Հոդված 25. Օպերատորի ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքը և որակավորման չափանիշները
Հոդված 25. Օպերատորի ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքը և որակավորման չափանիշները
1. Օպերատորի ընտրության ընթացակարգին անձի մասնակցությունը կարող է սահմանափակվել միայն Կառավարության որոշմամբ՝ նախքան որակավորման հարցում և հայտարարություն հրապարակելը, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության ապահովման համար: Կառավարության որոշմամբ կարող են նախատեսվել հայտատուների՝ օպերատորի ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքի և դրա հավաստման համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված պահանջներ:
2. Հայտատուն պետք է հավաստի իր՝ սույն օրենքով նախատեսվող պարտականությունների կատարման համար անհրաժեշտ և որակավորման հարցմամբ սահմանված որակավորման չափանիշներին համապատասխանությունը։ Որակավորման հարցմամբ կարող են սահմանվել հետևյալ չափանիշները.
1) մասնագիտական փորձառություն.
2) տեխնիկական միջոցներ.
3) ֆինանսական կարողություններ.
4) տնտեսական կարողություններ.
5) աշխատանքային ռեսուրսներ:
3. Օպերատորի ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքի և որակավորման հետ կապված չեն կարող սահմանվել այնպիսի չափանիշներ, որոնք`
1) նախատեսված չեն սույն հոդվածով.
2) խտրական են և անհիմն կերպով սահմանափակում են մրցակցությունը.
3) ուղղակիորեն չեն բխում սույն օրենքով նախատեսվող պարտականությունների կատարման անհրաժեշտությունից:
4. Որակավորման հարցմամբ կարող են սահմանվել նաև հայտատուի` օպերատորի ընտրության ընթացակարգին մասնակցության իրավունքի համար անհրաժեշտ չափանիշները, կարգը, որակավորման ու մասնակցության իրավունքի չափանիշների համար անհրաժեշտ փաստաթղթերին (տեղեկություններին) ներկայացվող պահանջները:
5. Արգելվում է օպերատորի ընտրության ընթացակարգին փոխկապակցված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միաժամանակյա մասնակցությունը, բացառությամբ կոնսորցիումով մասնակցելու դեպքերի: Միաժամանակ կոնսորցիումի պայմանագրի կողմը (կողմերը) չի (չեն) կարող նույն ընթացակարգին ներկայացնել առանձին հայտ (հայտեր):
6. Օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը սահմանում է Կառավարությունը: