Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-14-ից մինչև 2026-05-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍԱՏԱՐՈՂՆԵՐԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍՈՒՊԵՐՎԻԶԻԱՆ

Հոդված 52. Սոցիալական աշխատողի և սոցիալական սատարողի հավաստագրումը

գործել է մինչև 2026-05-01Բացել ARLIS-ում

Հոդված 52. Սոցիալական աշխատողի և սոցիալական սատարողի հավաստագրումը

1. Սոցիալական աշխատողները և սոցիալական սատարողները (բացառությամբ քաղաքացիական կամ համայնքային ծառայող հանդիսացող սոցիալական աշխատողների և սոցիալական սատարողների) մասնագիտական գիտելիքների և հմտությունների պարբերական ձեռքբերման և կատարելագործման նպատակով պարտավոր են մասնակցել հավաստագրմանը։

2. Հավաստագիրը տրվում է երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ սոցիալական աշխատողը կամ սոցիալական սատարողն օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է հերթական հավաստագիր ստանալու նպատակով։

4. Հավաստագիրը սոցիալական աշխատողին կամ սոցիալական սատարողին տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված պահանջների բավարարման դեպքում:

5. Հավաստագիրը տրամադրվում է, եթե սոցիալական աշխատողը կամ սոցիալական սատարողը լրացրել է սույն օրենքով սահմանված կրեդիտների նվազագույն քանակը։

6. Հավաստագրման կրեդիտները լրացվում են հետևյալ եղանակներով.

1) տեսական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացում՝ Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետություններում սոցիալական աշխատանքի կամ հարակից այլ մասնագիտությունների (հոգեբանության, հոգեբուժության, մանկավարժության, իրավագիտության, առաջին բուժօգնության) դասընթացներին, վերապատրաստումներին, սեմինարներին, գիտաժողովներին, համաժողովներին կամ գիտական, գիտագործնական այլ միջոցառումների մասնակցելու կամ դրանք իրականացնելու միջոցով.

2) գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման կամ գիտագործնական ուսումնասիրությունների իրականացման կամ մասնակցության արդյունքները ներկայացնելու, աշխատանքի վայրում ուսանողների մասնագիտական պրակտիկան ղեկավարելու միջոցով.

3) պետական լիազոր մարմնի նախատեսած այլ եղանակներով։

7. Հավաստագրման համար կրեդիտները յուրաքանչյուր եռամյա փուլում պետք է լրացվեն սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված եղանակներով և կազմեն՝

1) սոցիալական աշխատողի համար՝ առնվազն 45 կրեդիտ․

2) սոցիալական սատարողի համար՝ առնվազն 25 կրեդիտ։

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված կրեդիտները չլրացվելու դեպքում սահմանված կարգով անցկացվում են դասընթացներ և թեստավորումներ։

9. Սոցիալական աշխատողների և սոցիալական սատարողների հավաստագրումը կազմակերպում է պետական լիազոր մարմինը իր լիազորած կազմակերպության միջոցով։

10. Հավաստագրման ընթացքում պահպանվում են գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող սոցիալական աշխատողի և սոցիալական սատարողի՝ պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատատեղը, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար` 12 օրվա հիմնական աշխատավարձը, իսկ նշված ժամկետը գերազանցող օրերի համար աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գործատուի և սոցիալական աշխատողի կամ սոցիալական սատարողի փոխադարձ համաձայնությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։