Հոդված 285. ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒՄԸ
Հոդված 285. ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒՄԸ
1. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում դատախազը կամ քննիչը միջնորդություն է հարուցում դատարան` խափանման միջոցի այդ տեսակը ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին: Միջնորդություն հարուցելու որոշման մեջ պետք է շարադրվեն այն շարժառիթները և հիմքերը, որոնց հիման վրա առաջացել է մեղադրյալին կալանավորելու անհրաժեշտություն: Որոշմանը կցվում են միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերը:
2. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին որոշումը ենթակա է անհապաղ քննման նախաքննության կատարման վայրի կամ ձերբակալման վայրի դատարանում, դատավորի կողմից միանձնյա` միջնորդություն ներկայացրած անձի, պաշտպանի մասնակցությամբ, եթե նա մասնակցում է գործին: Ժամանակին ծանուցված պաշտպանի չներկայանալը չի խոչընդոտում միջնորդության քննմանը դատարանում:
3. Դատական նիստին, որպես կանոն, պետք է ներկա գտնվի անազատության մեջ գտնվող մեղադրյալը: Դատարանն իրավունք ունի դատական նիստին կանչել տուժողին և նրա ներկայացուցչին, մեղադրյալին և նրա օրինական ներկայացուցչին:
4. Միջնորդությունը քննարկելիս դատավորն իրավունք ունի պահանջել միջնորդությունը հիմնավորող լրացուցիչ նյութեր, բացատրություններ:
5. Քննելով միջնորդությունը` դատավորը որոշում է կայացնում մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ միջնորդությունը մերժելու մասին: Դատավորի որոշումը հանձնվում է տվյալ խափանման միջոցը ընտրելու մասին միջնորդություն հարուցած անձին, ուղարկվում է մեղադրյալին, տուժողին և ենթակա է անհապաղ կատարման:
6. Տվյալ խափանման միջոցն ընտրելու նպատակով հարուցված միջնորդությունը դատավորի կողմից մերժելու մասին որոշումից հետո նույն գործով նույն անձին կալանավորելու միջնորդությամբ կրկին դատարան դիմելը հնարավոր է միայն կալանավորումը հիմնավորող նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում:
7. Որպես խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին որոշում կայացնելու դեպքում մեղադրյալը մնում է կալանքի տակ, քանի դեռ որոշված գումարը փաստացի մուծված չէ դատարանի դեպոզիտ: