Հոդված 3. Սեփականաշնորհման հասկացությունը
Հոդված 3. Սեփականաշնորհման հասկացությունը
Սեփականաշնորհումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևերով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների օտարումն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, նրանց խմբերին, ոչ պետական ձեռնարկություններին ու պետական մասնակցությամբ ձեռնարկություններին և օտարերկրյա անձանց:
Սեփականաշնորհման օբյեկտ կարող են լինել`
ա) պետական ձեռնարկությունը կամ դրանց միավորումը.
բ) պետական ձեռնարկության այն ստորաբաժանումը, որը կազմակերպական-իրավական տեսակետից մեկուսացված է կամ ֆունկցիոնալ առումով ինքնուրույն գործելու հնարավորություն ունի.
գ) կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված ձեռնարկություններում պետությանը պատկանող բաժնեմասը կամ բաժնետոմսերը.
դ) լուծարված պետական ձեռնարկության գույքը, այդ թվում` տարածքները.
ե) վարձակալական կամ ոչ պետական ձեռնարկություններին վարձակալությամբ տրված պետական գույքը, այդ թվում` տարածքները.
զ) բնակելի շենքերում պետությանը (իշխանության տեղական մարմիններին) պատկանող ընդհանուր օգտագործման տարածք չհանդիսացող ոչ բնակելի տարածքները.
է) անավարտ շինարարության օբյեկտները:
Սեփականաշնորհման հետևանքով սեփականության իրավունք ձեռք բերած անձանց փոխանցվում են նախկին սեփականատիրոջ գույքային և անձնական ոչ գույքային պարտավորությունները, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով սեփականաշնորհման մասին որոշմամբ կարող են ժամանակավորապես սահմանափակվել սեփականաշնորհվող ձեռնարկության արտադրական պրոֆիլի փոփոխման, պետական պատվերի ընդունման, աշխատանքային պայմանագրերի լուծման և ձեռնարկության օտարման իրավունքները:
Պետական ձեռնարկությունների կողմից պետական սեփականություն հանդիսացող գույքային համալիրների կամ գույքի առանձին տեսակների ձեռքբերումը սեփականաշնորհում չի համարվում և կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով:
Պետական ձեռնարկությունը կամ անավարտ շինարարության օբյեկտը համարվում է սեփականաշնորհվող տվյալ օբյեկտի սեփականաշնորհման մասին պետական լիազորված մարմնի որոշման իրավական ուժ ստանալու պահից մինչև պետական լիազորված մարմնի և ձեռնարկության նոր սեփականատիրոջ միջև սեփականաշնորհումը վավերացնող պայմանագրի կնքման պահը:
(3-րդ հոդվածը լրաց., փոփ. խմբ. 06.06.95 ՀՕ-140)