Անցնել բովանդակությանը
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 118

գործել է մինչև 2015-08-12Բացել ARLIS-ում

Հոդված 118

Պայմանագրից դուրս գալը

1. Ցանկացած անդամ պետություն իրավունք ունի դուրս գալու սույն Պայմանագրից՝ դիվանագիտական ուղիներով սույն Պայմանագրի ավանդապահին ուղարկելով գրավոր ծանուցում սույն Պայմանագրից դուրս գալու իր մտադրության մասին։ Այդ պետության մասով սույն Պայմանագրի գործողությունը դադարում է սույն Պայմանագրի ավանդապահի կողմից այդ ծանուցումն ստանալու օրվանից 12 ամիս հետո։

2. Անդամ պետությունը, որը սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ծանուցել է սույն Պայմանագրից դուրս գալու իր մտադրության մասին, պարտավոր է կարգավորել սույն Պայմանագրին իր մասնակցության առնչությամբ ծագած ֆինանսական պարտավորությունները։ Տվյալ պարտավորությունն ուժի մեջ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ այդ պարտավորությունն ամբողջովին չի կատարվել՝ անկախ սույն Պայմանագրից պետության դուրս գալու հանգամանքից։

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ծանուցման հիման վրա Բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունում սույն Պայմանագրին անդամ պետության մասնակցության առնչությամբ ծագած ֆինանսական պարտավորությունները կարգավորելու գործընթացն սկսելու մասին։

4. Սույն Պայմանագրից դուրս գալն ինքնաբերաբար հանգեցնում է Միության անդամակցության դադարմանը և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերից դուրս գալուն։

Կատարված է Աստանա քաղաքում, 2014 թվականի մայիսի 29-ին, մեկ օրինակից՝ բելառուսերենով, ղազախերենով և ռուսերենով, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են։

Սույն Պայմանագրի մեկնաբանման հետ կապված տարաձայնություններ առաջանալիս կիրառվում է ռուսերենով կազմված տեքստը։

Սույն Պայմանագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Պայմանագրի ավանդապահ, յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը։

Բելառուսի

Հանրապետության

կողմից Ղազախստանի

Հանրապետության

կողմից Ռուսաստանի

Դաշնության

կողմից

/ստորագրություն/ /ստորագրություն/ /ստորագրություն/

ՀԱՎԵԼՎԱԾ 1

«Եվրասիական տնտեսական

միության մասին» պայմանագրի

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին

I. Ընդհանուր դրույթներ

1. «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 18-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Հանձնաժողովը Միության մշտապես գործող կարգավորող մարմինն է։

Հանձնաժողովի հիմնական խնդիրները Միության գործունեության և զարգացման պայմանների ապահովումն է, ինչպես նաև Միության շրջանակներում տնտեսական ինտեգրման ոլորտում առաջարկների մշակումը։

2. Հանձնաժողովն իրականացնում է իր գործունեությունը՝ հիմնվելով հետևյալ սկզբունքների վրա.

1) անդամ պետությունների ազգային շահերը հաշվի առնելու, իրավահավասարության և փոխշահավետության ապահովում,

2) ընդունվող որոշումների տնտեսական հիմնավորվածություն,

3) բաց լինելը, հրապարակայնություն և օբյեկտիվություն։

3. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Միության շրջանակներում կնքված Պայմանագրով և միջազգային պայմանագրերով նախատեսված լիազորությունների սահմաններում՝ հետևյալ ոլորտներում.

1) մաքսասակագնային և ոչ սակագնային կանոնակարգում,

2) մաքսային կանոնակարգում,

3) տեխնիկական կանոնակարգում,

4) սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ,

5) ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրում ու բաշխում,

6) երրորդ երկրների նկատմամբ առևտրային ռեժիմի սահմանում,

7) արտաքին ու փոխադարձ առևտրի վիճակագրություն,

8) մակրոտնտեսական քաղաքականություն,

9) մրցակցային քաղաքականություն,

10) արդյունաբերական և գյուղատնտեսական սուբսիդիաներ,

11) էներգետիկ քաղաքականություն,

12) բնական մենաշնորհներ,

13) պետական և (կամ) մունիցիպալ գնումներ,

14) ծառայությունների փոխադարձ առևտուր և ներդրումներ,

15) տրանսպորտ և փոխադրումներ,

16) արժութային քաղաքականություն,

17) մտավոր սեփականություն,

18) աշխատանքային միգրացիա,

19) ֆինանսական շուկաներ (բանկային ոլորտ, ապահովագրության ոլորտ, արժութային շուկա, արժեթղթերի շուկա),

20) Միության շրջանակներում կնքված Պայմանագրով և միջազգային պայմանագրերով սահմանված այլ ոլորտներ։

4. Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում ապահովում է Միության իրավունքում ներառված միջազգային պայմանագրերի կիրարկումը։

5. Հանձնաժողովն իրականացնում է Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի, Բարձրագույն խորհրդի և Միջկառավարական խորհրդի որոշումների ավանդապահի գործառույթները։

6. Բարձրագույն խորհուրդը կարող է Հանձնաժողովին իրավունք վերապահել ստորագրելու վերջինիս իրավասության սահմաններում գտնվող հարցերին առնչվող միջազգային պայմանագրեր։

7. Միության արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով Հանձնաժողովն իրավունք ունի ստեղծելու խորհրդատվական մարմիններ այն առանձին հարցերի մասով խորհրդատվություն տրամադրելու համար, որոնց վերաբերյալ որոշումներ ընդունելը Հանձնաժողովի իրավասության սահմաններում է։

8. Հանձնաժողովն իրավունք ունի անդամ պետություններից պահանջելու Հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց դիրքորոշումը։ Դիրքորոշումը ներկայացնելու վերաբերյալ հարցումն ուղարկվում է անդամ պետությունների կառավարություններ։ Հանձնաժողովը նաև իրավունք ունի անդամ պետությունների գործադիր իշխանության մարմիններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից պահանջելու իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ։ Հանձնաժողովի՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց հասցեագրված հարցումների պատճենները, բացառությամբ գաղտնի տեղեկություններ պարունակող հարցումների, միաժամանակ ուղարկվում են անդամ պետության գործադիր իշխանության լիազոր մարմին։ Դիրքորոշումը ներկայացնելու կամ տեղեկություններ տրամադրելու մասին հարցումը Հանձնաժողովի անունից ուղարկվում է Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի կամ Հանձնաժողովի կոլեգիայի անդամի կողմից, եթե Պայմանագրով այլ բան սահմանված չէ։

Անդամ պետությունների գործադիր իշխանության մարմիններն ապահովում են պահանջվող տեղեկությունների տրամադրումը Հանձնաժողովի աշխատանքի Կանոնակարգով սահմանված ժամկետում՝ պայմանով, որ այդ տեղեկությունները չեն պարունակում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պետական գաղտնիք համարվող կամ սահմանափակ հասանելիություն ունեցող տեղեկություններ։

Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ պետական գաղտնիք համարվող տեղեկություններ կամ սահմանափակ հասանելիություն ունեցող տեղեկություններ պարունակող տեղեկատվություն փոխանակելու կարգը սահմանվում է Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով։

9. Հանձնաժողովը պատասխանատու է Միության բյուջեն կազմելու և դրա կատարողականի մասին հաշվետվություն պատրաստելու համար, այն Հանձնաժողովի բյուջետային նախահաշվի միջոցների կարգադրիչն է։

10. Հանձնաժողովն օգտվում է իրավաբանական անձի իրավունքներից։

11. Հանձնաժողովը բաղկացած է Հանձնաժողովի խորհրդից ու Հանձնաժողովի կոլեգիայից։ Հանձնաժողովի խորհրդի և Հանձնաժողովի կոլեգիայի գործունեության կարգը կարգավորվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակարգով, որը հաստատվում է Բարձրագույն խորհրդի կողմից (այսուհետ՝ Աշխատակարգ)։

12 Հանձնաժողովի խորհուրդն իրավունք ունի ստեղծելու կառուցվածքային ստորաբաժանումներ (այսուհետ՝ Հանձնաժողովի դեպարտամենտներ)։

13. Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է նորմատիվ իրավական բնույթի և անդամ պետությունների համար պարտադիր որոշումներ, կազմակերպչական ու կարգադրիչային բնույթի կարգադրություններ և ոչ պարտադիր բնույթի հանձնարարականներ։

Հանձնաժողովի որոշումներն ընդգրկվում են Միության իրավունքի մեջ և ենթակա են անմիջական կիրառության անդամ պետությունների տարածքներում։

14. Հանձնաժողովի որոշումները, կարգադրությունները և հանձնարարականներն ընդունվում են Հանձնաժողովի խորհրդի և Հանձնաժողովի կոլեգիայի կողմից՝ Պայմանագրով ու Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված լիազորությունների սահմաններում և Պայմանագրով ու Կանոնակարգով նախատեսված կարգով։

Հանձնաժողովի խորհրդի և Հանձնաժողովի կոլեգիայի լիազորությունների ու գործառույթների սահմանագծումը սահմանվում է Կանոնակարգով։

15. Հանձնաժողովի այն որոշումները, որոնք կարող են ազդեցություն ունենալ ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմանների վրա, ընդունվում են՝ հաշվի առնելով այդ որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման արդյունքները։

Հանձնաժողովի՝ նշված որոշումների նախագծերի կարգավորող ազդեցությունը գնահատելու ընթացակարգի իրականացման կարգը սահմանվում է Կանոնակարգով։

16. Հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակումից ոչ շուտ, քան 30 օրացուցային օրը լրանալուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով։

Հանձնաժողովի՝ սույն Կանոնակարգի 18-րդ կետում նշված որոշումներով, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից բացառիկ դեպքերում ընդունվող և արագ արձագանք պահանջող որոշումներով կարող է նախատեսվել ուժի մեջ մտնելու այլ ժամկետ, սակայն դրանց պաշտոնական հրապարակումից ոչ շուտ, քան 10 օրացուցային օր հետո։

Հանձնաժողովի՝ սույն կետի երկրորդ պարբերության մեջ նշված որոշումների ընդունման և դրանց ուժի մեջ մտնելու կարգը սահմանվում է Կանոնակարգով։

Հանձնաժողովի՝ սահմանափակ հասանելիություն ունեցող տեղեկություններ պարունակող որոշումներն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետում։

Հանձնաժողովի հանձնարարականներն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետում։

17. Հանձնաժողովի այն որոշումները, որոնցով վատթարացվում է ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց կարգավիճակը, հետադարձ ուժ չունեն։

18. Հանձնաժողովի այն որոշումները, որոնցով բարելավվում է ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց կարգավիճակը, կարող են հետադարձ ուժ ունենալ, եթե դա ուղղակիորեն նախատեսված է այդ որոշումներով։

19. Հանձնաժողովի որոշումների հրապարակումը և դրանց մատչելիության ապահովումն իրականացվում է Պայմանագրի 111-րդ հոդվածով սահմանված կարգով։

20. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Պայմանագրի 18-րդ հոդվածին և սույն Կանոնակարգին համապատասխան՝ Հանձնաժողովի խորհրդի անդամների կամ Հանձնաժողովի կոլեգիայի անդամների քվեարկության միջոցով։

21. Հանձնաժողովում ձայները բաշխվում են հետևյալ կերպ.

1) Հանձնաժողովի խորհրդում՝ Հանձնաժողովի խորհրդի անդամի մեկ ձայնը համարվում է մեկ ձայն,

2) Հանձնաժողովի կոլեգիայում՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամի մեկ ձայնը համարվում է մեկ ձայն։

II. Հանձնաժողովի Խորհուրդը

22. Հանձնաժողովի խորհուրդն իրականացնում է Միությունում ինտեգրացիոն գործընթացների ընդհանուր կարգավորումը, ինչպես նաև Հանձնաժողովի գործունեության ընդհանուր ղեկավարումը։

23. Հանձնաժողովի խորհրդի կազմում ընդգրկվում է յուրաքանչյուր անդամ պետությունից՝ կառավարության ղեկավարի տեղակալի մակարդակով և իր պետության օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ լիազորություններով օժտված մեկական ներկայացուցիչ։

Անդամ պետությունները Կանոնակարգով սահմանված կարգով տեղեկացնում են միմյանց, ինչպես նաև Հանձնաժողովի կոլեգիային՝ Հանձնաժողովի խորհրդի կազմում ընդգրկված ներկայացուցչի մասին:

24. Հանձնաժողովի խորհուրդն իրականացնում է հետևյալ գործառույթներն ու լիազորությունները.

1) կազմակերպում է Միության գործունեության իրավական կարգավորման բարելավմանն ուղղված աշխատանքներ,

2) Բարձրագույն խորհրդի հաստատմանն է ներկայացնում Միության շրջանակներում ինտեգրման հիմնական ուղղությունները,

3) քննարկում է Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ընդունված Հանձնաժողովի որոշումները սույն Պայմանագրի 30-րդ կետով նախատեսված կարգով չեղյալ հայտարարելու կամ դրանցում փոփոխություններ կատարելու հարցը,

4) քննարկում է Միության իրավունքում ներառված միջազգային պայմանագրերի կիրարկման մոնիթորինգի և վերահսկողության արդյունքները,

5) Միջկառավարական խորհրդի քննարկմանն է ներկայացնում կարգավորող ազդեցության գնահատման ընթացակարգի իրականացման մոնիթորինգի մասին տարեկան հաշվետվություն,

6) հաստատում է Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի կողմից ներկայացվող՝ Հանձնաժողովի դեպարտամենտների ցանկը, դրանց կառուցվածքը և հաստիքների թիվը, ինչպես նաև դրանց բաշխումը Հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև,

7) հաստատում է Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցներին ներկայացվող որակավորման պահանջները,

8) ընդունում է Հանձնաժողովի աշխատակիցներին արտոնություններից և անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշում՝ Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների ու անձեռնմխելիության մասին Կանոնակարգով նախատեսված հիմքերով (Պայմանագրի 32-րդ հավելված),

9) հաստատում է Միության բյուջեի նախագիծը,

10) հաստատում է Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների աշխատանքի վարձատրության կարգը,

11) հաստատում է Հանձնաժողովի դեպարտամենտների հաստիքների ընդհանուր առավելագույն թիվը,

12) հաստատում է Միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման և զարգացման ծրագիրը,

13) անդամ պետությունների քաղաքացիների՝ Հանձնաժողովի դեպարտամենտներում աշխատանքի տեղավորվելու՝ Պայմանագրով նախատեսված իրավունքների պահպանումն ապահովելու նպատակով Հանձնաժողովի խորհրդին կից ստեղծում է էթիկայի հանձնաժողով և հաստատում է դրա վերաբերյալ կանոնակարգը,

14) հանձնարարություններ է տալիս Հանձնաժողովի կոլեգիային,

15) իրականացնում է այլ գործառույթներ և լիազորություններ՝ Պայմանագրին, Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերին և Կանոնակարգին համապատասխան։

25. Հանձնաժողովի խորհուրդն իրավունք ունի սահմանելու այն հարցերը, որոնց մասով Հանձնաժողովի կոլեգիան պարտավոր է խորհրդատվություններ անցկացնելու սույն Կանոնակարգի 44-րդ կետին համապատասխան ստեղծված խորհրդատվական մարմնի շրջանակներում՝ Հանձնաժողովի խորհրդի կամ Հանձնաժողովի կոլեգիայի որոշումն ընդունելուց առաջ։

26. Հանձնաժողովի խորհրդի նիստերն անցկացվում են Կանոնակարգին համապատասխան։ Հանձնաժողովի խորհրդի յուրաքանչյուր անդամ կարող է նախաձեռնել Հանձնաժողովի խորհրդի նիստի անցկացում, ինչպես նաև ներկայացնել Հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգին վերաբերող առաջարկություններ։

Հանձնաժողովի խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին ներկա են Հանձնաժողովի խորհրդի բոլոր անդամները։

27. Հանձնաժողովի խորհրդի նիստերին մասնակցում են Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, ինչպես նաև Հանձնաժողովի կոլեգիայի անդամները՝ Հանձնաժողովի խորհրդի հրավերով։ Հանձնաժողովի խորհրդի անդամները Հանձնաժողովի խորհրդի նիստերին կարող են հրավիրել անդամ պետությունների ներկայացուցիչներին և այլ անձանց։

Հանձնաժողովի խորհրդի նիստերին կարող են մասնակցել երրորդ երկրների ներկայացուցիչներ՝ Պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով։

28. Հանձնաժողովի խորհրդում նախագահությունն իրականացվում է Պայմանագրի 8-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան։

Հանձնաժողովի խորհրդի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում նախագահող անդամ պետությունը ներկայացնող՝ Հանձնաժողովի խորհրդի նոր անդամն իրականացնում է Հանձնաժողովի խորհրդի նախագահի լիազորությունները մնացած ժամանակահատվածում։

Հանձնաժողովի խորհրդի նախագահը.

իրականացնում է Հանձնաժողովի խորհրդի հերթական նիստում քննարկման ներկայացվող հարցերի մասով նախապատրաստական աշխատանքների ընդհանուր ղեկավարումը,

սահմանում է օրակարգը,

բացում, վարում և փակում է Հանձնաժողովի խորհրդի նիստերը։

29. Հանձնաժողովի խորհուրդը որոշումները, կարգադրությունները և հանձնարարականներն ընդունում է իր լիազորությունների շրջանակներում։

Հանձնաժողովի խորհուրդը որոշումները, կարգադրությունները և հանձնարարականներն ընդունում է ընդհանուր համաձայնութան (կոնսենսուսի) հիման վրա։

Ընդհանուր համաձայնութան (կոնսենսուսի) չհասնելու դեպքում Հանձնաժողովի խորհրդի ցանկացած անդամի առաջարկով հարցը քննարկման է ներկայացվում Բարձրագույն խորհուրդ կամ Միջկառավարական խորհուրդ։

30. Հանձնաժողովի կոլեգիայի որոշումը հրապարակելու օրվանից հետո՝ 15 օրացուցային օրվա ընթացքում, անդամ պետությունը կամ Հանձնաժողովի խորհրդի անդամն իրավունք ունի այն չեղյալ հայտարարելու կամ դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկ ներկայացնելու Հանձնաժողովի կոլեգիա։

Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը նշված առաջարկությունն ստանալու օրը Հանձնաժողովի խորհրդի անդամներին ուղարկում է համապատասխան որոշմանն առնչվող նյութեր։

Այդ նյութերն ստանալուց հետո Հանձնաժողովի խորհուրդը քննարկում է դրանք և որոշում է կայացնում 10 օրացուցային օրվա ընթացքում։

Հանձնաժողովի կոլեգիայի որոշումը չեղյալ հայտարարելու կամ դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցի քննարկման արդյունքներով Հանձնաժողովի խորհրդի կողմից կայացված որոշման հետ չհամաձայնելու դեպքում կամ սույն կետի երրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետն ավարտվելու դեպքում անդամ պետությունը Հանձնաժողովի խորհրդի որոշման պաշտոնական հրապարակումից ոչ ուշ, քան 30 օրացուցային օր հետո կարող է կառավարության ղեկավարի ստորագրությամբ նամակ ուղարկել Հանձնաժողով՝ համապատասխան հարցը Միջկառավարական խորհրդի և (կամ) Բարձրագույն խորհրդի քննարկմանը ներկայացնելու առաջարկով։

Անդամ պետության կառավարության ղեկավարն իրավունք ունի դիմելու Հանձնաժողով սույն Կանոնակարգի 16-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված՝ Հանձնաժողովի որոշումների վերաբերյալ հարցը Միջկառավարական խորհրդի և (կամ) Բարձրագույն խորհրդի քննարկմանը ներկայացնելու առաջարկով՝ ցանկացած փուլում՝ նախքան դրանց ուժի մեջ մտնելը։

Հանձնաժողովի կոլեգիայի որոշումը սույն կետին համապատասխան չեղյալ հայտարարելու կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին առաջարկ ներկայացնելու դեպքում այդ որոշումը ուժի մեջ չի մտնում և կասեցվում է Միջկառավարական խորհրդի և (կամ) Բարձրագույն խորհրդի կողմից որոշման վերաբերյալ հարցը քննարկելու և այդ քննարկման արդյունքներով համապատասխան որոշում կայացնելու համար անհրաժեշտ ժամկետով։

III. Հանձնաժողովի Կոլեգիան

31. Հանձնաժողովի կոլեգիան հանդիսանում է Հանձնաժողովի գործադիր մարմինը։

Հանձնաժողովի կոլեգիան բաղկացած է Կոլեգիայի անդամներից, որոնցից մեկը Հանձնաժողովի կոլեգիայի նախագահն է։

Հանձնաժողովի կոլեգիան կազմավորվում է անդամ պետությունների ներկայացուցիչներից՝ ելնելով անդամ պետությունների հավասար ներկայացուցչության սկզբունքից։

Հանձնաժողովի կոլեգիայի քանակական կազմը և Հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև պարտականությունների բաշխումը սահմանում է Բարձրագույն խորհուրդը։

Հանձնաժողովի կոլեգիան իրականացնում է Հանձնաժողովի դեպարտամենտների ղեկավարում։

32. Հանձնաժողովի կոլեգիայի անդամը պետք է լինի իր կողմից ներկայացվող անդամ պետության քաղաքացի։

Հանձնաժողովի կոլեգիայի անդամները պետք է բավարարեն հետևյալ պահանջները. ունենան պաշտոնեական պարտականություններին համապատասխանող մասնագիտական պատրաստվածություն (որակավորում), ինչպես նաև պաշտոնեական պարտականությունների գծով առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ, այդ թվում՝ առնվազն 1 տարի ղեկավար պաշտոն զբաղեցնեն անդամ պետությունների պետական մարմիններում։

33. Հանձնաժողովի կոլեգիայի անդամներին նշանակում է Բարձրագույն խորհուրդը՝ 4 տարի ժամկետով, լիազորությունների ժամկետի հնարավոր երկարաձգմամբ։

Հանձնաժողովի կոլեգիայի նախագահին նշանակում է Բարձրագույն խորհուրդը՝ 4 տարի ժամկետով, ռոտացիոն հիմունքով, առանց երկարաձգման իրավունքի։ Ռոտացիան իրականացվում է հերթականությամբ՝ ռուսերենի այբբենական կարգով՝ ըստ անդամ պետության անվանման։

34. Հանձնաժողովի կոլեգիայի անդամները Հանձնաժողովում աշխատում են մշտական հիմունքներով։ Հանձնաժողովի կոլեգիայի անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս անկախ են անդամ պետությունների պետական մարմիններից ու պաշտոնատար անձանցից և չեն կարող պահանջել կամ ստանալ ցուցումներ անդամ պետությունների իշխանության մարմիններից կամ պաշտոնատար անձանցից։

Միջազգային գործունեության հարցերով անդամ պետությունների հետ Հանձնաժողովի կոլեգիայի անդամների փոխգործակցության մեխանիզմը սահմանվում է Բարձրագույն խորհրդի կողմից հաստատվող՝ Եվրասիական տնտեսական միության կողմից միջազգային համագործակցություն իրականացնելու Կարգին համապատասխան։

35. Հանձնաժողովի կոլեգիայի անդամներն իրենց լիազորությունների գործողության ամբողջ ժամկետի ընթացքում իրավունք չունեն Հանձնաժողովի կոլեգիայում աշխատանքը համատեղելու այլ աշխատանքի հետ կամ զբաղվելու մեկ այլ վարձատրվող գործունեությամբ՝ բացի մանկավարժական, գիտական կամ այլ ստեղծագործական գործունեությունից։

36. Հանձնաժողովի կոլեգիայի անդամներն իրավունք չունեն.

1) վճարովի հիմունքներով մասնակցելու առևտրային կազմակերպության կառավարման մարմնի գործունեությանը,

2) իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն,

3) լիազորությունների իրականացման հետ կապված՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից ստանալու փոխհատուցումներ (նվերներ, դրամական փոխհատուցում, փոխատվություններ, ծառայություններ, ժամանցի, հանգստի, տրանսպորտային ծախսերի վճարում և այլ փոխհատուցումներ). Հանձնաժողովի կոլեգիայի անդամի կողմից արարողակարգային միջոցառումների, ծառայողական գործողումների և այլ պաշտոնական միջոցառումների առթիվ ստացված նվերները (խորհրդանշական նվերներից բացի) համարվում են Հանձնաժողովի սեփականությունը և ակտի հիման վրա փոխանցվում են Հանձնաժողովին: Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամը, որն այդպիսի նվեր է փոխանցել, կարող է այն հետ գնել Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատված կարգով,

4) ուղևորություններ կատարելու ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջոցների հաշվին՝ պաշտոնեական պարտականությունների կատարման նպատակով,

5) լիազորությունների իրականացման հետ կապ չունեցող նպատակներով օգտագործելու նյութատեխնիկական և այլ ապահովման միջոցներ, Հանձնաժողովի այլ գույք, ինչպես նաև դրանք փոխանցելու այլ անձանց,

6) լիազորությունների իրականացման հետ կապ չունեցող նպատակներով հրապարակելու կամ օգտագործելու գաղտնի բնույթի տվյալներ կամ լիազորությունների իրականացման առնչությամբ իրեն հայտնի դարձած ծառայողական տեղեկություններ,

7) Հանձնաժողովի կոլեգիայի անդամի լիազորություններն օգտագործելու հօգուտ քաղաքական կուսակցությունների, հասարակական միավորումների, կրոնական միավորումների և այլ կազմակերպությունների շահերի, ինչպես նաև որպես Հանձնաժողովի կոլեգիայի անդամ հրապարակայնորեն արտահայտելու իր վերաբերմունքը նշված միավորումների ու կազմակերպությունների նկատմամբ (եթե դա իր լիազորությունների մեջ ներառված չէ),

8) Հանձնաժողովում ստեղծելու քաղաքական կուսակցությունների, այլ հասարակական միավորումների (բացառությամբ արհմիությունների, վետերանների և հասարակական ինքնագործունեության այլ մարմինների) և կրոնական միավորումների կառույցներ կամ նպաստելու նշված կառույցների ստեղծմանը։

37. Եթե Հանձնաժողովի կոլեգիայի անդամի տնօրինության տակ գտնվում են եկամուտ բերող արժեթղթեր և (կամ) բաժնետոմսեր (կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցության բաժնեմասեր), ապա նա պարտավոր է ողջամիտ ժամկետներում իրեն պատկանող արժեթղթերը և (կամ) բաժնետոմսերը (կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցության բաժնեմասերը) փոխանցել հավատարմագրային կառավարման։

38. Սույն Կանոնակարգի 35-ից 37-րդ կետերով սահմանված սահմանափակումները կիրառվում են նաև Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների նկատմամբ։

39. Սույն Կանոնակարգի 35-ից 37-րդ կետերով սահմանված սահմանափակումների ցանկացած խախտում Հանձնաժողովի կոլեգիայի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, Հանձնաժողովի պաշտոնատար անձի, աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիրը խզելու հիմք է։

40. Յուրաքանչյուր անդամ պետություն Բարձրագույն խորհուրդ է ներկայացնում Հանձնաժողովի կոլեգիայի անդամի պաշտոնի թեկնածուներին։

Բարձրագույն խորհուրդը, անդամ պետությունների ներկայացմամբ, հաստատում է Հանձնաժողովի կոլեգիայի անհատական կազմը՝ ներառյալ Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։

Եթե Բարձրագույն խորհուրդը չի հաստատում Հանձնաժողովի կոլեգիայի անդամի թեկնածությունը, ապա անդամ պետությունը 30 օրացուցային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածություն։

41. Անդամ պետություններն իրավունք չունեն Հանձնաժողովի կոլեգիայի անդամին հետ կանչելու՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վերջինս անբարեխղճորեն է կատարում իր պաշտոնեական պարտականությունները, կամ սույն Կանոնակարգի 35-ից 37-րդ կետերում նշված դեպքերի։

Հանձնաժողովի կոլեգիայի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը (բացառությամբ կամավոր հրաժարականի) իրականացվում է Բարձրագույն խորհրդի որոշման հիման վրա՝ անդամ պետության ներկայացմամբ։

Հանձնաժողովի կոլեգիայի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Հանձնաժողովի կոլեգիայի նախկին անդամի լիազորությունների մնացած ժամանակահատվածի համար Հանձնաժողովի կոլեգիայի նոր անդամը նշանակվում է այն նույն անդամ պետության ներկայացմամբ, որի կողմից ներկայացվել էր լիազորությունները դադարեցրած Հանձնաժողովի կոլեգիայի անդամը։

42. Հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև պարտականությունների բաշխումը, ինչպես նաև Հանձնաժողովի դեպարտամենտների հաստիքների ընդհանուր առավելագույն թիվը և Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի պաշտոնատար անձանց ու աշխատակիցների աշխատանքի վարձատրության կարգը (այդ թվում՝ դրանց դրամական պարունակությունը) հաստատում է Բարձրագույն խորհուրդը։

43. Հանձնաժողովի կոլեգիան ապահովում է հետևյալ գործառույթների ու լիազորությունների իրականացումը.

1) իրականացնում է Միության շրջանակներում ինտեգրման ոլորտում առաջարկությունների մշակում և անդամ պետությունների կողմից ներկայացված առաջարկությունների ամփոփում (ներառյալ ինտեգրման հիմնական ուղղությունների մշակումն ու իրականացումը),

2) ընդունում է որոշումներ, կարգադրություններ և հանձնարարականներ,

3) կատարում է Բարձրագույն խորհրդի և Միջկառավարական խորհրդի կողմից ընդունված որոշումներն ու կարգադրությունները և Հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունված որոշումները,

4) իրականացնում է Միության իրավունքում ներառված միջազգային պայմանագրերի և Հանձնաժողովի որոշումների կատարման նկատմամբ մոնիթորինգ և հսկողություն, ինչպես նաև տեղեկացնում է անդամ պետություններին դրանց կատարման անհրաժեշտության մասին,

5) յուրաքանչյուր տարի կատարված աշխատանքի մասին հաշվետվություն է ներկայացնում Հանձնաժողովի խորհրդի ուսումնասիրմանը,

6) մշակում է հանձնարարականներ՝ Միության ձևավորմանը, գործունեությանը և զարգացմանն առնչվող հարցերի վերաբերյալ,

7) պատրաստում է փորձագիտական (գրավոր) եզրակացություններ՝ անդամ պետությունների կողմից Հանձնաժողով ներկայացված առաջարկների վերաբերյալ,

8) աջակցում է անդամ պետություններին Միության շրջանակներում վեճերի կարգավորման հարցում՝ նախքան Միության դատարան դիմելը,

9) ապահովում է Հանձնաժողովի շահերը ներկայացնելը դատական ատյաններում, այդ թվում՝ Միության դատարանում,

10) իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է համագործակցություն անդամ պետությունների պետական իշխանության մարմինների հետ,

11) ուսումնասիրում է Հանձնաժողով ներկայացվող հարցումները,

12) Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ներկայացմամբ՝ հաստատում է Կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների արտասահմանյան գործողումների հերթական տարվա ծրագիրը,

13) Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ներկայացմամբ՝ հաստատում է հերթական տարվա գիտահետազոտական աշխատանքների ծրագիրը՝ խորհրդատվական կոմիտեներում այն քննարկելուց հետո, տեղեկացնում է Հանձնաժողովի խորհրդին նշված ծրագրի մասին,

14) իրականացնում է Միության բյուջեի նախագծի մշակումը և դրա կատարողականի մասին հաշվետվության նախագծերի պատրաստումը, ապահովում է Հանձնաժողովի բյուջետային նախահաշվի կատարումը,

15) մշակում է միջազգային պայմանագրերի և Հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունվող՝ Հանձնաժողովի որոշումների նախագծերը, ինչպես նաև Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր,

16) սահմանված կարգով իրականացնում է կարգավորող ազդեցության գնահատման ընթացակարգը և ապահովում է այդ ընթացակարգի իրականացման մոնիթորինգի մասին տարեկան հաշվետվության պատրաստումը,

17) ապահովում է Հանձնաժողովի խորհրդի, Միջկառավարական խորհրդի և Բարձրագույն խորհրդի, ինչպես նաև Պայմանագրի 5-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան ստեղծվող օժանդակ մարմինների նիստերի անցկացումը,

18) Հանձնաժողովի պաշտոնտար անձանց և աշխատակիցներին արտոնություններից ու անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը,

19) տեղաբաշխում է պատվերներ և կնքում պայմանագրեր Հանձնաժողովի կարիքներից բխող ապրանքների մատակարարման, աշխատանքների իրականացման և ծառայությունների մատուցման վերաբերյալ՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանված կարգով,

20) ապահովում է սահմանափակ հասանելիություն ունեցող (գաղտնի և ծառայողական օգտագործման) փաստաթղթերի հետ աշխատելու կարգի պահպանումը, որը հաստատվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից։

44. Հանձնաժողովի կոլեգիան իրավունք ունի Հանձնաժողովի կոլեգիային կից ստեղծելու խորհրդատվական մարմիններ, որոնց գործունեությունն ու աշխատանքի կարգը սահմանվում է Հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատվող համապատասխան կանոնակարգերով։ Ընդ որում, Հանձնաժողովի կոլեգիայի կողմից սահմանված հարցերի քննարկման համար Հանձնաժողովի կոլեգիան պարտադիր կարգով ստեղծում է համապատասխան խորհրդատվական մարմին։

45. Հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական մարմինների կազմում ընդգրկված են անդամ պետությունների պետական իշխանության մարմինների լիազոր ներկայացուցիչները։

Անդամ պետությունների առաջարկով Հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական մարմինների կազմում ընդգրկվում են գործարար համայնքի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անկախ փորձագետներ։

46. Հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական մարմիններն իրենց լիազորությունների սահմաններում Հանձնաժողովի համար հանձնարարականներ են պատրաստում իրենց իրավասությանը վերաբերող հարցերի մասով։ Խորհրդատվական մարմինների նիստերին ներկայացված՝ խորհրդատվական մարմինների անդամների առաջարկությունները չեն կարող դիտարկվել որպես անդամ պետությունների վերջնական դիրքորոշում։

47. Հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական մարմինների գործունեության կազմակերպչական և տեխնիկական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից։

Հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական մարմինների աշխատանքին անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների լիազոր ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը հոգում են ուղարկող անդամ պետությունները։ Հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական մարմինների աշխատանքում գործարար համայնքի, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, այլ անկախ փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը նշված անձինք հոգում են ինքնուրույն։

48. Հանձնաժողովի կոլեգիան իր լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ, կարգադրություններ և հանձնարարականներ։

Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ընդունված՝ Հանձնաժողովի որոշումները, կարգադրությունները և հանձնարարականները ստորագրում է Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։

49. Հանձնաժողովի կոլեգիայի նիստերը, որպես կանոն, անցկացվում են առնվազն շաբաթական մեկ անգամ։

Հանձնաժողովի կոլեգիայի անդամները Հանձնաժողովի կոլեգիայի նիստին մասնակցում են անձամբ՝ առանց փոխարինման իրավունքի։

Եթե Հանձնաժողովի կոլեգիայի անդամի մասնակցությունը Հանձնաժողովի կոլեգիայի նիստին օբյեկտիվորեն անհնար է, ապա Կանոնակարգով սահմանված կարգով Հանձնաժողովի կոլեգիայի անդամն իրավունք ունի գրավոր ներկայացնելու իր դիրքորոշումը կամ Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի լիազորագրով և համաձայնությամբ իր դիրքորոշումը ներկայացնելու իրավունքը պատվիրակելու Հանձնաժողովի այն դեպարտամենտի տնօրենին, որի իրավասության սահմաններում է գտնվում քննարկվող հարցը։ Ընդ որում, Հանձնաժողովի դեպարտամենտի տնօրենը քվեարկելիս ձայնի իրավունք չունի։

Կոլեգիայի նիստերին կարող են մասնակցել անդամ պետություններից մեկական ներկայացուցիչ։

Հանձնաժողովի կոլեգիայի անդամներից նույնիսկ մեկի խնդրանքով Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի որոշման հիման վրա կարող են անցկացվել արտահերթ նիստեր։ Հանձնաժողովի կոլեգիայի նիստերի անցկացման կարգը և քվեարկության ընթացակարգը սահմանվում են Կանոնակարգով։

50. Հանձնաժողովի կոլեգիայի նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերից յուրաքանչյուրին առնչվող փաստաթղթերի և նյութերի փաթեթը պարտադիր կարգով ուղարկվում է անդամ պետություններ՝ Կանոնակարգին համապատասխան, սակայն ոչ ուշ, քան Հանձնաժողովի կոլեգիայի նիստից 30 օրացուցային օր առաջ։

51. Հանձնաժողովի խորհրդի նախագահը.

1) կազմակերպում է Հանձնաժողովի կոլեգիայի գործունեությունը և պատասխանատվություն է կրում վերջինիս վրա դրված գործառույթների իրականացման համար,

2) սահմանված կարգով կազմում է Հանձնաժողովի կոլեգիայի և Հանձնաժողովի խորհրդի նիստերի ծրագրերի նախագծերը հերթական ժամանակահատվածի համար և Հանձնաժողովի կոլեգիայի, Հանձնաժողովի խորհրդի նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաև Բարձրագույն խորհրդի և Միջկառավարական խորհրդի նիստերի օրակարգերի այն նախագծերը, որոնք ենթակա են հաստատման Հանձնաժողովի խորհրդի նիստում և ուղարկվում են անդամ պետություններին համապատասխան նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 20 օրացուցային օր առաջ՝ անհրաժեշտ նյութերի կցմամբ,

3) Հանձնաժողովի խորհրդին, Միջկառավարական խորհրդին և Բարձրագույն խորհրդին զեկուցում է վերջիններիս կողմից լուծում պահանջող հարցերի վերաբերյալ, ինչպես նաև այլ փաստաթղթերի վերաբերյալ՝ ներկայացնելով համապատասխան առաջարկներ՝ ըստ Հանձնաժողովի կոլեգիայի նիստում դրանց քննարկման արդյունքների,

4) սահմանում է Հանձնաժողովի դեպարտամենտների աշխատանքի կարգը, ինչպես նաև Հանձնաժողովի դեպարտամենտների կառավարմանն առնչվող հարցերը,

5) կազմակերպում է Հանձնաժողովի կոլեգիայի, Հանձնաժողովի խորհրդի, Միջկառավարական խորհրդի և Բարձրագույն խորհրդի նիստերի նախապատրաստման աշխատանքը,

