Հոդված 13. Գույքի անձեռնմխելիությունը
Հոդված 13. Գույքի անձեռնմխելիությունը
1. Քրեական դատավարության ընթացքում անձանց բանկային ավանդների և այլ գույքի վրա կալանք կարող է դրվել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի որոշմամբ:
2. Դատավարական գործողությունների կատարման ընթացքում առգրավվող գույքը պետք է նշվի և մանրամասն նկարագրվի համապատասխան դատավարական գործողության արձանագրության մեջ, որի երկրորդ օրինակը տրվում է գույքը տիրապետողին:
3. Դատավարության ընթացքում դրամական տույժեր նշանակելը, ինչպես նաև գույքը հարկադրաբար օտարելը կարող են կատարվել միայն դատարանի որոշմամբ:
⚖Հոդված 14. Նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը
1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք: Քրեական դատավարության ընթացքում արգելվում է անձին նշված իրավունքներից ապօրինի զրկելը կամ այդ իրավունքները սահմանափակելը:
2. Քրեական դատավարության ընթացքում նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելը, հեռախոսային խոսակցությունները լսելը կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:
⚖Հոդված 15. Քրեական դատավարության լեզուն
1.Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարության լեզուն հայերենն է:
2. Քրեական դատավարությանը մասնակցող անձինք, բացառությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի, իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը: Քրեական դատավարությանը մասնակցող մեղադրյալին, եթե նա չի տիրապետում հայերենին, դատարանը պարտավոր է պետական միջոցների հաշվին ապահովել թարգմանչի ծառայություններով, բացառությամբ երբ մեղադրյալը ցանկանում է իր հաշվին ապահովել թարգմանությունը:
3. Քրեական դատավարության մասնակցին (բացառությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի) նրա նախաձեռնությամբ նշանակված փորձագետին, նրա միջնորդությամբ հրավիրված մասնագետին կամ վկային դատարանը պետական միջոցների հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատասխան անձը չի տիրապետում հայերենին, և անձն ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար:
4. Քրեական դատավարությանը մասնակցող անձինք (բացառությամբ վկայի) դատավարական բոլոր փաստաթղթերը ներկայացնում են հայերեն կամ այլ լեզվով՝ հայերեն պատշաճ թարգմանությամբ: Նշված պահանջը չպահպանելու դեպքում դատավարական փաստաթղթերը քրեական վարույթն իրականացնող մարմինը չի քննարկում կամ չի թույլատրում, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
5. Լսողական կամ խոսակցական սահմանափակումներ ունեցող անձինք, սույն հոդվածի դրույթներին համապատասխան, ապահովվում են գործի նյութերին ծանոթանալու, սույն օրենսգրքով սահմանված այլ իրավունքներից օգտվելու և պարտականություններ կրելու հնարավորությամբ` սուրդոթարգմանչի միջոցով:
6. Քրեական դատավարությանը մասնակցող` տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի համար դատավարական փաստաթղթերի և դատական ակտերի հասանելիությունն ապահովվում է օգնականի միջոցով` պետական միջոցների հաշվին:
7. Հայաստանի Հանրապետության հաշվին թարգմանչի ծառայություններ մատուցելու անհրաժեշտություն առաջանալիս սույն հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված դեպքերում քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա թարգմանիչ, սուրդոթարգմանիչ կամ օգնական նշանակելու կարգը, թարգմանչի, սուրդոթարգմանչի կամ օգնականի վարձատրության չափը և կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:
(15-րդ հոդվածը լրաց., փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-211-Ն)