Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-20-ից մինչև 2022-08-20։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-08-20-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸԳլուխ 18 · ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 134. ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ և ՏԵՍԱԿՆԵՐԸ

գործել է մինչև 2022-08-20ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 134. ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ և ՏԵՍԱԿՆԵՐԸ

1. Խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով:

2. Խափանման միջոցներն են`

1) կալանավորումը.

2) գրավը.

3) ստորագրություն` չհեռանալու մասին.

4) անձնական երաշխավորությունը.

5) կազմակերպության երաշխավորությունը.

6) հսկողության հանձնելը.

7) հրամանատարության հսկողության հանձնելը:

3. Կալանավորումը կարող է կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ: Հսկողության հանձնելը կարող է կիրառվել միայն անչափահասի նկատմամբ: Հրամանատարության հսկողությանը հանձնելը կարող է կիրառվել միայն զինծառայողի կամ զինապարտի նկատմամբ` զորահավաքներ անցնելու ժամանակահատվածում:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խափանման միջոցները չեն կարող կիրառվել մեկը մյուսի հետ կապակցված, բացառությամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի, որը կարող է կիրառվել սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների հետ կապակցված:

(134-րդ հոդվածը խմբ. 14.04.20 ՀՕ-196-Ն)

(հոդվածի 15.10.19 ՍԴՈ-1480 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 14.04.20 ՀՕ-196-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխությամբ)

&#9878Հոդված 135. ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

1. Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:

2. Կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն:

3. Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`

1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.

2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը.

3) տարիքը և առողջական վիճակը.

4) սեռը.

5) զբաղմունքի տեսակը.

6) ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը.

7) գույքային դրությունը.

8) բնակության մշտական վայրի առկայությունը.

9) այլ էական հանգամանքներ:

(135-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ. 16.01.18 ՀՕ-69-Ն, 23.03.18 ՀՕ-211-Ն)

&#9878Հոդված 136. ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Խափանման միջոցը կիրառվում է դատարանի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի որոշմամբ: Խափանման միջոց կիրառելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված, բովանդակի մեղադրյալին կամ կասկածյալին վերագրվող հանցագործության մասին նշումներ և համապատասխան խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության մասին հիմնավորում: Գրավը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացնելու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշման մեջ նշում է գրավի գումարի չափը կամ գրավի առարկան:

2. Կալանավորումը կիրառվում է միայն դատարանի որոշմամբ` մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի միջնորդությամբ, իսկ դատարանում քրեական գործը քննելիս՝ մեղադրանքի կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ:

Քրեական պատասխանատվության անձեռնմխելիությունից օգտվող անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերի առկայության դեպքում դատախազը համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմում է համապատասխան մարմիններին:

3. Քրեական վարույթն իրականացնող մարմինը կասկածյալին կամ մեղադրյալին հայտարարում է խափանման միջոց կիրառելու մասին իր որոշումը և անմիջապես նրան է հանձնում որոշման պատճենը:

(136-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց., խմբ. 14.04.20 ՀՕ-196-Ն)

&#9878Հոդված 137. ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

1. Կալանավորումն օրենքով նախատեսված տեղերում և պայմաններում անձին կալանքի տակ պահելն է:

2. Կալանավորված անձը չի կարող 3 օրվանից ավելի պահվել ձերբակալվածներին պահելու վայրերում, բացի այն դեպքերից, երբ ձերբակալվածներին պահելու վայրից քննչական մեկուսարան կամ, օրենքի պահանջներին համապատասխան, կալանավորվածներին պահելու այլ վայրեր նրա տեղափոխումը հնարավոր չէ տրանսպորտային հաղորդակցության բացակայության պատճառով:

3. Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանն իրավասու են քննչական մեկուսարանի վարչակազմին տալ ցուցումներ` մեկ քրեական գործով, ինչպես նաև իրար հետ կապված մի քանի քրեական գործերով մեղադրյալներին միմյանցից անջատ պահելու, կալանավորված այլ անձանց հետ մեղադրյալի հաղորդակցվելը կանխելու վերաբերյալ, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ցուցումներ, որոնք չեն հակասում կալանավորվածներին պահելու` օրենքով սահմանված ռեժիմին: Տրված ցուցումները պարտադիր են քննչական մեկուսարանի վարչակազմի համար:

4. Դատարանն անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժում է, եթե սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ` այլ խափանման միջոցներ ընտրելու հարցի լուծումը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը:

Մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառված լինելու դեպքում դատարանը հետագայում պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է թույլատրելի ճանաչել այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը: Նման միջնորդություն կարող է ներկայացվել, եթե առկա են այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չէին կամ չէին կարող հայտնի լինել:

5. Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:

(137-րդ հոդվածը խմբ. 14.04.20 ՀՕ-196-Ն)

(հոդվածի 15.10.19 ՍԴՈ-1480 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 14.04.20 ՀՕ-196-Ն օրենքի 4-րդ հոդվածի փոփոխությամբ)

&#9878Հոդված 138. ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ

1. Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը հաշվվում է ձերբակալելիս անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից, իսկ եթե նա չի ձերբակալվել, ապա այդ խափանման միջոցն ընտրելու մասին դատարանի որոշումը կատարելու պահից:

2. Կալանքի տակ պահելու ժամկետի մեջ հաշվակցվում է այն ժամանակը, երբ անձը գտնվել է`

1) արգելանքի տակ` նրան ձերբակալելիս և կալանավորելիս.

2) բժշկական հաստատությունում` քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հիվանդանոցային փորձաքննություն, ինչպես նաև քրեական գործով վարույթի ընթացքում հայտնաբերված ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարումից բուժում անցնելու ընթացքում, այդ թվում` կասկածյալի և մեղադրյալի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելիս:

3. Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինել 2 ամսից ավելի, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Ընդ որում, գումարվում են կալանքի տակ և բժշկական հաստատությունում անձի գտնվելու, մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետի մեջ հաշվակցվող բոլոր ժամկետները: Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է այն օրը, երբ դատախազը քրեական գործն ուղարկում է դատարան, կամ կալանավորումը` որպես խափանման միջոց վերացվում է:

4. Քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը, հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը, դատարանի կողմից կարող է երկարացվել մինչև 6 ամիս, իսկ բացառիկ դեպքերում, երբ անձը մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ՝ մինչև 12 ամիս։ Կալանքի տակ պահելու ժամկետի հետագա երկարացումն արգելվում է, բացառությամբ սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերի։

Միևնույն քրեական գործով, ինչպես նաև դրան միացված կամ դրանից անջատված քրեական գործով մեղադրյալին կրկին կալանքի տակ վերցնելու դեպքում կալանքի տակ մնալու ժամկետը հաշվվում է` այն ժամանակը հաշվի առնելով, որը մեղադրյալը ավելի վաղ անցկացրել է կալանքի տակ:

5. (մասն ուժը կորցրել է 14.04.20 ՀՕ-196-Ն)

6. Դատարանում գործի քննության ընթացքում մեղադրյալին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետ չի սահմանվում:

(138-րդ հոդվածը փոփ., խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 14.04.20 ՀՕ-196-Ն)

&#9878Հոդված 139. ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՈՒՄԸ

1. Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը, դատախազը, ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 10 օր առաջ, պետք է դատարան ներկայացնեն պատճառաբանված միջնորդություն: Դատարանը, համաձայնվելով կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտությանը, ոչ ուշ, քան դատարանի կալանքի տակ պահելու որոշած ժամկետը լրանալուց 5 օր առաջ, համապատասխան որոշում է կայացնում: Այն դեպքում, երբ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտությունը կապված է նրա կամ նրա պաշտպանի կողմից գործի նյութերին ծանոթանալու հետ, ապա համապատասխան միջնորդությունը դատախազը կամ դատախազի համաձայնությամբ՝ քննիչը կարող է դատարան ներկայացնել կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 5 օր առաջ:

Կալանքի տակ գտնվող մեղադրյալին և նրա պաշտպանին քրեական գործի նյութերը ծանոթանալու համար ներկայացվում են կալանքի տակ պահելու սույն օրենսգրքի 138-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված առավելագույն ժամկետները լրանալուց ոչ ուշ, քան 30 օր առաջ, և եթե մեղադրյալն ու նրա պաշտպանը չեն հասցնում նշված ժամկետում ծանոթանալ գործի նյութերին, ապա մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը սույն օրենսգրքով սահմանված կարգով և 138-րդ հոդվածի չորրորդ մասով սահմանված ժամկետների շրջանակներում կարող է երկարաձգվել մինչև գործի նյութերին մեղադրյալի ու նրա պաշտպանի ծանոթանալը և դատախազի կողմից գործը դատարան ուղարկելը։ Գործով մի քանի մեղադրյալի առկայության դեպքում կալանքի ժամկետը կարող է երկարացվել նաև մնացած մեղադրյալների մասով, եթե չեն վերացել նրանց կալանքի տակ պահելու հիմքերը։

2. Դատարանը մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժում է, եթե սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ` այլ խափանման միջոցներ ընտրելու հարցի լուծումը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը:

Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացված լինելու դեպքում դատարանը հետագայում պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է թույլատրելի ճանաչել այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը: Նման միջնորդություն կարող է ներկայացվել, եթե առկա են այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չէին կամ չէին կարող հայտնի լինել:

3. Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշում կայացնելիս դատարանը կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնում է սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում` յուրաքանչյուր դեպքում 2 ամսից ոչ ավելի ժամանակով:

4. (մասն ուժը կորցրել է 14.04.20 ՀՕ-196-Ն)

(139-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ., փոփ. 14.04.20 ՀՕ-196-Ն)

(հոդվածի 15.10.19 ՍԴՈ-1480 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 14.04.20 ՀՕ-196-Ն օրենքի 6-րդ հոդվածի փոփոխությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։