Հոդված 419. Բողոքը քննող դատարանի որոշումները
Հոդված 419. Բողոքը քննող դատարանի որոշումները
Դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը`
1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանների կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտերը թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված են, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է լրացուցիչ նախաքննության կամ համապատասխան ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ.
3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.
4) բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը, եթե ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս նման փոփոխության, և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.
5) կարճում է գործի վարույթը և դադարեցնում քրեական հետապնդումն ամբողջությամբ կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում քաղաքացիական հայցն ամբողջությամբ կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու կամ քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ.
6) վերաքննիչ դատարանի դատական ակտը վերանայելիս օրինական ուժ է տալիս առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի դատական ակտերից որևէ մեկին:
(419-րդ հոդվածը խմբ. 07.07.06 ՀՕ-152-Ն)
(«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 9-րդ մասի հիմքերով ՀՀ Սահմանադրության 19 հոդվածին (1-ին մաս) հակասող և անվավեր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 311 հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև 292 հոդվածի 5-րդ կետի, 297 հոդվածի, 363 հոդվածի 2-րդ մասի, 394 հոդվածի 5-րդ մասի, 398 հոդվածի 6-րդ մասի, 421 հոդվածի 3-րդ մասի դրույթները և 419 հոդվածի 2-րդ կետի լրացուցիչ նախաքննություն նախատեսող դրույթը 24.07.07 ՍԴՈ-710 որոշմամբ:)