Հոդված 23. Բնակչության պետական ռեգիստրի տեղեկություններին հասանելիության ապահովման եղանակները
Հոդված 23. Բնակչության պետական ռեգիստրի տեղեկություններին հասանելիության ապահովման եղանակները
1. Բնակչության պետական ռեգիստրի տեղեկություններին հասանելիությունն ապահովում է ներքին գործերի բնագավառի պետական լիազոր մարմինը հետևյալ եղանակներով.
1) բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի կողմից իր վերաբերյալ տեղեկությունների հարցմանը, իսկ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի կամ օրինական ներկայացուցիչ հանդիսանալու դեպքում՝ նաև այլ սուբյեկտի վերաբերյալ տեղեկությունների հարցմանը պատասխանելու միջոցով.
2) բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտին բնակչության պետական ռեգիստրում իր մասին առկա տեղեկություններին թվային ձևաչափով հասանելիություն տրամադրելու միջոցով: Սույն կետում նշված դեպքում տեղեկություններին հասանելիությունն ապահովվում է տեղեկատվական մուտքի հարթակի միջոցով Կառավարության սահմանած կարգով.
3) պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական անձանց կողմից օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման համար բնակչության պետական ռեգիստրում առկա այն տեղեկատվությանը հասանելիություն տրամադրելու միջոցով, որը բխում է տեղեկատվություն հայցող մարմնի օրենսդրությամբ վերապահված լիազորություններից: Տեղեկատվությանը հասանելիություն տրամադրելու համար գանձվում է պետական տուրք:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված մուտքի տեղեկատվական հարթակում բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտը մուտքագրում է իր հիմնական և ոչ հիմնական հասցեները, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեն:
3. Հիմնական հասցեն մուտքագրելը պարտադիր է: Հիմնական հասցեն անձի մշտական բնակության վայրն է: Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է այդ մասին նշել տեղեկատվական մուտքի հարթակում: Անձը կարող է հաշվառվել միայն մեկ հիմնական հասցեում: Անձը հաշվառվում է իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ տվյալ գույքի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից: Հիմնական հասցեն հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը վարելու և ընտրողների ցուցակը կազմելու համար:
4. Բնակչության հաշվառման կարգը սահմանում է Կառավարությունը:
5. Ոչ հիմնական հասցեն օգտագործվում է պաշտոնական ծանուցումների ստացման համար: Ոչ հիմնական և հիմնական հասցեները կարող են համընկնել: Անձը ցանկացած ժամանակ կարող է փոփոխել իր ոչ հիմնական հասցեն:
6. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված մուտքի տեղեկատվական հարթակում բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի կողմից իր էլեկտրոնային փոստի հասցեն մուտքագրելուց հետո համակարգը հնարավորություն է տալիս բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտին նշում կատարելու պաշտոնական ծանուցումներն էլեկտրոնային փոստի հասցեին ստանալու համաձայնություն տալու մասին: Սույն մասով նախատեսված համաձայնությունը տալու դեպքում բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված ծանուցումները համարվում են պատշաճ ծանուցում, որը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից:
7. Բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվության հասանելիության տեխնիկական, անվտանգության պահանջները, տեղեկատվությանը հասանելիություն ունեցող մարմինների ցանկը, վերջիններիս համար բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվության հասանելիության ծավալները և տեղեկատվության հասանելիության կարգը սահմանվում են Կառավարության կողմից՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի սկզբունքներին համապատասխան: