Հոդված 41. Պետական ձեռնարկությունները ոչ պետական ձեռնարկություններ կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններ ստեղծելու համար տրամադրելու կարգը
Հոդված 41. Պետական ձեռնարկությունները ոչ պետական ձեռնարկություններ կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններ ստեղծելու համար տրամադրելու կարգը
1. Ելնելով ծրագրից, պետական ձեռնարկությունները, այդ ձեռնարկությունների աշխատավորական կոլեկտիվներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և քաղաքացիների խմբերին, ոչ պետական իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին, ինչպես նաև օտարերկրյա անձանց են տրամադրվում այդ ձեռնարկությունների հիման վրա ոչ պետական ձեռնարկություններ կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններ ստեղծելու համար` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Այդ որոշման հետևանքով առաջացած ձեռնարկությունները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության (իշխանության տեղական մարմինների) և նշված անձանց համատեղ սեփականություն: Պետությունը (իշխանության տեղական մարմինը) պահպանում է իր սեփականության իրավունքը: Այլ անձանց ներդրումները ավելացվում են պետական գույքի վրա:
2. Ստեղծվող ձեռնարկության կազմակերպական-իրավական տեսակը` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, փակ կամ բաց բաժնետիրական ընկերություն, որոշում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը, ելնելով ծրագրից:
Ստեղծվող ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը և պետական սեփականություն մնացող մասի և ոչ պետական մասի հարաբերակցությունը սահմանվում են Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի որոշմամբ, ելնելով`
ա) պետական գույքի արժեքից, որը հաշվարկվում է սույն օրենքի 25 հոդվածով սահմանված կարգով.
բ) ձեռնարկության հետագա զարգացման հեռանկարներից և դրա համար անհրաժեշտ կապիտալ ներդրումների ծավալից:
3. Պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների հիման վրա ոչ պետական ձեռնարկությունների կամ պետական մասնակցությամբ ձեռնարկությունների ստեղծման վերաբերյալ ապապետականացման հայտերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին:
4. Նշված հայտերը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կողմից կարող են մերժվել հետևյալ դեպքերում`
ա) եթե ծրագրով նախատեսված է ձեռնարկության սեփականաշնորհումը Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ.
բ) եթե ձեռնարկության ապապետականացումն արգելված է ծրագրով.
գ) եթե ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը որոշում է ընդունել օգտվելու սույն օրենքի 12 հոդվածով սահմանված ապապետականացման նախապատվության իր իրավունքից:
Հայտերը պետք է քննարկվեն Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կողմից դրանք ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում: Հայտի պաշտոնական ընդունման կամ մերժման մասին գրավոր պատասխանը պետք է ուղարկվի հայտ ներկայացնող անձանց:
5. Եթե ծրագիրը չի արգելում տվյալ ձեռնարկության ապապետականացման նշված ձևը, ապա պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների հիման վրա ոչ պետական ձեռնարկություններ կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններ ստեղծելու միջոցով ապապետականացումն իրականացվում է սահմանափակ պատասխանատվությամբ, փակ կամ բաց բաժնետիրական ընկերության ձևով, սույն օրենքի 26, 28, 29 Կամ 32 հոդվածներով սահմանված կարգով, այն տարբերությամբ, որ նորաստեղծ ընկերության կանոնադրական հիմնադրամի պետական մասը վաճառքի ենթակա չէ:
Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվն օգտվում է այդ ձեռնարկությունների կանոնադրական հիմնադրամի ոչ պետական մասը ձեռք բերելու այն նույն իրավունքներից, որոնցից նա կօգտվեր այդ ձեռնարկությունների սեփականաշնորհման ժամանակ:
6. «Փոքր» օբյեկտները չեն կարող ապապետականացվել սույն հոդվածով սահմանված կարգով: