Հոդված 13. Կենտրոնական բանկի եկամուտները, ծախսերը և կապիտալ ներդրումները
Հոդված 13. Կենտրոնական բանկի եկամուտները, ծախսերը և կապիտալ ներդրումները
1. Կենտրոնական բանկի եկամուտներն են սույն օրենքով սահմանված գործունեության արդյունքում ստացված եկամուտները, այդ թվում`
ա) տրամադրված վարկերի, տեղաբաշխված դեպոզիտների, արժեթղթերի, թղթակցային հաշիվների մնացորդների դիմաց հաշվարկված տոկոսները.
բ) բանկային գործառնությունների իրականացման ընթացքում ստացված բոլոր տեսակի կոմիսիոն վճարները.
գ) Կենտրոնական բանկի գրանցած բանկերից, այլ հաճախորդներից և պայմանագրային պարտավորություններից գանձած տույժերը (այդ թվում` բանկերի կողմից պարտադիր պահուստավորումը սահմանված կարգով չկատարելու համար) ու տուգանքները.
դ) արտարժույթի, թանկարժեք մետաղների և դրամագիտական արժեքների հաշվեկշռային արժեքից բարձր գնով վաճառքից ստացված եկամուտները.
ե) հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքից բարձր գնով իրացումից և պաշարների իրացումից ստացված եկամուտները.
զ) բանկային ծառայությունների իրականացման դիմաց ստացված վճարները.
է) նախկինում դուրս գրված վարկերի, դրանց տոկոսների և անհուսալի դեբիտորական պարտքերի մարման դիմաց ստացված գումարները.
ը) ստացված նվիրատվությունները.
ը.1) ոսկու, հատուկ փոխառության իրավունքների, արտարժույթների և դրանցով արտահայտված արժեքների վերագնահատումից առաջացած գումարները.
ը.2) թանկարժեք մետաղների, հատուկ փոխառության իրավունքների, արտարժույթների և դրանցով արտահայտված արժեքների ձեռքբերումից առաջացած գումարները.
թ) սույն օրենքով նախատեսված գործունեության ընթացքում ստացված այլ մուտքերը:
2. Կենտրոնական բանկն իր եկամուտները պլանավորում է ինքնուրույն: Կենտրոնական բանկի եկամուտները ենթակա չեն հաստատման Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից:
3. Կենտրոնական բանկի ծախսերն են`
ա) գործառնական ծախսերը, դրանք են`
- ներգրավված դեպոզիտների, ստացված վարկերի, թողարկված արժեթղթերի, հաճախորդների հաշիվների մնացորդների դիմաց հաշվարկված տոկոսները,
- թղթադրամի, մետաղադրամի (այդ թվում՝ հուշադրամի) և դրամագիտական արժեքների թողարկման, փոխադրման, պահպանման և ոչնչացման հետ կապված ծախսերը,
- բանկային գործառնությունների իրականացման ընթացքում վճարված բոլոր տեսակի կոմիսիոն և այլ վճարները,
- արտարժույթի, արժեթղթերի, թանկարժեք մետաղների և այլ ակտիվների վերագնահատումից առաջացած կորուստները,
- արտարժույթի, արժեթղթերի, թանկարժեք մետաղների և դրամագիտական արժեքների հաշվեկշռային արժեքից ու առքի գնից ցածր գնով իրացումից առաջացած կորուստները,
- հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և պաշարների վերագնահատման, հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքից ցածր գնով իրացումից, ինչպես նաև պաշարների իրացումից առաջացած ծախսերը,
- ոսկու, հատուկ փոխառության իրավունքների, արտարժույթների և դրանցով արտահայտված արժեքների ձեռքբերումից առաջացած կորուստները.
- անհուսալի վարկերի, դեբիտորական պարտքերի, դրամագիտական արժեքների և այլ ակտիվների ապահովման պահուստների ձևավորման և հաշվեկշռից դուրսգրման հետ կապված ծախսերը,
- հիմնական միջոցների մաշվածքի հետ կապված ծախսերը,
- բանկի գործունեության հետ կապված բոլոր տեսակի ծառայությունների դիմաց վճարները,
- միջազգային պահուստների կառավարման հետ կապված ծախսերը,
- վճարային համակարգերի սպասարկման հետ կապված ծախսերը,
- պետական արտաքին պարտքի սպասարկման գծով ծախսերը,
- Կենտրոնական բանկի այլ ակտիվների` շենքերի, շինությունների, հիմնական միջոցների և պաշարների պահպանման, սպասարկման, շահագործման և ապահովագրման հետ կապված ծախսերը,
- աուդիտի և խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարները,
- Կենտրոնական բանկի առջև դրված նպատակների իրականացման հետ կապված այլ ծախսեր.
բ) վարչական ծախսերը, դրանք են`
- ապարատի պահպանման ծախսերը (աշխատակիցների աշխատավարձ, պարգևատրում, պարտադիր սոցիալական ապահովության վճարների մուծումներ պետական բյուջե, անձնակազմի ուսուցում և վերապատրաստում, գործուղման և ներկայացուցչական ծախսեր, ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախսեր, սոցիալական ապահովության այլ ծախսեր),
- լրատվական տեղեկատվության և մասնագիտական գրականության ձեռքբերման ծախսերը,
- տնտեսական նյութերի և արագամաշ առարկաների դուրսգրման հետ կապված ծախսերը,
- ծառայողական նպատակներով օգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախսերը, - չնախատեսված ծախսերը (ծախսերի պահուստ):
4. Կենտրոնական բանկի կապիտալ ներդրումները ներառում են`
ա) բանկի հիմնական գործունեության ապահովման նպատակով իրականացվող կապիտալ ներդրումները, այն է`
- աշխատանքային շենքերի, շինությունների կառուցում, ձեռքբերում և կապիտալ վերանորոգում.
- համակարգչային տեխնիկայի, գրասենյակային գույքի, կապի միջոցների և բանկի հիմնական գործունեությանն առնչվող այլ հիմնական միջոցների ձեռքբերում և կապիտալ վերանորոգում.
- Կենտրոնական բանկի նպատակների հետ ուղղակիորեն առնչվող իրավաբանական անձանց կապիտալում ներդրումներ,
բ) վարչական նպատակներով իրականացվող կապիտալ ներդրումները`
- Կենտրոնական բանկի աշխատակիցների հանգստի, բուժսպասարկման և կենցաղային պայմանների բարելավման և ապահովման հետ կապված կապիտալ ներդրումներ (նշված նպատակներով շենքերի, շինությունների, սարքերի և սարքավորումների ձեռքբերում և կապիտալ վերանորոգում).
- ծառայողական փոխադրամիջոցների ձեռքբերման և կապիտալ վերանորոգման գծով կապիտալ ներդրումներ.
- ոչ գործառնական նպատակների համար ծառայող հեռահաղորդակցային սարքավորումների և կապի միջոցների ձեռքբերում և կապիտալ վերանորոգում:
(13-րդ հոդվածը խմբ., լրաց. 23.10.01 ՀՕ-243, լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն, 14.12.04 ՀՕ-17-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-44-Ն, 24.10.07 ՀՕ-226-Ն, 13.12.17 ՀՕ-313-Ն)