Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) բնակչության պետական ռեգիստր՝ տեղեկատվական համակարգ, որն օգտագործվում է օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված գործառույթների իրականացմամբ ծառայություններ մատուցելու համար.

2) բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարան՝ բնակչության պետական ռեգիստրի՝ որպես տեղեկատվական համակարգի, գործունեության արդյունքով անձի վերաբերյալ սույն օրենքով սահմանված տվյալների պահպանման թվային միջավայր.

3) բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի կանոնակարգ (այսուհետ՝ տվյալների շտեմարանի կանոնակարգ)՝ բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի կառավարման, շահագործման, օգտագործման, պահպանման, վերակազմավորման և դադարեցման, այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական անձի կողմից տվյալների մշակման և բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի թարմացման, բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանում հավաքագրվող տվյալների կազմի, հավաքագրման աղբյուրի, դրանք ներկայացնողների և ներկայացման, անհրաժեշտության դեպքում՝ նաև շտեմարանի կառավարման այլ կազմակերպչական հարցերի վերաբերյալ դրույթներ պարունակող նորմատիվ իրավական ակտ, որն ընդունվում է Կառավարության կողմից.

4) տվյալների փոխանակման շերտ՝ ծրագրային ապահովում, որը հնարավորություն է տալիս տեղեկատվական համակարգին միացած այլ տվյալների բազաների և բնակչության պետական ռեգիստրի միջև ապահովելու ցանցային կապ և փոխանակելու տեղեկություններ թվային անվտանգ միջավայրում.

5) բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտ՝ բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտ են հանդիսանում այն ֆիզիկական անձինք, որոնց վերաբերյալ սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված տվյալները ներառվում են բնակչության պետական ռեգիստրում.

6) բնակչության պետական ռեգիստրի տվյալների կազմ՝ համակցված և համակարգված տվյալների ամբողջություն, որը ներառվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանում և հանդիսանում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի՝ անձնական, բնակության, իրավական կարգավիճակի, ազգության, ինչպես նաև իրավական վիճակը բնութագրող գործողությունների կամ դեպքերի վերաբերյալ սույն օրենքով սահմանված տեղեկատվություն.

7) բնակչության պետական ռեգիստր տվյալներ ներկայացնող մարմիններ՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմիններ կամ իրավաբանական անձինք, որոնք պարտավոր են սույն օրենքով սահմանված տեղեկությունները ներկայացնել բնակչության պետական ռեգիստր.

8) բնակչության պետական ռեգիստրի վարում՝ բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտի վերաբերյալ տվյալների մուտքագրման, տվյալների մշակման, այդ թվում՝ թարմացման, տվյալների անվտանգության պահպանության, տեղեկություններին հասանելիության ապահովման համակարգված թվայնացված գործընթաց.

9) տվյալների ներկայացում՝ բնակչության պետական ռեգիստր տվյալներ ներկայացնող մարմինների կողմից բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտի վերաբերյալ անձնական, բնակության, իրավական կարգավիճակի, ազգության, իրավական վիճակը բնութագրող գործողությունների կամ դեպքերի, այդ թվում՝ խնամակալության և հոգաբարձության վերաբերյալ տեղեկությունների մուտքագրում.

10) տվյալների թարմացում` բնակչության պետական ռեգիստր տվյալներ ներկայացնող մարմինների կողմից բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտի վերաբերյալ անձնական, բնակության, իրավական կարգավիճակի, ազգության, իրավական վիճակը բնութագրող գործողությունների կամ դեպքերի, այդ թվում՝ խնամակալության և հոգաբարձության վերաբերյալ տեղեկությունների թարմացում.

11) տվյալների անվտանգության պահպանություն՝ բնակչության պետական ռեգիստր մուտքագրվող, բնակչության պետական ռեգիստրում պահվող և փոխանցվող տվյալների ամբողջականությունը, իսկությունը, գաղտնիությունը և անհերքելիությունը, պաշտպանվածությունը պատահական կորստից, չարտոնված մուտքից, չարտոնված օգտագործումից և բացահայտումից, խափանումից, չարտոնված փոփոխումից, ոչնչացումից, հարձակումից, կրկնօրինակումից, ձայնագրումից, տարածումից և այլ անօրինական միջամտությունից.

12) տեղեկություններին հասանելիություն՝ բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկությունը պահանջող անձի հարցմանը պատշաճ կարգով պատասխանելը կամ թվային անվտանգ միջավայրում ծառայություններ մատուցելը, ինչպես նաև իրավաբանական անձանց վճարովի հիմունքներով, իսկ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ անվճար, օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման համար բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվությանը հասանելիություն տրամադրելը.

13) հանրային ծառայությունների համարանիշ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում բնակության կամ գտնվելու իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձին, փախստականին, ինչպես նաև այլ անձանց հատկացվող թվային 10 նիշերի համակցություն, որը ձևավորվում է բնակչության պետական ռեգիստր մուտքագրված անձնական տվյալների` սեռի, ծննդյան օրվա, ամսվա, տարեթվի հիման վրա, ինչպես նաև ներառում է օժանդակ հերթական եռանիշ համար և ճշգրտող մեկ նիշ.

14 ) անձը հաստատող փաստաթղթեր՝

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիրը, նույնականացման քարտը, զինվորական գրքույկը` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, վերադարձի վկայականը` միայն Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար, ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը հաստատող փաստաթուղթը կամ ժամանակավոր վկայականը, մինչև 16 տարեկան երեխաների համար` անձնագիրը, ծննդյան վկայականը,

բ. փախստական ճանաչված, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,

գ. ապաստան հայցողի համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը,

դ. օտարերկրյա քաղաքացիների համար` օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիրը կամ ճամփորդական փաստաթուղթը (միջազգայնորեն ճանաչված), ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթղթերը` մշտական կացության քարտը, ժամանակավոր կացության քարտը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը: Այն դեպքում, երբ օտարերկրացին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատել է ճամփորդության համար չնախատեսված, սակայն օտարերկրյա պետությունում վավեր անձնագրով (ներքին անձնագրով), ապա Հայաստանի Հանրապետության տարածքում վերջինիս անձը հաստատող փաստաթուղթ է համարվում նաև ներքին անձնագիրը,

ե. քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը, Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթղթերը` մշտական կացության քարտը, ժամանակավոր կացության քարտը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,

զ. ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար` «070» ծածկագրով տպագրված անձնագիրը, ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը.

15) մշտական բնակություն ունեցող անձ՝ սույն օրենքի իմաստով՝ մշտական բնակություն ունեցող է համարվում այն անձը, որը ընթացիկ տարում օրինական հիմքերով Հայաստանի Հանրապետության տարածքում փաստացի գտնվել է 183 և ավելի օր: Մշտական բնակություն ունեցող անձինք են համարվում նաև Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք թեպետ ընթացիկ տարում 183 և ավելի օր փաստացի չեն գտնվել Հայաստանի Հանրապետությունում, սակայն գտնվում են դիվանագիտական ծառայության մեջ օտարերկրյա պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում.

16) բնակչության հաշվառում՝ բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի վերաբերյալ անձնական տվյալների և բնակության վերաբերյալ տվյալների առկայությունը բնակչության պետական ռեգիստրում.

17) հիմնական հասցե՝ այն վայրը, որտեղ բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում և հայտարարում է որպես իր մշտական բնակության վայր.

18) ոչ հիմնական հասցե՝ այն վայրը, որը բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտը հայտարարում է որպես պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից կամ այլ մարմիններից պաշտոնական ծանուցումներ ստանալու հասցե կամ հանրային ծառայություններ մատուցելու հասցե:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։