Հոդված 284. ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 284. ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Անձանց նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակում նախատեսող օպերատիվ-հետախուզական միջոցառումները, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել, կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ:
2. Սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն է տալիս Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը:
3. Սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն տալու համար հիմք է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի պատճառաբանված որոշումը, որում պարունակվում է միջնորդություն` այդ միջոցառումների իրականացման թույլտվություն ստանալու վերաբերյալ: Որոշման մեջ նշվում են օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման հիմքերը, այն տվյալները, որոնք նախատեսվում է ստանալ դրա արդյունքում, միջոցառման իրականացման տեղը և ժամկետը, ինչպես նաև այն բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են դատարանին` որոշում կայացնելու համար: Որոշմանը կցվում են բոլոր այն նյութերը, որոնք հիմնավորում են օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը: Որոշումը և դրան կցվող նյութերը դատարան է ներկայացվում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից:
4. Միջնորդությունը քննարկում է դատավորը միանձնյա: Միջնորդության քննարկմանը միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձը կամ նրա ներկայացուցիչը մասնակցում է դատարանի պահանջով կամ միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձի նախաձեռնությամբ: Միջնորդությունը պետք է քննարկվի, և որոշում կայացվի այն ստացվելուց հետո` 12 ժամվա ընթացքում:
5. Դատավորի պահանջով նրան են ներկայացվում նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող այլ նյութեր` բացառությամբ այն դեպքերի, երբ կա պետական կամ ծառայողական գաղտնիքի խախտման վտանգ կամ, երբ դրանով կարող են բացահայտվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցները և այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձինք, համապատասխան տեղեկությունների ստացման աղբյուրները և դրանց ստացման եղանակները: Օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով դատավորը կարող է համապատասխան պաշտոնատար անձից պահանջել բացատրություններ և լրացուցիչ նյութեր:
6. Հարցի քննարկման արդյունքներով դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու` թույլտվություն տալու կամ միջնորդությունը մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը: Համապատասխան նյութերը դատարանը վերադարձնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին:
7. Դատարանի որոշման գործողության ժամկետը հաշվարկվում է դրա կայացման օրվանից և չի կարող գերազանցել վեց ամիսը, եթե որոշմամբ այլ բան նախատեսված չէ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու ժամկետը կարող է երկարացվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի` նման միջնորդություն պարունակող հիմնավորված որոշման հիման վրա, սույն հոդվածով սահմանված կարգով:
8. Այն դեպքերում, երբ սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման հապաղումը կարող է հանգեցնել տեռորիստական ակտի կատարմանը, կամ հնարավոր են Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությանն սպառնացող իրադարձություններ կամ գործողություններ, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշման հիման վրա թույլատրվում է նման միջոցառումների իրականացումը` 48 ժամվա ընթացքում այդ մասին ծանուցելով դատարանին` նրան ներկայացնելով սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված փաստաթղթերը: Այն դեպքերում, երբ դատարանը բավարար չի համարում սույն հոդվածով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման հիմքերը, դրա իրականացումն անմիջապես դադարեցվում է, իսկ դրա իրականացման արդյունքում ձեռք բերված տեղեկությունները և նյութերը ենթակա են անհապաղ ոչնչացման: Հակառակ դեպքում` դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու մասին` սույն հոդվածով սահմանված կարգով:
(284-րդ հոդվածը խմբ. 14.11.19 ՀՕ-217-Ն, փոփ. 25.03.20 ՀՕ-210-Ն)
(284-րդ հոդվածի 1-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերին հակասող և անվավեր 28.11.2010 ՍԴՈ-926 որոշմամբ)