Հոդված 15. Բժշկական կազմակերպությունները
Հոդված 15. Բժշկական կազմակերպությունները
1. Բժշկական կազմակերպությունները ծննդի ընդունման կամ ծննդի ժամանակ բժշկական օգնություն ցույց տալու դեպքում պարտավոր են մինչև ծննդյան օրվան հաջորդող աշխատանքային օրվա ավարտը բնակչության պետական ռեգիստր մուտքագրել անձի ծննդյան վերաբերյալ հետևյալ տվյալները.
1) ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
2) սեռը.
3) ծնող(ներ)ի հանրային ծառայությունների համարանիշները (առկայության դեպքում), իսկ օտարերկրացի ծնողների դեպքում՝ ծնողների անունը, ազգանունը, ազգությունը, քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները: Ընդ որում, ծնող(ներ)ի՝ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու դեպքում բժշկական կազմակերպությունը լրացնում է ծնողների անձը հաստատող փաստաթղթի տվյալները և նշում է կատարում հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ:
2. Բժշկական կազմակերպությունները բժշկական կազմակերպությունում անձի մահվան դեպքում պարտավոր են մինչև մահվան օրվան հաջորդող աշխատանքային օրվա ավարտը բնակչության պետական ռեգիստրում՝ մահացած անձի հանրային ծառայությունների համարանիշի փնտրման միջոցով նշում կատարել անձի մահվան վերաբերյալ՝ մուտքագրելով մահվան տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը:
3. Բժշկական կազմակերպությունների կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տվյալները բնակչության պետական ռեգիստր մուտքագրվելուց հետո որոշվում է անձի կարգավիճակը և ձևավորվում է անձի հանրային ծառայությունների համարանիշը, որի մասին բժշկական կազմակերպությունը տեղեկացնում է անձի ծնողին կամ օրինական ներկայացուցչին: Հանրային ծառայությունների համարանիշը հիմք է հանդիսանում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից անձի ծննդյան վկայականը ծնողին կամ օրինական ներկայացուցչին տրամադրելու համար:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված տվյալները բնակչության պետական ռեգիստր ներկայացնող բժշկական կազմակերպությունների ցանկը միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմնին տրամադրում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը:
5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված տվյալները բժշկական կազմակերպությունների կողմից բնակչության պետական ռեգիստր ներկայացնելու կարգը և պահանջները սահմանվում են տվյալների շտեմարանի կանոնակարգով: