Հոդված 52. Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները
Հոդված 52. Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները
1. Կենտրոնական բանկը իր հաշվեկշռում արտացոլում է Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները, որոնք կարող են ներառել հետևյալ միջոցները`
ա) ոսկուց և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամներ (այդ թվում՝ հուշադրամներ) և ստանդարտացված ձուլակտորներ.
բ) արտարժույթով արտահայտված թղթադրամ և մետաղադրամ (այդ թվում՝ հուշադրամ), ինչպես նաև օտարերկրյա կենտրոնական բանկերում և օտարերկրյա առաջնակարգ առևտրային բանկերում ցպահանջ և ժամկետային ավանդներ, ավանդային հավաստագրեր, հետադարձ գնման համաձայնագրեր.
գ) այլ պահուստային միջոցներ, ներառյալ` Արժույթի Միջազգային Հիմնադրամի փոխառության հատուկ իրավունքները.
դ) ֆորվարդ, ֆյուչերս, սվոփ և այլ ածանցյալ գործիքներ.
ե) այլ պետությունների, կենտրոնական բանկերի, պետությունների կողմից ուղղակի կամ անուղղակի երաշխավորված գործակալությունների կամ միջազգային ֆինանսական կազմակերպությունների թողարկած ֆիքսված կամ լողացող տոկոսադրույքով պարտատոմսեր, ակտիվներ, հիփոթեքով ապահովված արժեթղթեր:
2. Պահուստային միջոցների տեղաբաշխման առաջնային չափանիշը` տեղաբաշխվող միջոցների անվտանգությունն ու իրացվելիությունն է: Կենտրոնական բանկը միջազգային պահուստները պահպանում է այն մակարդակի վրա, որը համապատասխանում է դրամավարկային քաղաքականության իրականացմանն ու ապահովում է Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների անխոչընդոտ կատարումը:
3. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակը մեկ կառավարությանն է ներկայացնում միջազգային պահուստների վիճակի և կազմի մասին տեղեկատվություն և հրապարակում է այն: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների մակարդակը նվազում է, կամ ըստ Կենտրոնական բանկի, առկա է դրա նվազման այնպիսի միտում, որի հետևանքով կարող է վտանգվել դրամավարկային քաղաքականության իրականացումը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների անխոչընդոտ կատարումը, ապա Կենտրոնական բանկն արտահերթ տեղեկատվություն է ներկայացնում կառավարությանը միջազգային պահուստների վիճակի, դրանց մակարդակի նվազման կամ հնարավոր նվազման պատճառների, ինչպես նաև ստեղծված իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ և այդ մասին տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության վարչապետին և Ազգային Ժողովի նախագահին:
(52-րդ հոդվածը խմբ., փոփ. 25.12.06 ՀՕ-36-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-44-Ն, 13.12.17 ՀՕ-313-Ն)