6) վարում է Հանձնաժողովի կոլեգիայի նիստերը,

7) մասնակցում է Հանձնաժողովի խորհրդի նիստերին,

8) Հանձնաժողովի խորհրդում ներկայացնում է Հանձնաժողովի կոլեգիան,

9) Հանձնաժողովի կոլեգիայի անդամների հետ համաձայնեցմամբ՝ Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը ներկայացնում է առաջարկներ Հանձնաժողովի դեպարտամենտները Հանձնաժողովի անդամներին կցելու վերաբերյալ,

10) սահմանում է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ փոխգործակցության կարգը, Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների հրապարակային ելույթների ու ծառայողական տեղեկությունների տրամադրման կանոնները,

11) Հանձնաժողովի անունից ներկայանում է որպես Միության բյուջեի կառավարիչ, Հանձնաժողովի բյուջետային նախահաշվի միջոցների կարգադրիչ է, տնօրինում է Հանձնաժողովի նյութական միջոցները, կնքում է քաղաքացիաիրավական պայմանագրեր և հանդես է գալիս դատարանում,

12) ըստ մրցույթի արդյունքների՝ նշանակում է Հանձնաժողովի դեպարտամենտների տնօրեններին և նրանց տեղակալներին ու նրանց հետ պայմանագրեր կնքում,

13) ըստ մրցույթի արդյունքների՝ Հանձնաժողովի անունից աշխատանքային պայմանագրեր է կնքում Հանձնաժողովի աշխատակիցների հետ,

14) հաստատում է Հանձնաժողովի դեպարտամենտների վերաբերյալ կանոնակարգերը,

15) նշանակում է Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամների թվից,

16) Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների նկատմամբ իրականացնում է գործատիրոջ ներկայացուցչի լիազորությունները, հաստատում է պաշտոնեական պարտականությունները (պաշտոնի անձնագրերը), արձակուրդների տրամադրման ժամանակացույցը, տրամադրում է արձակուրդներ և որոշումներ է ընդունում գործողումների վերաբերյալ,

17) ապահովում է այն փաստերի ստուգումը, որոնք ներկայացված են սույն Կանոնակարգի 35-ից 37-րդ կետերում նշված հիմքերով Հանձնաժողովի կոլեգիայի անդամին հետ կանչելու մասին անդամ պետության դիմումի մեջ՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատված կարգով,

18) իրականացնում է Հանձնաժողովի կոլեգիայի և Հանձնաժողովի դեպարտամենտների՝ Կանոնակարգին համապատասխան գործունեություն ապահովելու համար անհրաժեշտ այլ գործառույթներ։

52. Պարտականությունների բաշխմանը համապատասխան՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամը.

1) իրականացնում է իր իրավասության սահմաններում գտնվող հարցերի վերաբերյալ առաջարկությունների պատրաստում,

2) Հանձնաժողովի կոլեգիայի և Հանձնաժողովի խորհրդի նիստերին ներկայացնում է զեկույցներ՝ իր իրավասության սահմաններում գտնվող հարցերի վերաբերյալ,

3) համակարգում և հսկում է Հանձնաժողովի կողմից վերահսկվող դեպարտամենտների գործունեությունը,

4) պատրաստում է Հանձնաժողովի կոլեգիայի որոշումների, կարգադրությունների և հանձնարարականների նախագծերն այն հարցերի վերաբերյալ, որոնք գտնվում են իր իրավասության սահմաններում,

5) իրականացնում է անդամ պետությունների կողմից Միության իրավունքում ներառված միջազգային պայմանագրերի կատարման մոնիթորինգ՝ իր իրավասության սահմաններում գտնվող հարցերի մասով,

6) իրականացնում է անդամ պետությունների կողմից Հանձնաժողովի՝ իր իրավասության սահմաններում գտնվող հարցերի վերաբերյալ որոշումների կատարման մոնիթորինգ,

7) պատրաստում է փորձագիտական (գրավոր) եզրակացությունների նախագծեր անդամ պետությունների կողմից Հանձնաժողով ներկայացված՝ իր իրավասության սահմաններում գտնվող հարցերին առնչվող առաջարկների վերաբերյալ,

8) Հանձնաժողովի կոլեգիայի լիազորությունների շրջանակներում իրականացնում է փոխգործակցություն անդամ պետությունների պետական իշխանության մարմինների հետ իր իրավասության սահմաններում գտնվող հարցերի մասով (այդ թվում՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից պահանջում է իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ),

9) ապահովում է միջազգային պայմանագրերի և Հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունվող՝ Հանձնաժողովի որոշումների, կարգադրությունների և հանձնարարականների նախագծերի, ինչպես նաև Հանձնաժողովի՝ իր իրավասության սահմաններում գտնվող հարցերին առնչվող լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի մշակումը,

10) ապահովում է Հանձնաժողովի վերահսկվող դեպարտամենտների մասնակցությունը կարգավորող ազդեցության գնահատման ընթացակարգը սահմանված կարգով անցկացնելուն,

11) Հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանը առաջարկություններ է ներկայացնում Հանձնաժողովի կոլեգիային կից՝ վերջինիս իրավասության սահմաններում գտնվող հարցերի գծով խորհրդատվական մարմիններ ստեղծելու վերաբերյալ։

53. Հանձնաժողովի կոլեգիայի անդամներին արտոնություններ ու անձեռնմխելիություն, սոցիալական երաշխիքներ տրամադրելու հետ կապված հարցերը, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունների և պարտադիր պետական սոցիալական ու կենսաթոշակային ապահովման հետ կապված հարցերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիության մասին» Կանոնակարգին համապատասխան (Պայմանագրի 32-րդ հավելված)։

IV. Հանձնաժողովի դեպարտամենտները

54. Հանձնաժողովի խորհրդի և Հանձնաժողովի կոլեգիայի գործունեության ապահովումն իրականացնում են Հանձնաժողովի դեպարտամենտները։

Հանձնաժողովի դեպարտամենտների կազմի մեջ են մտնում պաշտոնատար անձինք և աշխատակիցները։

Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների աշխատանքի ընդունումն իրականացվում է Պայմանագրի 9-րդ հոդվածին համապատասխան։

Հանձնաժողովի դեպարտամենտների տնօրենները և նրանց տեղակալները նշանակվում են Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի կողմից 4 տարի ժամկետով՝ մրցութային հանձնաժողովի առաջարկի հիման վրա։

Հանձնաժողովի դեպարտամենտների տնօրենները և նրանց տեղակալները պետք է բավարարեն հետևյալ պահանջները.

ունենան անդամ պետություններից մեկի քաղաքացիությունը,

ունենան պաշտոնեական պարտականություններին համապատասխան մասնագիտական պատրաստվածություն (որակավորում), ինչպես նաև առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։

Հանձնաժողովի դեպարտամենտները մրցույթային հիմունքներով համալրվում են անդամ պետությունների այն քաղաքացիների թվից, որոնք համապատասխանում են զբաղեցվող հաստիքին ներկայացվող՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող որակավորման պահանջներին։

Հանձնաժողովի աշխատակիցներն աշխատանքի ընդունվում են Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի հիման վրա։

Աշխատանքային պայմանագիր կնքելու, դրա գործողության ժամկետի երկարաձգելու կարգը և լուծարման հիմքերը հաստատվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից։

Թեկնածուներին կարող են ներկայացվել հավելյալ պահանջներ, որոնք նշվում են մրցույթի անցկացման կարգում։

Հանձնաժողովի աշխատակիցներն անցնում են ատեստավորում՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանված կարգով։

55. Հանձնաժողովի դեպարտամենտներն իրականացնում են հետևյալ գործառույթները.

1) իրականացնում են Միության գործունեության հարցերով նյութերի, որոշումների, կարգադրությունների և հանձնարարականների նախագծերի պատրաստում (այդ թվում՝ միջազգային պայմանագրեր կնքելու և դրանցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ)՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամների քննարկմանը ներկայացնելու նպատակով,

2) իրականացնում են անդամ պետությունների կողմից Միության իրավունքում ներառված միջազգային պայմանագրերի, Հանձնաժողովի կոլեգիայի, Հանձնաժողովի խորհրդի, Միջկառավարական խորհրդի և Բարձրագույն խորհրդի որոշումների և կարգադրությունների կատարման մոնիթորինգ՝ արդյունքները Հանձնաժողովի կոլեգիայի անդամների քննարկմանը ներկայացնելու նպատակով,

3) իրականացնում են Միության իրավունքով կարգավորվող ոլորտներում անդամ պետությունների օրենսդրությունների մոնիթորինգի և վերլուծության արդյունքների հիման վրա առաջարկությունների պատրաստում՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամների քննարկմանը ներկայացնելու համար,

4) իրականացնում են Միության գործունեության համար անհրաժեշտ միջազգային պայմանագրերի և այլ փաստաթղթերի նախագծերի պատրաստումը,

5) փոխգործակցում են անդամ պետությունների պետական իշխանության մարմինների հետ,

6) իրականացնում են Միության բյուջեի նախագծերի և դրա կատարողականի վերաբերյալ հաշվետվության պատրաստում, մշակում են Հանձնաժողովի բյուջեի նախահաշվի նախագիծը և ապահովում դրա կատարումը,

7) ապահովում են Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի ավանդապահի գործառույթների իրականացումը Հանձնաժողովի կողմից,

8) սահմանված կարգով մասնակցում են կարգավորող ազդեցության գնահատման ընթացակարգի անցկացմանը և իրականացնում են այդ ընթացակարգի անցկացման մոնիթորինգ,

9) իրականացնում են Միության իրավունքում ներառված միջազգային պայմանագրերով, Բարձրագույն խորհրդի, Միջկառավարական խորհրդի և Հանձնաժողովի որոշումներով սահմանված այլ գործառույթներ (այդ թվում՝ Միության մարմինների աշխատանքի կազմակերպմանը և Հանձնաժողովի գործունեության տեղեկատվական-տեխնիկական ապահովմանն ուղղված գործառույթներ)։

56. Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցները միջազգային ծառայողներ են։

Իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցներն անկախ են անդամ պետությունների պետական մարմիններից ու պաշտոնատար անձանցից և չեն կարող պահանջել կամ ստանալ ցուցումներ անդամ պետությունների իշխանության մարմիններից կամ պաշտոնատար անձանցից։

Յուրաքանչյուր անդամ պետություն պարտավորվում է հարգել Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների կարգավիճակն ու նրանց վրա ազդեցություն չգործել ծառայողական պարտականությունները կատարելիս։

Հանձնաժողովի կազմում աշխատելու ժամանակահատվածում Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցներն իրենց պաշտոնեական և ծառայողական պարտականությունների գործողության ամբողջ ժամկետի ընթացքում իրավունք չունեն Հանձնաժողովում աշխատանքը համատեղելու այլ աշխատանքի հետ կամ զբաղվելու մեկ այլ վարձատրվող գործունեությամբ՝ բացի մանկավարժական, գիտական կամ այլ ստեղծագործական գործունեությունից։

57. Հանձնաժողովի կոլեգիայի անդամները, Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցները յուրաքանչյուր տարի, Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանված կարգով և ժամկետներում, Հանձնաժողով են ներկայացնում իրենց եկամուտների, գույքի և գույքային բնույթի պարտավորությունների, ինչպես նաև իրենց ընտանիքի անդամների եկամուտների, գույքի և գույքային բնույթի պարտավորությունների մասին տեղեկություններ (ամուսնու (կնոջ) և անչափահաս երեխաների)։

58. Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, ինչպես նաև Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների կողմից եկամուտների, գույքի և գույքային բնույթի պարտավորությունների մասին սույն Կանոնակարգին համապատասխան տրամադրվող տեղեկությունները համարվում են գաղտնի։

59. Սույն Կանոնակարգի 57-րդ և 58-րդ կետերում նշված տեղեկությունների հրապարակման մեջ մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

60. Սույն Կանոնակարգի 57-րդ և 58-րդ կետերում նշված տեղեկությունների հավաստիության ու ամբողջականության ստուգումն իրականացվում է Միջկառավարական խորհրդի կողմից հաստատված կարգով։

61. Հանձնաժողովի կոլեգիայի անդամները, Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցները պարտավոր են միջոցներ ձեռնարկել կարգավորելու կամ կանխելու համար շահերի բախումը, որը կարող է առաջանալ Հանձնաժողովի կոլեգիայի անդամի, Հանձնաժողովի պաշտոնատար անձի կամ աշխատակցի անձնական շահագրգռվածության առկայության պատճառով։

62. Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցներին արտոնություններ ու անձեռնմխելիություն, սոցիալական երաշխիքներ տրամադրելու հետ կապված հարցերը, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունների և պարտադիր պետական սոցիալական ու կենսաթոշակային ապահովման հետ կապված հարցերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիության մասին» Կանոնակարգին համապատասխան (Պայմանագրի 32-րդ հավելված)։

ՀԱՎԵԼՎԱԾ 2

«Եվրասիական տնտեսական

միության մասին» պայմանագրի

ՍՏԱՏՈՒՏ

Եվրասիական տնտեսական միության դատարանի

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։