Հոդված 67
Հոդված 67
Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման ազատականացման սկզբունքները
1. Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման ազատականացումն իրականացվում է միջազգային սկզբունքների ու ստանդարտների հիման վրա՝ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման և անդամ պետությունների իրավասու մարմինների փոխադարձ վարչական համագործակցության կազմակերպման միջոցով:
2. Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման ազատականացման գործընթացում անդամ պետությունները ղեկավարվում են հետևյալ սկզբունքներով՝
1) ներքին կարգավորման օպտիմալացում՝ անհարկի ներքին կարգավորման, այդ թվում՝ ծառայությունների մատակարարների, ստացողների, հիմնադրում կամ գործունեություն իրականացնող անձանց և ներդրողների համար թույլատրական պահանջների և ընթացակարգերի փուլ առ փուլ պարզեցում և (կամ) վերացում՝ հաշվի առնելով ծառայությունների կոնկրետ ոլորտների կարգավորման լավագույն միջազգային փորձը, իսկ դրա բացակայության դեպքում՝ անդամ պետությունների առավել առաջադիմական մոդելներն ընտրելու և կիրառելու միջոցով.
2) համամասնություն՝ անդամ պետությունների օրենսդրության բավարար չափով ներդաշնակեցման անհրաժեշտություն ու փոխադարձ վարչական համագործակցություն ծառայությունների, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման շուկայի արդյունավետ գործունեության համար.
3) փոխշահավետություն՝ ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման ազատականացում՝ օգուտների ու պարտականությունների արդար բաշխման սկզբունքի հիման վրա՝ յուրաքանչյուր անդամ պետության համար հաշվի առնելով ծառայությունների ոլորտների և գործունեության տեսակների «զգայունությունը».
4) հետևողականություն՝ ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասով ցանկացած միջոցների ձեռնարկում, այդ թվում՝ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում և վարչական համագործակցություն՝ հիմք ընդունելով հետևյալը՝
ծառայությունների ոչ մի ոլորտում և գործունեության ոչ մի տեսակի դեպքում չի թույլատրվում փոխադարձ հասանելիության պայմանների վատթարացում՝ սույն Պայմանագրի ստորագրման ամսաթվի դրությամբ գործող պայմանների և սույն Պայմանագրով ամրագրված պայմանների հետ համեմատած,
Բարձրագույն խորհրդի կողմից հաստատվող, սույն Պայմանագրի 16-րդ հավելվածի 2-րդ կետի 4-րդ պարբերությունում և 15-17-րդ, 23-րդ, 26-րդ, 28-րդ, 31-րդ, 33-րդ և 35-րդ կետերում նշված՝ սահմանափակումների, բացառումների, լրացուցիչ պահանջների ու պայմանների անհատական ազգային ցանկերով նախատեսված սահմանափակումների, բացառումների, լրացուցիչ պահանջների ու պայմանների փուլ առ փուլ կրճատում.
5) տնտեսական նպատակահարմարություն՝ սույն Պայմանագրի 16-րդ հավելվածի 38-43-րդ կետերով նախատեսված՝ ծառայությունների միասնական շուկայի ձևավորման շրջանակներում ծառայությունների առևտրի ազատականացում առաջնահերթության կարգով ծառայությունների այն ոլորտների մասով, որոնք ամենաշատն են ազդում Միության ներքին շուկայում արտադրվող և իրացվող ապրանքների ինքնարժեքի, մրցունակության և (կամ) ծավալների վրա։