Հոդված 28. Տեղեկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ սեփականաշնորհվող պետական ձեռնարկությունների մասին
Հոդված 28. Տեղեկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ սեփականաշնորհվող պետական ձեռնարկությունների մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ սեփականաշնորհվող ձեռնարկությունների մրցույթով, բաց կամ փակ աճուրդով վաճառքի, ինչպես նաև բաց բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի բաժանորդագրության կամ ազատ վաճառքի մասին տեղեկությունները կայանալիք մրցույթից, աճուրդից, բաժնետոմսերի բաժանորդագրությունից կամ ազատ վաճառքից առնվազն մեկ ամիս առաջ հրապարակվում են մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:
Պարտադիր հրապարակման են ենթակա սեփականաշնորհվող ձեռնարկության մասին հետևյալ տվյալները`
ձեռնարկության տարածքը, զբաղեցրած հողամասը, շենքերը և շինությունները, դրանց վաճառքի, վարձակալության կամ օգտագործման պայմանները.
հիմնական ֆոնդերի ցուցակն ըստ տեսակների.
անավարտ շինարարության օբյեկտները, դրանց նախահաշվային արժեքը, իրականացված ծախսերը, այդ թվում շինմոնտաժային աշխատանքները, չտեղակայված սարքավորումները.
նյութական արժեքների պաշարները.
դրամական միջոցների առկայությունը.
ձեռնարկությանը պատկանող այլ ակտիվները.
գույքի ոչ նյութական օբյեկտները (պատենտներ, ապրանքանշաններ և այլն).
ձեռնարկության պարտավորությունները բյուջեի նկատմամբ (ապրանքային, վարկային).
ձեռնարկության վերջին երեք տարվա հաշվեկշիռների հիմնական ցուցանիշները.
թողարկվող արտադրանքի տեսականին և նրա տեսակարար կշիռը շուկայում:
Տվյալների ներկայացման ձևը, ինչպես նաև լրացուցիչ տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Սույն հոդվածի պահանջները չեն տարածվում «փոքր» օբյեկտների վրա, որոնց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: