Հոդված 18. Դրամական փոխանցումների հետ կապված պարտավորությունները
Հոդված 18. Դրամական փոխանցումների հետ կապված պարտավորությունները
1. Ֆինանսական հաստատությունները դրամական փոխանցումներ իրականացնելիս, անկախ հաշվի բացման հանգամանքից, սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով պետք է պարզեն և ստուգեն փոխանցումներ կատարողների ինքնությունը: Ինքնությունը պարզելու և ստուգելու նպատակով պետք է պահանջվեն և պահպանվեն փոխանցում կատարողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
1) անունը, ազգանունը.
2) հաշվի համարը (բացակայության դեպքում՝ փոխանցումն ուղեկցող եզակի հղման համարը).
3) անձը հաստատող փաստաթղթի տվյալները:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը, ներառյալ՝ փոխանցումը կատարողի հաշվի համարը (բացակայության դեպքում՝ փոխանցումն ուղեկցող եզակի հղման համարը) պետք է ներառվեն փոխանցմանն ուղեկցող վճարման հանձնարարականում:
3. Ֆինանսական հաստատությունները պետք է պահպանեն սույն հոդվածով սահմանված և նույնականացման արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվի (բացակայության դեպքում՝ փոխանցումն ուղեկցող եզակի հղման համարի) վերաբերյալ տվյալներն ու գործարար նամակագրությունը` սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում:
4. Հաճախորդի նույնականացման և գործարքի (գործարար հարաբերության) վերաբերյալ տվյալները հարցման դեպքում պետք է տրամադրվեն լիազոր մարմնին:
5. Սույն հոդվածով նախատեսված պարտավորությունները չեն կիրառվում՝
1) ֆինանսական հաստատությունների միջև իրենց անունից կատարվող փոխանցումների նկատմամբ.
2) կրեդիտային կամ դեբետային քարտերով իրականացվող գործարքների նկատմամբ, եթե գործարքի պայմաններում առկա է այդ քարտերի համարների վերաբերյալ տեղեկատվություն:
6. Դրամական փոխանցում իրականացնող հաշվետվություն տրամադրող անձինք պետք է մերժեն՝
1) դրամական փոխանցման ցանկացած պահանջ, եթե բացակայում է սույն հոդվածով սահմանված տեղեկատվությունը.
2) դրամական փոխանցման ստացումը, եթե դրամական փոխանցումը չի պարունակում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով պահանջվող տեղեկատվությունը:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում հաշվետվություն տրամադրող անձը կարող է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված՝ կասկածելի գործարքի մասին հաշվետվություն տրամադրել լիազոր մարմնին: