Հոդված 398. ՔՐԵԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԷԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ
Հոդված 398. ՔՐԵԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԷԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ
1. Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:
2. Դատավճիռը պետք է բեկանվի, երբ դատաքննության միակողմանիությունը կամ ոչ լրիվությունը հետևանք են թույլատրելի ապացույցները գործից սխալմամբ հանելու կամ այն ապացույցների հետազոտման հարցում կողմի միջնորդությունն անհիմն մերժելու համար, որոնք կարող էին նշանակություն ունենալ գործի համար:
3. Դատավճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`
1) գործով վարույթի կարճման կամ քրեական հետապնդման դադարեցման համար հիմքերի առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը չի կարճել վարույթը կամ չի դադարեցրել հետապնդումը.
2) դատավճիռը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով.
3) գործը քննվել է ամբաստանյալի բացակայությամբ.
4) գործը քննվել է պաշտպանի բացակայությամբ, երբ նրա մասնակցությունը, համաձայն օրենքի, պարտադիր էր, կամ այլ կերպ խախտվել է մեղադրյալի` պաշտպան ունենալու իրավունքը.
5) դատարանում խախտվել է մայրենի լեզվից և թարգմանչի ծառայություններից օգտվելու` ամբաստանյալի իրավունքը.
6) անձամբ իր պաշտպանությունն իրականացրած ամբաստանյալին իրավունք չի վերապահվել մասնակցելու դատական վիճաբանություններին.
7) ամբաստանյալին չի տրվել վերջին խոսքի իրավունք.
8) խախտվել է դատավճիռ կայացնելու գաղտնիության սկզբունքը.
9) գործում բացակայում է դատական նիստի արձանագրությունը.
10) դատավճռում իսպառ բացակայում է դրա նկարագրական-պատճառաբանական մասը.
11) խախտվել է գործի քննության ընդդատությունը:
4. Գտնելով, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել սույն հոդվածի երրորդ մասի 2-11-րդ կետերով նախատեսված խախտում, վերաքննիչ դատարանը բեկանում է դատավճիռը և կայացնում նոր դատավճիռ, իսկ 1-ին կետով նախատեսված դեպքում` բեկանում է դատավճիռը, կարճում է գործի վարույթը և դադարեցնում քրեական հետապնդումը:
5. Եթե առաջին ատյանի դատարանը գործով թույլ է տվել քրեադատավարական օրենքի այլ էական խախտում, վերաքննիչ դատարանը կատարում է դատական քննություն` միջոցներ ձեռնարկելով վերացնելու թույլ տրված խախտումները, բեկանում է առաջին ատյանի դատարանի դատավճիռը և, հաշվի առնելով գործի քննության արդյունքները, կայացնում է նոր դատավճիռ:
6. Վերաքննիչ դատարանը բեկանում է դատավճիռը և գործն ուղարկում լրացուցիչ նախաքննության, եթե թույլ են տրվել քրեադատավարական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության վրա և որոնք չեն կարող վերացվել դատական քննությամբ:
(398-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
(«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 9-րդ մասի հիմքերով ՀՀ Սահմանադրության 19 հոդվածին (1-ին մաս) հակասող և անվավեր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 311 հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև 292 հոդվածի 5-րդ կետի, 297 հոդվածի, 363 հոդվածի 2-րդ մասի, 394 հոդվածի 5-րդ մասի, 398 հոդվածի 6-րդ մասի, 421 հոդվածի 3-րդ մասի դրույթները և 419 հոդվածի 2-րդ կետի լրացուցիչ նախաքննություն նախատեսող դրույթը 24.07.07 ՍԴՈ-710 որոշմամբ:)