Հոդված 26. Աշխատավորական կոլեկտիվի հիման վրա ստեղծված ընկերություններին պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման կարգը
Հոդված 26. Աշխատավորական կոլեկտիվի հիման վրա ստեղծված ընկերություններին պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման կարգը
1. Աշխատավորական կոլեկտիվի նախաձեռնությամբ ստեղծված սահմանափակ պատասխանատվությամբ և փակ բաժնետիրական ընկերություններին պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը կայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ներկայացմամբ կառավարության որոշմամբ ելնելով ծրագրից:
2. Աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովը (լիազորների ժողովը կամ կոնֆերանսը) ընտրում է նախաձեռնող խումբ, որին իրավունք է տալիս ներկայացնել կոլեկտիվը ընկերություն ստեղծելիս ու սեփականաշնորհումն իրականացնելիս և կատարել համապատասխան գործողություններ: Աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովը (լիազորների ժողովը, կոնֆերանսը) ձայների 3/4-ի մեծամասնությամբ նախաձեռնող խմբի անդամների համար կարող է սահմանել նրանց մասնակցության չափը ապագա ընկերության մեջ, ինչպես նաև նախաձեռնող խմբի կազմի մեջ ընդգրկել սեփականաշնորհման իմաստով տվյալ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամ չհանդիսացող անձանց, որոնց թիվը չպետք է գերազանցի նախաձեռնող խմբի 1/3-ից, բայց 3 հոգուց ոչ ավելի: Իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները չեն կարող լինել նախաձեռնող խմբի անդամներ, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված:
3. Պետական ձեռնարկության սեփականաշնորհման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունելուց հետո, տվյալ աշխատավորական կոլեկտիվի հիման վրա ստեղծվող ընկերության նախաձեռնող խումբը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ձեռնամուխ է լինում ընկերության ստեղծմանն ու գրանցմանը: Ընկերությունը, սահմանված կարգով գրանցվելուց հետո, պաշտոնապես դիմում է Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը ձեռնարկության գույքը վերագնահատելու համար:
4. Աշխատավորական կոլեկտիվի հիման վրա սահմանափակ պատասխանատվությամբ և փակ բաժնետիրական ընկերություններ կարող են ստեղծվել նաև պետական ձեռնարկությունների բաժանմունքների, մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հաշվարկային հաշիվ չունեցող այլ առանձնացված (ոչ սպասարկող) ստորաբաժանումների հիման վրա, այդ թվում նաև վարձակալության տրված, եթե վերջիններիս առանձնացումը բացասաբար չի անդրադառնա հիմնադիր ձեռնարկության գործունեության վրա: Այս դեպքում գործում է սույն հոդվածով սահմանված կարգը:
5. Աշխատավորական կոլեկտիվի հիման վրա ստեղծված փակ բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պետական ձեռնարկությունը սեփականաշնորհելիս, ձեռնարկության դիմաց վճարվող գումարի չափը հաշվարկվում է` ելնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այդ ձեռնարկության գույքի վերագնահատված արժեքից:
6. Պետական ձեռնարկության շահույթի, ինչպես նաև աշխատանքի վարձատրմանն ուղղված միջոցների մնացորդները (բացառությամբ պահեստային ֆոնդի) կարող են օգտագործվել որպես ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամների համար ստեղծված ընկերության բաժնեմասերի կամ բաժնետոմսերի ձեռքբերման աղբյուր:
Բաժնեմասերի և բաժնետոմսերի գնումը այդ միջոցների, այդ թվում սպառման և կուտակման ֆոնդերի հաշվին (այնտեղ, որտեղ վերջիններս ձևավորված են) կատարվում է պետական ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի գրավոր համաձայնությամբ, իսկ կոլեկտիվի անդամների միջև բաշխումը` համամասնությամբ: Բաժնեմասերի և բաժնետոմսերի ձեռքբերմանն ուղղվող նշված միջոցները եկամտահարկով չեն հարկվում:
Պետական ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի այն անդամները, որոնք համաձայն չեն օգտագործել նշված միջոցների գումարները բաժնեմասերի և բաժնետոմսերի ձեռքբերման համար, սահմանված կարգով օգտվում են համապատասխան եկամուտներ ստանալու իրենց իրավունքներից:
7. Պետական ձեռնարկությունների պահեստային, ինչպես նաև այլ ֆոնդերի (արտադրական, սոցիալական զարգացման և այլն) միջոցները հանդիսանում են պետական սեփականություն և տնօրինվում են ելնելով տվյալ ձեռնարկության սեփականաշնորհման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումից: Որոշմամբ սահմանված կարգով կարող է նախատեսվել նշված ֆոնդերի մնացորդի լրիվ վերադարձը պետությանը կամ բաշխումը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև` նորաստեղծ ընկերության բաժնեմասեր և բաժնետոմսեր ձեռք բերելու նպատակով: Նշված կարգով սահմանվում են նաև այն լրացուցիչ պայմանները, որոնց կատարման դեպքում հնարավոր է այդ ֆոնդերի մնացորդի բաշխումը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամներին:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում աշխատավորական կոլեկտիվի մեղքով ձեռնարկությունը չսեփականաշնորհվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում նոր որոշում է կայացնում ձեռնարկությունը սույն օրենքով սահմանված այլ ձևով սեփականաշնորհելու մասին:
(26-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 27.12.95 ՀՕ-30)