Հոդված 5. Կիրառության ոլորտը
Հոդված 5. Կիրառության ոլորտը
1. Իրենց իրավասության (լիազորությունների) շրջանակներում լիազորված մարմինները ցանկացած լիազորված մարմնի հարցման հիման վրա իրականացնում են տեղեկատվության, այդ թվում՝ գաղտնի տեղեկատվության փոխանակում՝ հնարավորինս լիարժեք ծավալով՝ ներառյալ հետևյալ տեղեկատվությունը՝
1) պետական գրանցում, լիցենզիայով (թույլտվությամբ) նախատեսված գործունեություն, այլ անդամ պետությունում գրանցված ֆինանսական կազմակերպության բաժնետոմսերի (մասնակցության բաժնեմասերի) ձեռքբերման համար համաձայնության տրամադրում կամ տրամադրման մերժում, բանկային խմբի (բանկային հոլդինգի), բանկային կոնգլոմերատի կազմ, հիմնական (մայր) կազմակերպության կառավարման կառուցվածք (կառավարման մարմինների կազմ), հիմնական (մայր) կազմակերպության կառավարում և ներքին հսկողության համակարգ, բաժնետերեր (մասնակիցներ), փոխկապակցված անձինք, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ, ինչպես նաև կազմակերպություններ, որոնց առնչությամբ այլ անդամ պետության ֆինանսական շուկայում գործող կազմակերպությունը կանոնադրական կապիտալում գերակշռող մասնակցության շնորհիվ կամ կնքված պայմանագրին համապատասխան կամ այլ կերպ հնարավորություն ունի սահմանելու նշված կազմակերպությունների կառավարման մարմինների կողմից ընդունվող որոշումները.
2) անդրսահմանային կազմակերպության բացման վերաբերյալ որոշում ընդունելու համար անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ տեղեկություններ հիմնական (մայր) կազմակերպության ֆինանսական վիճակի վերաբերյալ.
3) ֆինանսական կազմակերպությունների գործունեության վերահսկողություն և հսկողություն, դրանց կողմից պրուդենցիալ նորմատիվների պահպանման մոնիթորինգ.
4) հիմնական (մայր) կազմակերպության և անդրսահմանային կազմակերպության, ինչպես նաև կանոնավոր անդրսահմանային գործառնություններ իրականացնող ֆինանսական կազմակերպությունների առնչությամբ անցկացված ստուգումներ և դրանց արդյունքները.
5) հիմնական (մայր) կազմակերպության, անդրսահմանային կազմակերպության կամ դրանցում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ ներգործության միջոցների և պատժամիջոցների կիրառում.
6) ֆինանսական կազմակերպությունների, այդ թվում՝ արժեթղթերը թողարկողների կողմից անդամ պետությունների՝ տեղեկատվության բացահայտման վերաբերյալ օրենսդրության պահպանման մոնիթորինգի արդյունքներ.
7) կազմակերպված սակարկությունների ժամանակ ինսայդերական տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործման, շուկայի մանիպուլյացիայի ձևով չարաշահումների կանխարգելում, բացահայտում և կանխում, հակաիրավական կամ այլ անօրինական, այդ թվում՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված գործառնությունների, ինչպես նաև ֆինանսական շուկայում, որի կարգավորումը վերապահված է լիազորված մարմինների իրավասությանը (լիազորություններին), այլ խախտումների բացահայտում.
8) անդամ պետությունների ապահովագրական շուկաներում անդրսահմանային ապահովագրական և վերաապահովագրական գործառնությունների իրականացում.
9) այլ տեղեկատվություն, որը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, վերապահված է լիազորված մարմինների իրավասությանը (լիազորություններին)։
2. Եթե սույն համաձայնագրով նախատեսված տեղեկատվությունն անմիջականորեն առկա է կամ կարող է ստացվել հարցվող մարմնի պետությունում, ապա այդ մարմինը բոլոր ջանքերը կգործադրի, որ ամբողջ ծավալով աջակցի հարցվող տեղեկատվության ստացմանը։
3. Լիազորված մարմինը կարող է գաղտնի տեղեկատվության տրամադրման վերաբերյալ հարցում (այսուհետ՝ հարցում) ուղարկել միայն իր գործառույթների իրականացման նպատակով։