Հոդված 40. Պետական ձեռնարկությունների տրամադրումը լիազորագրային կառավարման
Հոդված 40. Պետական ձեռնարկությունների տրամադրումը լիազորագրային կառավարման
1. Պետական ձեռնարկությունները, ելնելով ծրագրից, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ լիազորագրային կառավարման են տրամադրվում միայն մրցույթի ձևով:
Պետական ձեռնարկությունները լիազորագրային կառավարման տրամադրելը մրցույթի ձևով կատարվում է սույն օրենքի 29 հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Մրցութային հանձնաժողովներն ստեղծվում են Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, գերատեսչության կամ պետական կառավարման տեղական մարմնի կողմից:
2. Լիազորագրային կառավարումն իրականացնելու ամբողջ ընթացքում ձեռնարկության գույքը, այդ թվում նաև մրցույթի պայմանները կատարելու հետևանքով ձեռնարկության լիազորագրային սեփականատիրոջ կողմից ձեռք բերվածը, մնում է պետական:
Մրցույթի մասին հրապարակային հայտարարության մեջ պետք է նշվեն լիազորագրային կառավարման ժամկետները, լիազորագրային սեփականատիրոջը հասանելիք մեկնարկային վարձատրության չափը, ձեռնարկության օգտագործմանը, ինչպես նաև աշխատավորական կոլեկտիվի սոցիալական երաշխիքներին վերաբերող պահանջները:
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնողները պարտավոր են ներկայացնել ֆինանսական հնարավորությունները, այդ թվում սեփական միջոցները բնութագրող փաստաթղթերը, որից հետո միայն նրանց թույլատրվում է մասնակցել մրցույթին:
3. Մրցույթին կարող են հավասար իրավունքներով մասնակցել և ձեռնարկությունը կառավարելու իրավունք ձեռք բերել այդ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և քաղաքացիների խմբերը, ոչ պետական իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, ինչպես նաև օտարերկրյա անձինք:
4. Ձեռնարկության լիազորագրային սեփականատեր դառնալու մրցույթին մասնակցելու իրավունք ստացած անձը ներկայացնում է գրավոր առաջարկ, որի մեջ նշում է`
ա) ձեռնարկության գործունեության և զարգացման` իր կողմից իրականացվելիք միջոցառումների մանրամասն շարադրանքը, դրանց կատարման ժամկետները, առաջարկվող ուղիները, պահանջվող ֆինանսական ռեսուրսները և դրանց աղբյուրները.
բ) վարձատրության այն չափը, որ պետք է հատկացվի լիազորագրային սեփականատիրոջը, բայց չպետք է գերազանցի մրցույթի մասին հրապարակային հայտարարության մեջ նշվածը.
գ) ձեռնարկությունում աշխատողների ընդհանուր թվաքանակը և կառուցվածքը, նրանց աշխատավարձի չափը կամ դրա որոշման սկզբունքները, սոցիալական երաշխիքները.
դ) սոցիալական այլ միջոցառումներ, որոնք ենթադրվում է իրականացնել ձեռնարկությունում, դրանց ժամկետները, էությունը, պահանջվող ռեսուրսները և դրանք ձեռք բերելու հնարավորությունները.
ե) մրցույթի մյուս պայմաններին վերաբերող առաջարկները:
5. Մրցույթի հաղթողին որոշելուց հետո Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունը, գերատեսչությունը կամ պետական կառավարման տեղական մարմինները սահմանված ժամկետում հաղթողի հետ կնքում են լիազորագրային կառավարման պայմանագիր:
6. Պետական ձեռնարկությունը լիազորագրային կառավարման հանձնելու մասին հայտը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից կարող է մերժվել հետևյալ դեպքերում`
ա) եթե ձեռնարկությունը նշված է լիազորագրային կառավարման հանձնելու համար ծրագրով արգելված ձեռնարկությունների ցանկում.
բ) եթե ձեռնարկությունը ծրագրով նախատեսված է սեփականաշնորհման.
գ) եթե խախտված է ձեռնարկությունը լիազորագրային կառավարման հանձնելու մասին հայտի ներկայացման սույն օրենքով սահմանված կարգը:
Հայտերը պետք է քննարկվեն Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կողմից դրանք ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում: Հայտի պաշտոնական ընդունման կամ մերժման մասին գրավոր պատասխանը պետք է ուղարկվի հայտ ներկայացնող անձանց:
Հայտի մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
7. Սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված հայտի մերժման հիմքերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացմամբ, մեկ ամսվա ընթացքում որոշում է ընդունում տվյալ պետական ձեռնարկությունը լիազորագրային կառավարման տրամադրելու մասին:
(40-րդ հոդվածը փոփ., լրաց. 27.12.95 ՀՕ-30)