Հոդված 331. ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՐՈՒՑԵԼԸ և ԼՈՒԾԵԼԸ
Հոդված 331. ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՐՈՒՑԵԼԸ և ԼՈՒԾԵԼԸ
1. Նախագահողը հարցնում է մեղադրանքի կողմին և պաշտպանության կողմին, թե արդյոք նրանք ունեն միջնորդություններ նոր ապացույցներ պահանջելու և գործին կցելու մասին: Միջնորդություն հարուցող անձը պարտավոր է ցույց տալ, թե հատկապես ինչ հանգամանքներ պարզելու համար են անհրաժեշտ լրացուցիչ ապացույցները:
2. Յուրաքանչյուր հարուցված միջնորդություն դատարանը պարտավոր է քննարկել, լսել կողմերի կարծիքը: Եթե հանգամանքները, որոնց բացահայտման համար հարուցված է միջնորդությունը, կարող են նշանակություն ունենալ գործի համար, կամ նյութը, որի ապացուցողական նշանակությունը վիճարկվում է, ստացված է օրենքի էական խախտումով, դատարանը բավարարում է միջնորդությունը: Միջնորդությունը մերժելու մասին դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում: Դատարանի կողմից միջնորդության մերժումը չի սահմանափակում միջնորդություն հարուցող անձի իրավունքը` նույն միջնորդությունը հարուցել հետագայում:
3. Դատարանն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ որոշում կայացնել վկաներ կանչելու, փորձաքննություն նշանակելու, այլ ապացույցներ պահանջելու մասին: