Հոդված 13. Լիազոր մարմնի և այլ մարմինների փոխհարաբերությունները
Հոդված 13. Լիազոր մարմնի և այլ մարմինների փոխհարաբերությունները
1. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի արդյունավետ իրականացման նպատակով լիազոր մարմինը սույն օրենքով նախատեսված կարգով և սահմաններում համագործակցում է այլ մարմինների, ներառյալ՝ վերահսկող ու քրեական հետապնդման մարմինների հետ՝ կնքելով երկկողմ համաձայնագրեր կամ առանց դրանց:
2. Լիազոր մարմինը, սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով, համագործակցում է վերահսկող մարմինների հետ՝ սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջներին հաշվետվություն տրամադրող անձանց համապատասխանության ապահովման նպատակով:
3. Լիազոր մարմինը քրեական հետապնդման մարմիններին հաղորդում է ուղարկում, եթե հաշվետվություն տրամադրող անձանցից սույն օրենքով սահմանված կարգով ստացված հաշվետվության կամ այլ տեղեկությունների հիման վրա կատարված վերլուծության արդյունքում գալիս է եզրակացության, որ առկա են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հիմնավոր կասկածներ: Հաղորդման հետ միաժամանակ կամ հետագայում, ի լրումն հաղորդման, քրեական հետապնդում իրականացնող մարմնին կարող են ներկայացվել նաև հաղորդման մեջ նշված հանգամանքները հավաստող այլ նյութեր: Հաղորդումը կամ ի լրումն հաղորդման տրամադրված նյութերը կարող են պարունակել օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:
4. Քրեական հետապնդման մարմինների հարցման հիման վրա լիազոր մարմինը տրամադրում է իր տրամադրության տակ առկա, այդ թվում` օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, եթե հարցումը պարունակում է բավարար հիմնավորում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հիմնավոր կասկածի կամ դեպքի վերաբերյալ: Այդպիսի տեղեկությունները տրամադրվում են 10-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ լիազոր մարմնի հիմնավորված կարծիքով անհրաժեշտ չէ ավելի երկար ժամկետ հարցմանը պատասխանելու համար:
5. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված տեղեկությունները պահանջելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձինք, պետական, այդ թվում` վերահսկող և իրավապահ մարմինները, պետք է այդ տեղեկատվությունը լիազոր մարմնին տրամադրեն 10-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ պետական մարմնի հիմնավորված կարծիքով անհրաժեշտ չէ ավելի երկար ժամկետ հարցմանը պատասխանելու համար:
6. Քրեական հետապնդում իրականացնող մարմինները սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հաղորդումների քննարկման, իսկ քրեական գործ հարուցելու դեպքում՝ նաև կատարված նախաքննության արդյունքում ընդունված որոշումների մասին տեղեկացնում են լիազոր մարմնին՝ որոշումն ընդունելուց հետո` 10-օրյա ժամկետում:
7. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում պետական մարմինները պետք է ամփոփեն և լիազոր մարմնի սահմանած կարգով, ձևով և ժամկետներում լիազոր մարմնին տրամադրեն պարբերական վիճակագրություն, որը պետք է ներառի՝
1) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով հարուցված քրեական գործերի, դրանց հետ կապված այլ հանցագործությունների թիվը և նկարագրությունը.
2) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով քրեական գործերի քննության ընթացքում կալանքի տակ գտնվող գույքի արժեքը՝ ըստ առանձին գործերի.
3) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով հարուցված այն քրեական գործերի թիվը, որոնցով քրեական հետապնդումը դադարեցվել է, ինչպես նաև դադարեցման պատճառները.
4) դատական քննության փուլում գտնվող փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով քրեական գործերի թիվը և նկարագրությունը.
5) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով քրեական գործերի, դրանց հետ կապված այլ հանցագործությունների կապակցությամբ կայացված դատավճիռների (մեղադրական և արդարացման) թիվը, կիրառված պատիժները, ինչպես նաև բռնագրավված գույքի արժեքը.
6) լիազոր մարմնի կողմից չլիցենզավորվող հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության խախտման դեպքերում կիրառված պատասխանատվության միջոցները: