Հոդված 52. Խաղային գործունեության նկատմամբ վերահսկողությունը
Հոդված 52. Խաղային գործունեության նկատմամբ վերահսկողությունը
1. Խաղային գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Վերահսկող մարմինը տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության, ինչպես նաև օպերատորի կողմից տրամադրվող տեղեկությունների ուսումնասիրությունների միջոցով և դրանց արդյունքներով և օրենքով նախատեսված այլ կարգով սույն օրենքով սահմանված խախտումների բացահայտման դեպքում կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:
2. Վերահսկող մարմինն իրականացնում է խաղերի կազմակերպիչների կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով և դրա արդյունքներով պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման բացահայտման դեպքում կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:
3. Սույն հոդվածով նախատեսված ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
4. Փաստաթղթային վերահսկողությունն իրականացվում է կազմակերպիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ Վերահսկող մարմին ներկայացվող՝ սույն օրենքով սահմանված հաշվետվությունների, տեղեկությունների, ինչպես նաև օպերատորի կողմից տրամադրվող տեղեկությունների ուսումնասիրության միջոցով։
5․ Վերահսկող մարմինը սույն օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ առանց լիցենզիայի խաղային գործունեության կազմակերպման դեպք հայտնաբերելու դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցի կիրառման հետ միաժամանակ իրականացնում է նաև խաղային արտադրանքի բռնագրավում։ Բռնագրավման դեպքում խաղային արտադրանքը Վերահսկող մարմնի ընդունած` բռնագրավման վերաբերյալ որոշման հիման վրա հարկադիր կարգով անհատույց վերցվում է որպես պետական սեփականություն: Խաղային արտադրանքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու կարգը սահմանում է Կառավարությունը: