բացել ARLIS-ում

Հոդված 34. Անտառօգտագործողները

1. Անտառօգտագործողները պարտավոր են`

ա) անտառները և անտառային հողերն օգտագործել դրանց նպատակային նշանակությանը համապատասխան.

բ) ապահովել անտառների սանիտարական վիճակի պահպանությունը.

գ) կանխարգելել հողատարման առաջացումը և այլ բացասական ազդեցություններն անտառների վիճակի վրա.

դ) թույլ չտալ գերհատումներ և թերհատումներ, մթերված բնափայտը չթողնել հատատեղերում և անտառներում.

ե) մաքրել հատատեղերը հատումների մնացորդներից.

զ) պահպանել հրդեհային անվտանգության կանոնները և իրականացնել հակահրդեհային միջոցառումներ.

է) հատուցել կամ վերականգնել անտառօգտագործման հետևանքով անտառներին և անտառային հողերին պատճառված վնասը.

ը) չվնասել հարակից անտառային հողերն օգտագործվող տարածքում հատումներ կատարելիս.

թ) ապահովել բուսական և կենդանական աշխարհի՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և անհետացող տեսակների պահպանությունը.

ժ) կատարել սույն օրենսգրքով սահմանված այլ պահանջներ:

2. Անտառօգտագործողներն իրավունք ունեն`

ա) իրականացնելու միայն անտառօգտագործման այն տեսակները և միայն այն ծավալներով, որպիսիք նշված են անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերում.

բ) ինքնուրույն ընտրելու անտառօգտագործման իրականացման տնտեսական գործունեության ձևերը.

գ) սահմանված կարգով բացելու անտառատնտեսական նշանակության ճանապարհներ, սարքավորելու անտառային արտադրանքի պահեստավորման համար հարթակներ, կառուցելու ժամանակավոր արտադրական և տնտեսական շինություններ, կազմակերպելու ավտոտրանսպորտի կանգառման տեղեր` անտառաշինական նախագծերին համապատասխան:

Անտառօգտագործողների գործունեությանը միջամտելն արգելվում է, բացառությամբ անտառային և բնապահպան այլ օրենսդրության խախտման դեպքերի:

Անտառօգտագործողների խախտված իրավունքները ենթակա են վերականգնման:

3. Անտառային հողերում անտառային տնտեսության կարիքների համար շինարարական աշխատանքները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։