Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-04-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 28. Ծառայողական գաղտնիքը

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 28. Ծառայողական գաղտնիքը

1. Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները, խորհրդի մյուս անդամները և աշխատակիցները չեն կարող հրապարակել կամ այլ կերպ տարածել ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև օգտագործել նման տեղեկությունները շահադիտական նպատակներով:

2. Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները, խորհրդի մյուս անդամները և աշխատակիցները կարող են, իսկ օրենքով նախատեսված դեպքերում պարտավոր են հայտնել ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ`

ա) Կենտրոնական բանկի նախագահի կամ խորհրդի գրավոր թույլտվությամբ, կամ այն անձի, կամ կազմակերպության համաձայնությամբ, որին այդ տեղեկությունը վերաբերում է, եթե տվյալ գաղտնիքը հանդիսանում է բացառապես տվյալ անձի կամ կազմակերպության իրավունքը կամ արտոնությունը.

բ) օրենքով սահմանված իր պարտավորությունը կամ պարտքը, ներառյալ` դատարանի որոշումը կատարելիս, ինչպես նաև լիազորված այլ մարմինների` իրենց իրավասության սահմաններում ընդունած որոշման հիման վրա.

գ) Կենտրոնական բանկի ներքին աուդիտին և արտաքին աուդիտ իրականացնող կազմակերպությանը` բացառությամբ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված տեղեկությունների.

դ) Կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալների, խորհրդի մյուս անդամի կամ աշխատակցի շահերը դատավարության կամ այլ վարույթի ընթացքում պաշտպանելու նպատակով:

3. Սույն օրենքի իմաստով ծառայողական գաղտնիք են կազմում Կենտրոնական բանկի աշխատակիցներին իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելու կապակցությամբ հայտնի դարձած տեղեկությունները, այդ թվում` Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության իրականացման և ֆինանսական կայունության ապահովման համար նախատեսված կոնկրետ գործիքների կիրառման հնարավորության, ժամկետների և ծրագրերի, ինչպես նաև բանկային վերահսկողության տվյալների վերաբերյալ, բացառությամբ`

ա) հրապարակված կամ այլ կերպ տարածված տեղեկությունների.

բ) բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնց բովանդակությունը, բացահայտման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների ցանկը և գաղտնիության տարբեր աստիճանները, ինչպես նաև դրանց օգտագործման և հրապարակման կարգը:

(28-րդ հոդվածը փոփ. 12.11.15 ՀՕ-133-Ն, փոփ., լրաց. 13.12.17 ՀՕ-313-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։