Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-06-28-ից մինչև 2021-07-24։Բացել գործող տեքստը
ԿՈՂՄԵՐԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔԳլուխ 10 · ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՅԼ ԱՆՁԻՆՔ

Հոդված 86. Վկան

գործել է մինչև 2021-07-24Բացել ARLIS-ում

Հոդված 86. Վկան

1. Վկան ցուցմունքներ տալու նպատակով կողմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կանչված այն անձն է, ում կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ հանգամանք:

2. Որպես վկա չեն կարող կանչվել և հարցաքննվել`

1) անձինք, որոնք ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով ունակ չեն ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով պարզելու ենթակա հանգամանքները.

2) փաստաբանները` պարզելու համար տեղեկություններ, որոնք նրանց կարող են հայտնի լինել կապված իրավաբանական օգնության դիմելու կամ նման օգնություն ցույց տալու հետ.

3) անձինք, որոնց տվյալ քրեական գործին վերաբերող տեղեկությունները հայտնի են դարձել քրեական գործով որպես պաշտպան, տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչ մասնակցելու կապակցությամբ.

4) դատավորը, այդ թվում նաև՝ լիազորությունները դադարեցված, դատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը և դատական նիստի քարտուղարը` կապված այն քրեական գործի հետ, որում նրանք իրականացրել են իրենց դատավարական լիազորությունները, բացառությամբ տվյալ գործի վարույթի ընթացքում թույլ տրված սխալների և չարաշահումների քննության, նոր ի հայտ եկած հանգամանքներով տվյալ գործի նորոգման կամ կորցրած վարույթի վերականգնման դեպքերի.

5) ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը` խոստովանանքից իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին.

6) մարդու իրավունքների պաշտպանը` իր պարտականությունները կատարելու կապակցությամբ իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին.

7) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամը՝ իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում և դրանից հետո՝ պաշտոնավարման ընթացքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացված վարչական վարույթի առնչությամբ, բացառությամբ տվյալ վարույթի ընթացքում թույլ տված սխալների և չարաշահումների քննության դեպքի։

3. Վկան պարտավոր է`

1) ցուցմունքներ տալու, քննչական և այլ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելու համար ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.

2) տալ ճշմարտացի ցուցմունքներ` հայտնել գործով իրեն ամբողջ հայտնի դարձածը և պատասխանել առաջադրված հարցերին, ստորագրությամբ հաստատել քննչական կամ այլ դատավարական գործողության, արձանագրության մեջ իր տված ցուցմունքների գրառումների ճշտությունը.

3) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով տրամադրել իր մոտ եղած առարկաները, փաստաթղթերը, ինչպես նաև նմուշներ` համեմատական հետազոտման համար.

4) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման.

5) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել արտահիվանդանոցային փորձաքննության` ստուգելու համար քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու նրա ունակությունը, եթե հիմքեր կան կասկածի տակ դնելու նրա այդպիսի ունակությունը.

6) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի իրավաչափ կարգադրություններին.

7) չմեկնել այլ վայր` առանց դատարանի թույլտվության կամ առանց քրեական հետապնդման մարմնին իր գտնվելու նոր վայրի մասին նախապես տեղեկացնելու.

8) առանց նախագահողի թույլտվության չլքել դատական նիստերի դահլիճը կամ դատարանի շենքը.

9) դատական նիստի ժամանակ պահպանել կարգուկանոն:

4. Վկայի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:

5. Վկան իրավունք ունի`

1) իմանալ, թե որ քրեական գործով է կանչվում.

2) հրաժարվել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց, եթե ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ.

3) հրաժարվել նյութեր և տեղեկություններ ներկայացնելուց, եթե ողջամտորեն ենթադրում է, որ դրանք հետագայում կարող են օգտագործվել ի վնաս իրեն, իր ամուսնու կամ մերձավոր ազգականների.

4) ցուցմունքներ տալիս քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ օգտվել փաստաթղթերից և իր գրավոր նշումներից.

5) ցուցմունքներ տալիս կազմել պլաններ, սխեմաներ և գծանկարներ.

6) անձամբ շարադրել մինչդատական վարույթի ընթացքում տրվող իր ցուցմունքները.

7) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրությանը, ինչպես նաև համապատասխան մասով` դատական նիստի արձանագրությանը և իր ցուցմունքների գրառումների լրիվության և ճշտության հետ կապված դիտողություններ անել, որոնք մտցվում են արձանագրության մեջ.

8) ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցում.

9) հետ ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես իրեղեն ապացույց կամ այլ հիմքերով իրենից վերցված գույքը, իրեն պատկանող պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները:

10) քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալ փաստաբանի հետ:

(86-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-113-Ն, փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 23.05.06 ՀՕ-104-Ն, խմբ. 15.11.06 ՀՕ-181-Ն, լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, լրաց, խմբ. 16.01.18 ՀՕ-69-Ն, լրաց. 03.03.21 ՀՕ-105-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։