Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍԱՏԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՂՆԵՐԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍՈՒՊԵՐՎԻԶԻԱՆ

Հոդված 52. Սոցիալական աշխատողի, սոցիալական սատարողի և սոցիալական սպասարկողի հավաստագրումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 52. Սոցիալական աշխատողի, սոցիալական սատարողի և սոցիալական սպասարկողի հավաստագրումը

(վերնագիրը փոփ. 03.07.26 ՀՕ-354-Ն)

1. Սոցիալական աշխատողները, սոցիալական սատարողները և սոցիալական սպասարկողները (բացառությամբ քաղաքացիական կամ համայնքային ծառայող հանդիսացող սոցիալական աշխատողների, սոցիալական սատարողների) մասնագիտական գիտելիքների և հմտությունների պարբերական ձեռքբերման և կատարելագործման նպատակով պարտավոր են մասնակցել հավաստագրմանը։

2. Հավաստագիրը տրվում է երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ սոցիալական աշխատողը, սոցիալական սատարողը կամ սոցիալական սպասարկողն օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է հերթական հավաստագիր ստանալու նպատակով։

4. Հավաստագիրը սոցիալական աշխատողին կամ սոցիալական սատարողին կամ սոցիալական սպասարկողին տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված պահանջների բավարարման դեպքում:

5. Հավաստագիրը տրամադրվում է, եթե սոցիալական աշխատողը կամ սոցիալական սատարողը կամ սոցիալական սպասարկողը լրացրել է սույն օրենքով սահմանված կրեդիտների նվազագույն քանակը։

6. Հավաստագրման կրեդիտները լրացվում են հետևյալ եղանակներով.

1) տեսական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացում՝ Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետություններում սոցիալական աշխատանքի կամ հարակից այլ մասնագիտությունների (հոգեբանության, հոգեբուժության, մանկավարժության, իրավագիտության, առաջին բուժօգնության) դասընթացներին, վերապատրաստումներին, սեմինարներին, գիտաժողովներին, համաժողովներին կամ գիտական, գիտագործնական այլ միջոցառումների մասնակցելու կամ դրանք իրականացնելու միջոցով.

2) գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման կամ գիտագործնական ուսումնասիրությունների իրականացման կամ մասնակցության արդյունքները ներկայացնելու, աշխատանքի վայրում ուսանողների մասնագիտական պրակտիկան ղեկավարելու միջոցով.

3) պետական լիազոր մարմնի նախատեսած այլ եղանակներով։

7. Հավաստագրման համար կրեդիտները յուրաքանչյուր եռամյա փուլում պետք է լրացվեն սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված եղանակներով և կազմեն՝

1) սոցիալական աշխատողի համար՝ առնվազն 45 կրեդիտ․

2) սոցիալական սատարողի համար՝ առնվազն 25 կրեդիտ.

3) սոցիալական սպասարկողի համար՝ առնվազն 15 կրեդիտ:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված կրեդիտները չլրացվելու դեպքում սահմանված կարգով անցկացվում են դասընթացներ և թեստավորումներ։

9. Սոցիալական աշխատողների, սոցիալական սատարողների և սոցիալական սպասարկողների հավաստագրումը կազմակերպում է պետական լիազոր մարմինը իր լիազորած կազմակերպության միջոցով։

10. Հավաստագրման ընթացքում պահպանվում են գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող սոցիալական աշխատողի, սոցիալական սատարողի և սոցիալական սպասարկողի՝ պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատատեղը, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար` 12 օրվա հիմնական աշխատավարձը, իսկ նշված ժամկետը գերազանցող օրերի համար աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գործատուի և սոցիալական աշխատողի կամ սոցիալական սատարողի կամ սոցիալական սպասարկողի փոխադարձ համաձայնությամբ:

(52-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.26 ՀՕ-354-Ն)

(03.07.26 ՀՕ-354-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։