Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-20-ից մինչև 2022-08-20։Բացել գործող տեքստը
ԿՈՂՄԵՐԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔԳլուխ 7 · ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԿՈՂՄԸ

Հոդված 55. Քննիչը

գործել է մինչև 2022-08-20Բացել ARLIS-ում

Հոդված 55. Քննիչը

1. Քննիչը պետական պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում քրեական գործով իրականացնում է նախաքննություն:

2. Քննիչը լիազորված է հանցագործության դեպքով նախապատրաստել նյութեր և հարուցել քրեական գործ և սույն օրենսգրքով սահմանված ենթակայության կանոններին համապատասխան գործն ընդունել իր վարույթ կամ քննության համար ուղարկել այլ քննիչի, իր վարույթում եղած գործի քննության ընթացքում հարուցել քրեական գործ, եթե հայտնաբերվել է նոր հանցագործության դեպք, որը կատարել է այլ անձ: Քննիչը նաև իրավասու է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան մերժել քրեական գործ հարուցելը: Քննիչը քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկում է դատախազին` որոշման օրինականությունը ստուգելու նպատակով:

3. Քրեական գործն իր վարույթն ընդունելուց հետո քննիչը գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար լիազորված է ինքնուրույն ուղղություն տալ քննությանը, ընդունել անհրաժեշտ որոշումներ, սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան իրականացնել քննչական և այլ դատավարական գործողություններ, բացառությամբ այն դեպքերի, երբ քրեական դատավարական օրենքով նախատեսվում է դատարանից ստանալ թույլտվություն: Քննիչը պատասխանատվություն է կրում քննչական և այլ դատավարական գործողություններն օրինական ու ժամանակին կատարելու համար:

4. Քննիչը, մասնավորապես, լիազորված է`

1) մինչև քրեական գործ հարուցելը նախապատրաստվող նյութերով կատարել դեպքի վայրի զննություն, հետազոտման համար վերցնել նմուշներ և նշանակել փորձաքննություն.

2) հարցաքննել կասկածյալին, մեղադրյալին, տուժողին, վկային, նշանակել փորձաքննություն, կատարել զննություններ, խուզարկություններ, առգրավումներ և այլ քննչական գործողություններ.

3) միջոցներ ձեռնարկել վնասը տուժած անձին հատուցելու համար.

4) պահանջել փաստաթղթեր և նյութեր, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքի և դրան առնչվող անձանց մասին.

5) ստուգումներ, վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ կատարելու որոշում ընդունել, եթե առկա են քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալներ այն մասին, որ քրեական գործով ապացուցման ենթակա մի շարք հանգամանքներ (հանգամանք) կարող են (է) հերքվել կամ հաստատվել տվյալ ստուգմամբ, վերստուգմամբ, գույքագրմամբ կամ այլ ստուգողական գործողությամբ: Կայացված որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին, որի օրինականությունը ենթակա է ստուգման յոթօրյա ժամկետում.

6) իր իրավասության սահմաններում նախապատրաստվող նյութերով և քրեական գործով հետաքննության մարմնից տեղեկություններ ստանալ օպերատիվ-հետախուզական գործողությունների իրականացման և հանցագործությունների բացահայտման, անհայտ կորած անձանց և կորած գույքի հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին.

7) իր կողմից նախապատրաստվող նյութերով և քրեական գործով հետաքննության մարմնին նրա համար պարտադիր գրավոր հանձնարարություններ տալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման մասին.

8) հետաքննության մարմնին հանձնարարել իրագործելու ձերբակալման, բերման ենթարկելու, կալանավորման, այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ որոշումները, ինչպես նաև հետաքննության մարմնից անհապաղ աջակցություն ստանալ քննչական և այլ դատավարական գործողություններ իրականացնելիս.

9) կատարված հանցագործության մասին հետաքննության մարմնից հաղորդում ստանալիս մեկնել դեպքի վայր և ներգրավվել գործի քննությանը` քրեական գործ հարուցելու կամ հարուցված գործն իր վարույթ վերցնելու միջոցով.

10) առանձին քննչական գործողությունների կատարումը հանձնարարել հետաքննության մարմնին.

11) կանչել անձանց որպես վկա.

12) գործին մասնակից դարձնել ընթերականեր, թարգմանիչներ, մասնագետներ, փորձագետներ.

13) ձերբակալել հանցագործության համար կասկածվող անձին և որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին.

14) որոշում կայացնել անձին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, մեղադրանք առաջադրել, այդ մասին 24 ժամվա ընթացքում տեղյակ պահել դատախազին.

15) ճանաչել տուժող, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող.

16) ապահովել փաստաբանների նշանակումը քրեական գործով որպես պաշտպաններ և թույլ տալ անձանց քրեական գործով վարույթին մասնակցել որպես ներկայացուցիչներ.

17) պաշտպաններին և ներկայացուցիչներին հեռացնել քրեական գործով վարույթին մասնակցելուց, եթե կհայտնաբերվեն քրեական դատավարությանը նրանց մասնակցությունը բացառող` սույն օրենսգրքի 93 հոդվածում նշված հանգամանքները.

18) համապատասխան անձանց ազատել իրավաբանական օգնություն ստանալու համար սահմանված վճարումներից.

19) լուծել ընթերակային, թարգմանչին, մասնագետին, փորձագետին հայտնած բացարկները.

20) լուծել քրեական դատավարությանը մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև այլ անձանց հայտարարությունները և դիմումները.

21) իր իրավասության սահմաններում լուծել քրեական դատավարությանը մասնակցող անձանց բողոքները.

22) որոշում ընդունել խափանման միջոցներ ընտրելու, փոխելու, վերացնելու և դատավարական հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու մասին, բացառությամբ կալանքի, իր որոշմամբ ազատել կալանքի տակ պահվող այն մեղադրյալին, որի կալանքի տակ պահելու ժամկետը լրացել է.

23) որոշում ընդունել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին և այդ որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին.

24) դիմել դատարան` մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության միջնորդություններով.

25) անհրաժեշտությունը վերանալու դեպքում վերացնել նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա դրված կալանքը, հեռախոսային խոսակցությունները լսելը.

26) հսկող դատախազի գրավոր ցուցումների կամ որոշումների վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացնել վերադաս դատախազին՝ չկասեցնելով դրանց կատարումը.

27) որպես մեղադրյալ ներգրավելու, հանցագործությունը որակելու և մեղադրանքի ծավալի, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու կամ նախաքննությունն ավարտելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատախազի ցուցումներին համաձայն չլինելու դեպքում անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում դրանց վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացնել վերադաս դատախազին՝ առանց այդ ցուցումները կատարելու.

28) ընդունել որոշում քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին և այդ որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին որոշման օրինականությունը ստուգելու նպատակով.

29) կազմել և դատախազի հաստատմանը ներկայացնել մեղադրական եզրակացություն, իսկ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքն անմեղսունակ վիճակում կատարած կամ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարելուց հետո անմեղսունակ դարձած անձանց նկատմամբ քրեական գործերով` եզրափակիչ որոշում.

30) քրեական գործի քննության ընթացքում գույքի ապօրինի ձեռքբերման ենթադրյալ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում առաջարկ ներկայացնել դատախազին՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուսումնասիրություն սկսելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:

5. Քննիչը պարտավոր է կատարել դատախազի օրինական ցուցումները:

5.1. Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում քննիչի կողմից իր լիազորությունների սահմաններում քրեական գործով կայացված որոշումը ենթակա է պարտադիր կատարման բոլոր կազմակերպությունների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից:

6. Քննիչն իրականացնում է նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

(55-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն, խմբ., փոփ. 06.12.16 ՀՕ-214-Ն, լրաց. 16.04.20 ՀՕ-254-Ն, խմբ. 01.06.20 ՀՕ-299-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։